ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ



     Ազգային անվտանգության հայեցակարգի առանցքային բաղադրամասը պետության որդեգրած պաշտպանական քաղաքականությունն է: Հայաստանում ցայսօր չի մշակվել, մանրազնին վերլուծության բովով չի անցկացվել եւ կիրառության մեջ չի դրվել երկրի անվտանգության պահանջներին համապատասխանող պաշտպանական քաղաքականություն: Մեր խորին համոզմամբ՝ 1991-2001 թթ. Հայաստանում պետական շինարարության մեջ իշխանությունների խոշոր ձախողումները մեծապես պայմանավորված էին երկարաժամկետ սպառնալիքների հաշվառման վրա հիմնված ռազմական քաղաքականություն չունենալու հանգամանքով:
     Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պետք է ընկած լինի անվտանգության ապահովումը բոլոր չորս ուղղություններով՝ հյուսիսային (վրացական), հարավային (պարսկական), արեւմտյան (թուրքական) եւ արեւելյան ու հարավարեւմտյան (ադըրբեջանական ու նախիջեւանյան): Սակայն այսօրվա (եւ կանխատեսելի ապագայի) դրությամբ, Իրանն ու Վրաստանը Հայաստանին չեն սպառնում, մինչդեռ ադրբեջանական-թուրքական վտանգն առավել քան իրական է:
- Էջ 69 -

Վրացական եւ պարսկական ճակատներ

     Այսուհանդերձ, ինչպես վրացական, այնպես էլ պարսկական ճակատի ամուր պաշտպանվածության ապահովումն անհրաժեշտ է: Նախ՝ թուրքական կամ ադրբեջանական զորքերը կարող են օգտագործել սահմանային այդ հատվածները (հատկապես վրացականը) Հայաստան ներխուժելու համար: Բացի այդ, որքան էլ դա անցանկալի է, վրացական ճակատում չեն բացառվում Ջավախքի հայության պաշտպանության նպատակով ձեռնարկված ինչ-ինչ գործողություններ: Իսկ պարսկական ճակատում ապագայում կարող են խնդիրներ առաջանալ Իրանական Ազերբեյջանում ապրող թրքախոս հոծ բնակչության հետ՝ Իրանի կենտրոնական իշխանության հանդեպ վերջինիս հնարավոր ընդվզումների պարագայում:

Ադրբեջանական ճակատ

     ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են ընդգծել Ադրբեջանի սանձազերծելիք հնարավոր պատերազմի սպառնալիքը: Այդ իրավացի տեսակետի հիմնական դրույթներն այսպես են շարադրված, օրինակ, ՀՀ պաշտպանության փոխնախարարի ելույթում.
     «Հայաստանի անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքն այսօր եւ տեսանելի հեռանկարում միանշանակ կարելի է համարել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ ուղղված ռազմական ագրեսիայի իրական սպառնալիքը: Այն պահին, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնի, որ ռազմական գերազանցություն ունի Հայաստանի նկատմամբ, պատերազմը կդառնա անխուսափելի: Այն ուղղված կլինի ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի դեմ, որովհետեւ ադրբեջանական ղեկավարությունն այն կարծիքին է, որ առանց Հայաստանի ռազմական պարտության, Ղարաբաղի բռնակցումն անհնար է»1:
     Հայաստանը պետք է մշտապես ի զորու լինի միայնակ ռազմական ջախջախիչ պարտության մատնել Ադրբեջանին: Հայ-ադըր-
- Էջ 70 -

բեջանական հավանական պատերազմում կամ պատերազմներում երկու հանգամանք քիչ հավանական է դարձնում Ռուսաստանի ուղղակի միջամտությունը հօգուտ Հայաստանի: Նախ՝ Ադրբեջանը եւս Անկախ Պետությունների Համագործակցության անդամ է ու, հետեւաբար, այդպիսի միջամտությունը վերջնականապես կվարկաբեկի Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունեցող միջպետական այս կառույցը եւ կքայքայի նրա կենսունակությունը: Սակայն ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանին դիմակայելու անընդունակ Հայաստանը պարզապես անարժեք կլինի Ռուսաստանի համար՝ որպես ռազմավարական դաշնակից: Հայաստանի տկարանալուն զուգահեռ թուլանալու է նաեւ Ռուսաստանի (ինչպես նաեւ Իրանի, Չինաստանի եւ մի շարք այլ պետությունների) շահագրգռվածությունը՝ սատարելու Հայաստանի զորությանն ու անվտանգությանը: Եվ ճիշտ հակառակը. որքան ավելի ռազմականապես զորեղ լինի Հայաստանը, այնքան ավելի Ռուսաստանն ու բարեկամական մյուս պետությունները պատրաստ կլինեն սատարել մեզ: Տեսանելի ապագայում Հայաստանի ռազմավարական արժեքի որոշիչը լինելու է նրա՝ Ադրբեջանին ինքնուրույնաբար դիմագրավելու կարողությունը: Ուստի՝ ադրբեջանական ճակատում Հայաստանն առհասարակ չպետք է հույս կապի Ռուսաստանի տրամա-դրելիք օգնության հետ: Ասվածը, բնականաբար, չի նշանակում, որ Հայաստանը չպետք է աշխատի Ռուսաստանից այդպիսի օգնություն ստանալ:

Թուրքական ճակատ

     Ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի համար խիստ վտանգավոր մյուս ճակատին: Հայաստանում ազգային անվտանգության ոլորտի թերամշակ լինելու ամենալուրջ հետեւանքն այն է, որ նույնիսկ կառավարական մակարդակում բացակայում է պատրաստվածությունը «ամենավատ օրվան»՝ Թուրքիայի հնարավոր ներխուժմանը:

- Էջ 71 -


     Ճիշտ է, միջազգային արդի դրության մի շարք հանգամանքներ առայժմ խիստ նվազեցնում են թուրքական ներխուժման հավանականությունը: Այդ հանգամանքներից են՝
     ա) հայ-ռուսական ռազմական դաշինքի առկայությունը.
     բ) Թուրքիայի ներքին եւ արտաքին ծանր խնդիրները (տնտեսական ճգնաժամը, քրդերի քաղաքական-մշակութային պահանջները, Կիպրոսի հյուսիսային մասի շարունակվող բռնազավթումից առաջացող միջազգային բարդությունները, Հունաստանի եւ Սիրիայի հետ խիստ լարված հարաբերությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ այլն).
     գ) Հայաստան ներխուժելու դեպքում Թուրքիան կանգնելու է միջազգային կազմակերպությունների եւ մի շարք պետությունների դատապարտման՝ ներառյալ դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական ճնշումների ենթարկվելու վտանգի առջեւ: Հատկապես խիստ կլինեն Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եվրոպական Միության, գուցե նաեւ ԱՄՆ-ի քննադատությունն ու հակազդեցությունը: Իր դերը կխաղա նաեւ հայկական սփյուռքը:
     Այսպիսով՝ առայժմ, աշխարհաքաղաքական ներկա պայմաններում, Թուրքիան հազիվ թե ընդունի Հայաստան ներխուժելու եւ այդ քայլով մի լրացուցիչ միջազգային գլխացավանք ձեռքբերելու որոշում: Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանը քայքայելու եւ կործանելու իր ծրագրերը Թուրքիան մինչեւ այսօր փորձել է իրականացնել ո՛չ թե բացահայտ հարձակման դիմելով, այլ Ադրբեջանի ձեռքերով ու շրջափակման միջոցով:
     Սակայն վերն ասվածից ամենեւին չի հետեւում, թե Հայաստանի թուրքական ճակատի անվտանգությունն այլեւս չպետք է մեզ անհանգստացնի: Թուրքական ներխուժման առջեւ վերը նշված արգելքները բացարձակ ու հավերժական համարվել չեն կարող: Միջազգային եւ տարածաշրջանային հնարավոր նշանակալի տեղաշարժերի դեպքում Թուրքիայի իշխանությունները կարող են նոր հաշվարկներ կատարել եւ եզրակացնել, որ, մի կողմից, Հայաստանի վերջնական ջախջախումն ավելի կարեւոր է միջազգային անցողիկ դատապարտումից, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ կամ «սահմանափակ» ագրեսիան ռազմական տեսակետից արագ ու

- Էջ 72 -

հեշտ իրականանալի ձեռնարկ է լինելու, ինչպիսին էր, օրինակ, 1990 թ. Քուվեյթի զավթումը Իրաքի կողմից: Թուրքական այդպիսի հաշվարկները նկատի են ունենալու մասնավորապես այն, որ Հայաստանի կործանման դեպքում Թուրքիայի ազդեցությունը Կովկասում, Միջին եւ Առաջավոր Ասիայում կբազմապատկվի:

Հիմունքներ
Հայաստանի պաշտպանական հայեցակարգի

     Արդ՝ վերոշարադրյալից հետեւում է, որ Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում ընկած պետք է լինի երկու պայմանի ապահովում.
     ա) Հայաստանի՝ Ադրբեջանին ռազմականապես դիմագրավելու ինքնուրույն կարողություն.
     բ) թուրքական վտանգը չեզոքացնող ռազմաքաղաքական դաշինք որեւէ գերհզոր տերության կամ պետությունների խմբակցության հետ: Կանխատեսելի ապագայում այդպիսի դեր կարող է կատարել միայն Ռուսաստանը: Նմանատիպ հովանավորությունը նշանակում է նաեւ Հայաստանի կախվածություն Ռուսաստանից եւ անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունների որոշակի սղում, սակայն այս խնդիրը չպետք է մեզ չափից դուրս հուզի: Ցավոք, Հայաստանն առայժմ ի վիճակի չէ միայնակ ապահովելու իր թուրքական ճակատի անվտանգությունը, ուստի այն դեռեւս չի կարող հետեւել աշխարհառազմավարական առումով նմանատիպ ծանր կացության մեջ գտնվող Իսրայելի օրինակին, որի պաշտպանական դոկտրինան մերժում է հույսը որեւէ տերության խոստացած երաշխիքների վրա դնելը եւ հիմնված է բացառապես սեփական կարողությունների վրա2 (թեեւ Հայաստանի ռազմական քաղաքականության զարգացման նպատակը պետք է հե՛նց այդպիսին լինի):
     Ընդսմին, եթե Հայաստանը կորցնի Ադրբեջանին ռազմականապես միայնակ դիմագրավելու իր կարողությունը, նրա ռազմավարական արժեքը Ռուսաստանի համար նույնպես կվերանա. ռու-

- Էջ 73 -

սական զորքերի հեռանալը Հայաստանից այլեւս ժամանակի հարց կլինի:
     Հայաստանի պաշտպանական հայեցակարգի առաջին պահանջ-կետը՝ Ադրբեջանին ինքնուրույնաբար դիմագրավելու կարողության պահպանումը, օբյեկտիվորեն նախատեսում է Արցախում հայկական իշխանության եւ բանակի մշտական առկայություն ու որեւէ այլ ռազմական ուժի բացակայություն:
     Հայաստանն անդամ է ռազմական անվտանգության բնագավառում երեք կարեւոր կառույցների՝ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության համակարգին, ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին եւ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին (ԵՍՍՊ): Այդուհանդերձ՝ Հայաստանի աշխարհառազմավարական շրջադրությունն այնպիսին է, որ մասնակցությունն այդ կառույցներին եւ դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումներին չի տալիս նրան անվտանգության ծանրակշիռ երաշխիքներ: Մասնավորապես, դժվար է պատկերացնել, որ եթե այսօր Հայաստանը հարձակման ենթարկվի Թուրքիայի կողմից, ապա մեխանիկորեն, ինչպես եւ նախատեսված է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրով, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը կամ Ուզբեկստանը պատերազմ կհայտարարեն Թուրքիային:
     ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագիրն առհասարակ չի պարունակում անվտանգության երաշխիքներ ոչ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար: Սա առավելապես խորհրդանշական ծրագիր է, որն այժմ, սակայն, օգտագործվում է ԱՊՀ անդամ պետությունների զինվորականությանը հնարավորին չափ ՆԱՏՕ-ին մերձեցնելու նպատակով:
     ԵՍՍՊ-ն, որը հստակ սահմանափակումներ է դնում անդամ-պետությունների սպառազինությունների եւ զորքերի ընդհանուր քանակի վրա, դեռեւս չի ցուցադրել խախտող պետություններին պատժելու իր ունակությունը3: Ավելին՝ մինչդեռ Հայաստանն ամբողջությամբ կիրառում է ԵՍՍՊ սահմանափակումներն ու վերահսկումները, Թուրքիայի տարածքի 39-րդ հորիզոնականից հարավ ընկած մեծ հատվածը, որ սահմանակից է Հայաստանին, չի մտնում այդ պայմանագրով նախատեսված կրճատումների եւ վերահսկում-

- Էջ 74 -

ների մեջ4: Սա արտառոց եւ ծանր պայման է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ Իրանը, որը սահմանակից է Հայաստանին, ընդհանրապես ԵՍՍՊ անդամ չէ: Թեեւ ներկայումս Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, եւ իրանական ներխուժման վտանգ գոյություն չունի, սակայն հայ-իրանական սահմանի ամուր պաշտպանվածությունը, ինչպես վերը նշվել է, պետք է լինի Հայաստանի ռազմական քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը:
     Հայաստանը կնքել է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ պայմանագրեր նաեւ Թուրքիայի ավանդական հակառակորդ երկու պետությունների՝ Սիրիայի (օգոստոս, 2001թ.) եւ Կիպրոսի (փետրվար, 2002թ.) հետ, սակայն այդ պայմանագրերը չեն նախատեսում օգնության գալու փոխադարձ պարտավորություններ՝ կողմերից որեւէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում:
     1990-ական թթ. երկրորդ կեսից Թուրքիայի որդեգրած ռազմական նոր հայեցակարգը եւս գալիս է ընդգծելու Հայաստանի համար թուրքական վտանգի իրական լինելը:

Թուրքիայի ռազմական նոր հայեցակարգը

     Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Թուրքիայի ռազմական հայեցակարգն ուներ հիմնականում պաշտպանական բնույթ եւ կառուցված էր սովորական սպառազինություններով վարվելիք պատերազմում ուժերի հաշվարկների վրա: Միջուկային զենքի կիրառման հետ կապված հարցերը վերապահված էին ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին: Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ում բանավիճում էին այն մասին, թե խորհրդային եւ Վարշավայի պայմանագրի բանակների հարձակման դեպքում թուրքական զորքերը որքա՞ն տարածք կկարողանան պահպանել՝ մինչեւ դաշնակից ուժերն անցնեն հակագրոհի: Թուրք զինվորականները հույս ունեին դիմագրավել հակառակորդին սահմանին եւ այնուհետեւ կազմակերպված նահանջել: Ամերիկյան ծրագրավորողները պակաս լավատես էին. 1950-ական թթ. վերջի հաշվարկներով՝ թուրքերն արագ շպրտվելու էին մինչեւ

- Էջ 75 -

Միջերկրական ծով՝ Իսկենդերունի շրջանը: Թեեւ այս հաշվարկները ժամանակի հետ փոփոխվում էին, 1990 թ. թուրքական գլխավոր շտաբը տակավին անվտանգության հիմնական խնդիր էր համարում երկրի տարածքի բազմաճակատ պաշտպանությունը5:
     1990-ական թթ. առաջին կեսին այս մտայնությունը դեռ չէր վերանայվել: 1997 թ. թուրք ռազմական մեկնաբանները, հիմնվելով Ռուսաստանի, Հունաստանի, Իրաքի, Իրանի եւ Սիրիայի՝ կռվի դաշտ սովորական ուժեր հանելու կարողությունների վրա եւ նրանց վերագրելով տարածքային նկրտումներ՝ այդ պետությունները համարում էին անվտանգության գլխավոր սպառնալիքներ6: ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղն իր «Երկուսուկես պատերազմի ռազմավարություն» հայտնի հոդվածում, արտահայտելով ռազմական գերատեսչության տեսակետները, ընդգծում էր, որ Թուրքիան պետք է ծրագրի եւ պատրաստ լինի խոշորամասշտաբ պատերազմ մղել միաժամանակ երկու տարբեր ճակատներով (օրինակ՝ Սիրիայի եւ Հունաստանի դեմ) ու մեկ ներքին պատերազմ՝ քրդական ապստամբության դեմ7:
     Այս հայեցակարգով թուրքական զինված ուժերը պետք է կազմակերպվեին, մարզվեին եւ սպառազինվեին՝ ունենալով երկու հիմնական խնդիր. ա) Թուրքիայի ցամաքային եւ օդային ուժերը պետք է կարողանային կասեցնել զրահատանկային հուժկու ներխուժումներն արեւելքից (ԽՍՀՄ/Ռուսաստան) ու հարավից (Սիրիա, Իրաք), ապա անցնեին խոր էշելոնային պաշտպանության: բ) Բանակը եւ ներքին զորքերը (ժանդարմերիան) պետք է պատրաստ լինեին վարելու հակապարտիզանական պատերազմ՝ հենվելով ամրացված շրջանների եւ արագ արձագանքման շարժուն ուժերի վրա: Նավատորմին վերապահված էր Բոսֆորի նեղուցի հսկողությունը: Այսպիսով, զինված ուժերից պահանջվում էր մարտավարական շարժունություն, մինչդեռ ռազմավարական շարժունությունը եւ թշնամու խորքը հարվածելու կարողությունը պակաս կարեւոր էին համարվում, քանզի ակնկալվում էր, որ պատերազմն ընթանալու է Թուրքիայի տարածքում8:
     Մինչեւ վերջերս Թուրքիայի զինվորականությունը, հավատարիմ մնալով Քեմալ Աթաթուրքի առաջադրած այն տեսակետին, ըստ որի՝ Թուրքիայի ճակատագիրը կապված է միմիայն Արեւմուտ-

- Էջ 76 -

քի հետ, մահմեդական արեւելքում ազդեցությունը մեծացնելու փորձերը գնահատում էր իբրեւ իսլամականների հետադիմական ձգտումներ, որոնք կարող են վտանգել երկրի արեւմտամետ ուղին: Սակայն 1999 թ. սկզբին պաշտպանության նախարարությունը հրապարակեց «Սպիտակ տետրակ. պաշտպանություն 1998» պաշտոնական տեղեկագիրքը, որում, շեղվելով արտաքին քաղաքականության յոթանասնամյա ավանդույթից, Թուրքիան դիտվում է արդեն իբրեւ «եվրասիական երկիր», որը «պարտավոր է պահպանել ու ընդլայնել կապերը եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Արեւելքի հետ»9: Տեղեկագիրքը շարադրում է նաեւ Թուրքիայի ռազմական քաղաքականու-թյան պաշտոնական գլխավոր սկզբունքները.
     (1) Զսպում (deterrence). ռազմական այնպիսի ուժի պահպանում, որն ի զորու է սաստել արտաքին եւ ներքին սպառնալիքներ հարուցողներին.
     (2) Կոլեկտիվ անվտանգություն. գործուն մասնակցություն միջազգային եւ տարածաշրջանային դաշինքների եւ կազմակերպությունների աշխատանքներին՝ հատկապես ՆԱՏՕ-ի եւ Արեւմտաեվրոպական միության շրջանակներում.
     (3) Առաջ մղված պաշտպանություն (forward defense). հնարավոր զավթողականության (ագրեսիայի) բովանդակությունն առավել վաղ հայտնաբերելու եւ այն դրսից կանխելու կարողություն.
     (4) «Խաղաղարարություն». Հակամարտություններին միջամտելու եւ խաղաղարար գործողություններին մասնակցելու կարողություն10:
     Այս դրույթներին պետք է ավելացնել նաեւ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուսեին Կիվրիկօղլուի՝ «նախահարձակ ճակատամարտի» (forward engagement) դրույթը, ըստ որի՝ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն կանխելու Թուրքիայի շահերի դեմ եղած սպառնալիքները՝ մինչեւ դրանց Թուրքիայի սահմաններից ներս թափանցելը11: Կիվրիկօղլուի միտքը պարզաբանված է «Սպիտակ գրքում».
     «2000-ական թթ. ընդհանուր օպերատիվ հայեցակարգով պահանջվում է վերահսկելի դարձնել այն շրջանը, որտեղ գտնվում է ագրեսորը եւ նրան պարտության մատնել իր խոր թիկունքում ու ռազմադաշտի մատույցներում: Այդ նպատակին

- Էջ 77 -

հասնելու համար կարեւոր են գերակշիռ կրակային ուժով եւ զորաշարժային (մանյովրային) կարողություններով զորքեր ունենալը, ագրեսորի ամենաթույլ տեղի ճշտումը, նշանակետերի ճանաչումն ու հայտնաբերումը, նախազգուշացման համակարգերի, զորքերի ղեկավարման, էլեկտրոնային պատերազմի եւ կապի ու տեղեկատվական համակարգերի համադրված եւ արդյունավետ կիրառումը»12:
     Այսպիսով՝ անգամ պաշտոնական փաստաթղթերում թուրքական հրամանատարությունը ծրագրում է ապագա պատերազմները մղել Թուրքիայի սահմաններից դուրս: ԱՄՆ-ի բանակի հեղինակավոր «Փարամիթըրզ» հանդեսում վերլուծելով այս նյութերը՝ նույն եզրակացությանն է հանգում թուրքական զինվորականության հարցերով մասնագիտացած մի հեղինակ. «Անկարան ընդունել է գործողությունների այնպիսի մի հայեցակարգ, որով զինվորականությունը ձգտելու է վերացնել Թուրքիայի դեմ սպառնալիքները նրա ինքնիշխան տարածքից դուրս: Թուրքական զինված ուժերը ոչ միայն ընդունակ են, այլեւ ցանկանում են գործել իրենց սահմաններից դուրս»13:
     Այս նպատակին են ուղղված նաեւ թուրքական զինված ուժերի վերազինման չափազանց հավակնոտ ծրագրերը14: Դեռեւս 1998 թ. օգոստոսին, մինչեւ գլխավոր շտաբի պետ նշանակվելը, Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիվրիկօղլուն, շեշտելով, որ «զորքերի արագ ծավալումը հեռավոր շրջաններում կենսական նշանակություն ունի այն ռիսկերի եւ պատասխանա-տվությունների համար, որ մենք հնարավոր է՝ ստանձնենք», այնուհետեւ շարադրեց արդիականացման մի ծրագիր, որը Թուրքիային պետք է ընձեռեր համատեղ գործողությունների ռազմավարական շարժունություն եւ երկրի սահմաններից դուրս հարված հասցնելու կարողություն15: Այդ ծրագրի իրականացումը, գեներալ Կիվրիկօղլուի հավաստմամբ, կբերի նրան, որ թուրքական բանակը կունենա «այնպիսի զենքերի համակարգեր, որոնք առավելություն կհաստատեն թշնամու վրա՝ նրա տարածքի խորը թիկունքում, կկիրառեն «խելացի» զինամթերք՝ ներառյալ «երկիր-երկիր» հեռահար հրթիռներ՝ ապահովելով կրակակետերի շարունակական ու լուրջ քողարկումը: Բանակը նաեւ կունենա նորագույն զրահով պատված

- Էջ 78 -

արդիական տանկեր եւ արդյունավետ հակատանկային զենքերի համակարգեր, դրանց կից հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ դեսանտային զորքեր տեղափոխող ուղղաթիռներ... Տեղեկատվության հավաքման համակարգերը հնարավորություն կտան ստորաբաժանումներին բոլոր մակարդակներում հայտնաբերել, ճշտորոշել եւ ճանաչել թշնամուն իրենց կարողության շառավիղի մեջ»16:
     Դատելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի մի ելույթում բերած փաստերից եւ գնահատականներից՝ հայկական բանակի հրամանատարությունը՝ թուրքական ռազմական հայեցակարգի դրույթների մասին ունի լրացուցիչ սեփական տեղեկատվություն.
     «[Ադրբեջանից բացի] լուրջ սպառնալիք է շարունակում ներկայացնել եւ Թուրքիան: Վերջին՝ 1998թ. խմբագրությամբ ընդունված «Ազգային ռազմական հայեցակարգում» Հայաստանը դիտվում է որպես Հունաստանից հետո թվով երկրորդ հավանական հակառակորդը: Թուրք ռազմագետների կողմից Հայաստանի ներկա իշխանությունները դիտվում են իբրեւ «ծայրահեղ ազգայնական ուժեր»: Ավելին, Թուրքիան արդեն իսկ ուղղակիորեն ներքաշված է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Նա իր վրա է վերցրել Ադրբեջանի զինված ուժերի վերակառուցման, մարտական կարողությունների բարձրացման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խնդիրները»17:
     Ի մի բերենք: Թուրքիայի ռազմավարական մտածողությունն այնպիսի վերափոխություն է ապրել, որ անգամ թուրք եւ ամերիկացի վերլուծաբանները խոսում են «նոր (նեո) օսմանյան օրակարգի» հաստատման մասին18: Կենտրոնական Ասիայից մինչեւ Բալկաններ գերիշխան դեր ստանձնելու իր նոր օսմանյան դիրքորոշումներով Թուրքիան առավել վտանգավոր է դարձել իր հարեւանների եւ առավել անկանխատեսելի՝ իր դաշնակիցների համար: Իրապաշտությունը պահանջում է ընդունել, որ, ինչպես նախկինում, այսօր եւս Թուրքիան սպառնում է Հայաստանի բուն գոյությանը:

- Էջ 79 -

Հայ-թուրք/ադրբեջանական առեւտրատնտեսական
հարաբերությունները եւ Հայաստանի անվտանգությունը

     Ըստ երեւույթին, Հայաստանի որոշ նախկին ղեկավար դեմքեր, հատկապես ՀՀ առաջին նախագահը, այն կարծիքին էին, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական աշխույժ հարաբերությունների հաստատումով Հայաստանը մեկընդմիշտ կլուծի իր ազգային անվտանգության ցավոտ խնդիրները: Սա միամիտ ու սխալ տեսակետ է:
     1890-1914 թթ. հայ-թուրքական եւ հայ-թաթարական (ադրբեջանական) առեւտրատնտեսական հարաբերությունները չափազանց սերտ էին ու աշխույժ, սակայն դա չկանխեց հայոց ցեղասպանությունը: Մինչեւ 1990 թ. Քուվեյթի եւ Իրաքի առեւտրատնտեսական, ֆինանսական, ինչպես նաեւ քաղաքական հարաբերությունները փայլուն էին, սակայն դա չկանխեց Իրաքի ներխուժումը Քուվեյթ: Մինչեւ 1988 թ. Հայաստանն ու Ադրբեջանը համագործակցում էին տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում, սակայն դա արգելք չեղավ Ղարաբաղյան հակամարտության բռնկման համար: Առեւտրատնտեսական սերտ հարաբերությունները ինքնըստինքյան ռազմավարական շահերի ներդաշնակության չեն հանգեցնում, այլ երբեմն իրենք են հակամարտությունների պատճառ դառնում: Արեւմտյան հակամարտաբանները (կոնֆլիկտոլոգները) վաղուց են նկատել, որ փոխադարձորեն կախյալ տնտեսական համակարգերը շատ ավելի են հակված հակամարտության, քան միմյանցից անկախ տնտեսական համակարգերը: Հատուկ ընդգծվել է այն փաստը, որ սառը պատերազմի տարիներին հնարավոր եղավ խուսափել իսկական պատերազմից նաեւ շնորհիվ այն հանգամանքի, որ սոցիալիստական եւ կապիտալիստական ճամբարների տնտեսական համակարգերը գոյատեւում էին ինքնաբավ եւ միմյանցից անկախ ռեժիմներում: Բացի այդ, հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերություններում հնարավոր դրական զարգացումները երբեք չեն կարող լցնել ցեղասպանության օրինածին արդյունքը՝ երկկողմանի անվստահության անդունդը19:
     Սրանով ամենեւին չենք ուզում ասել, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունները

- Էջ 80 -

ցանկալի չեն20: Դրանք ցանկալի են Հայաստանի տնտեսության բնականոն զարգացման համար (եթե, իհարկե, երաշխավորվի նաեւ համագործակցության իրավահասարությունն ու փոխշահավետությունը): Պարզապես՝ այդ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանի անվտանգության ապահովումը տարբեր բաներ են: Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի այլ միջոցներով:
     Հայաստանի սոցիալական-տնտեսական գլխավոր խնդիրը կայուն աշխատատեղերի ստեղծումն է: Հայաստանի ներքին շուկան բավական փոքր է տեղական արտադրանքի իրացման համար, հետեւաբար անհրաժեշտ է ունենալ իրացման կայուն արտաքին շուկաներ: Ցավոք, հարեւան երկրներից երեքի հետ այդպիսի ծավալի եւ որակի առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատել հնարավոր չէ. Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղյան խնդրի, Թուրքիայի հետ՝ նրա հակահայկական ռազմավարական հաստատուն ուղեգծի, Վրաստանի հետ՝ նրա տկարության ու մասնատվածության պատճառով: Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Հայաստանի հետ բարիդրացիական առեւտրատնտեսական կապեր հաստատելուց, նրա դաշնակից Թուրքիան՝ նույնպես: Սակայն, եթե մի օր Թուրքիան որոշի բացել Հայաստանի հետ իր սահմանը, ապա, մեր համոզմամբ, միայն նրա համար, որպեսզի այս անգամ արդեն տնտեսապես գաղութացնի Հայաստանը:
     Իրատեսական չէ նաեւ հույսը զարգացած աշխարհի՝ հեռավոր Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաների գրավման վրա դնելը, թեեւ պետք է շարունակաբար ավելացնել այդ ուղղությամբ կատարվող փոքրածավալ արտահանումները: Հետեւաբար, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի համար կայուն արտաքին շուկա կարող են լինել հարեւան (ու բարեկա՛մ) 70 միլիոնանոց Իրանը, արաբական աշխարհը եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Միջին Ասիան: Ընդ որում՝ միջինասիական եւ արաբական շուկան Հայաստանի համար հասանելի է դարձյալ Իրանի տարածքով:

- Էջ 81 -

Թուրքական ներխուժման դեմ ամենամեծ արգելքը

     Առանձին խոսենք թուրքական ներխուժման դեմ եղած ամենամեծ արգելքի՝ հայ-ռուսական ռազմական դաշինքի մասին:
     Նախ՝ մի քանի փաստ: 2001-02 թթ. դրությամբ թուրքական զինված ուժերի կազմում կար 515,100 զինծառայող (ներառյալ 391,000 ժամկետային ծառայության զորակոչվածները)21: Ընդ որում՝ թուրքական զորքերի քանակը մեծ է հատկապես Հայաստանին սահմանակից շրջաններում. 2000 թ. վերջի տվյալներով՝ Թուրքիայի՝ այսպես կոչված «արտակարգ իրադրության» տարածքում (այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում ու Քրդստանում) տեղակայված էին 220 հազար թուրք զինվոր եւ գյուղական ջոկատների մեջ միավորված 62.000 զինյալ22: Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի բանակում (2001-02 թթ. դրությամբ) կար 72.100 զինծառայող23 (այլ հարց է, որ Ադրբեջանի բանակը դեռեւս բավական ծանր վիճակում է)24:
     Համեմատության կարգով նկատենք, որ նույն 2001-02 թթ. դրությամբ Հայաստանի բանակում կար 42.060 զինծառայող (ներառյալ 33.100 ժամկետային ծառայության զորակոչվածները), իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակում՝ 18.000 զինծառայող25: Այսինքն՝ Հայկական բանակի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 60.000 զինծառայող: Բացի այդ, Հայաստանում տեղակայված է ռուսական մեկ բրիգադ (4,300 զինծառայող, 74 տանկ, 158 զրահամեքենա, 84 հրետանային համակարգ), Ս-300 հակաօդային հրթիռների եւ ՄԻ-29 կործանիչների սահմնափակ խմբաքանակ26: 2001 թ. այս ուժերի մի մասը մտցվեց հայ-ռուսական նոր ստեղծված համատեղ խմբավորման մեջ: 2002 թ. վերջին Ռուսաստանը համալրեց յումրիի ռազմակայանի իր ուժերը Վրաստանից դուրս բերվող որոշ (հիմնականում՝ կապի) ստորաբաժանումներով եւ զինտեխնիկայով27: Այդուամենայնիվ, ռուսական այս ուժերը չափազանց փոքրաթիվ են՝ Հայաստանը Թուրքիայի հարձակումից ապահովող «վահանի» դեր կատարելու համար: Զուտ ռազմական տեսակետից՝ Հայաստանում ռուսական մեկ բրիգադի եւ մյուս զորատեսակների գտնվելն ունի առավելապես խորհըրդանշական նշանակություն, այսինքն՝ այդ փոքրաթիվ զորքը

- Էջ 82 -

մի խոստում-գրավական է առ այն, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը լրացուցիչ ուժեր կհատկացնի Հայաստանի պաշտպանությանը:
     Սակայն անհրաժեշտ պահին Մոսկվայի խոստացած օգնությունը Հայաստանին կարող է ի չիք լինել ներքին կամ արտաքին ինչ-ինչ արտակարգ զարգացումների բերումով: Նման հավանական զարգացումներից կարելի է հիշել Ռուսաստանի ներսում հնարավոր հեղափոխական վայրիվերումների առաջացումը, որը կարող է կարճ կամ երկար ժամանակով կաթվածահար անել Կրեմլի պետական մեքենան: Նույն արդյունքի կարող են բերել թուրքական, ադրբեջանական եւ ամերիկյան քաղաքական ճնշումներն ու քաղաքական-տնտեսական «կաշառքները»28:
     Ավելին, ներկայումս Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր դրությունը տակավին ծանր է: Նախագահ Վ. Պուտինի ձեռնարկած միջոցառումները որոշակիորեն բարելավել են դրությունը, սակայն ոչ բավարարաչափ: Մինչ այդ լավատեղյակ ռուս մեկնաբանները համեմատում էին ռուսական զինուժի դրությունը 1941 թ. աշնան աղետալի իրավիճակի հետ եւ նախազգուշացնում, որ արմատական բարելավումներ չանելու դեպքում առաջիկա տարիներին բանը կարող է հասնել ռուսական բանակի անվերահսկելի եւ կատարյալ քայքայմանը29: 1999 թ. սեպտեմբերին Չեչնիայի դեմ Ռուսաստանի սկսած նոր պատերազմը եւս ցուցադրեց նախկինում հզորագույն ուժի գահավեժ քայքայումը, երբ Չեչնիայում կռվում էին Ռուսաստանի տարբեր վայրերից հավաքված լավագույն զորամասերը (նույնիսկ՝ բոլորովին այլ խնդիրներ լուծելու կոչված Հյուսիսային նավատորմի ծովային հետեւակը), ռուսաստանցի զինվորները գերազանցում էին չեչեն գրոհայիններին մոտավորապես 10-ը 1 մարդու դիմաց հարաբերակցությամբ, ռուսներն ունեին վիթխարի կրակային ուժ՝ տանկեր, զրահամեքենաներ, հրետանի: Ռուսական ռազմական օդուժը չորս ամսվա ընթացքում կատարեց շուրջ 6.000 մարտական թռիչք, երբ չեչենները չունեին գեթ մեկ ինքնաթիռ: Եվ այդ ամենից հետո՝ ռուսական 100.000-անոց բանակը, ամիսներ կռվելով, դեռեւս չէր կարողացել գրավել Չեչնիայի մայրաքաղաքն ու հարավային շրջանները30: Այսպիսի իրավիճակը բերել է նրան, որ արեւմտյան որոշ մասնագետներ կարծում են, թե «Թուրքիայի

- Էջ 83 -

հարեւաններից որեւէ մեկը (նաեւ Ռուսաստանը՝ տեղայնացված սովորական պատերազմի դեպքում) ի վիճակի չեն միայնակ հակադրվելու թուրքական ռազմական կարողություններին»31:
     Այսպիսով, այսօրվա դրությամբ, նույնիսկ զուտ ռազմական տեսակետից, Հայաստանի անվտանգությանը տրված ռուսական ե-րաշխիքները 100-տոկոսանոց համարվել չեն կարող, թեեւ կազմում են Հայաստանի անվտանգության համակարգի ողնաշարային մասը32:
     Նկատի ունենալով թուրքական ոտնձգությունների համար պարարտ հող ստեղծող այս հանգամանքները՝ հատկապես տագնապեցուցիչ պետք է համարել 1993 թ. ի վեր Անկարայի սանձազերծած այն ստահոդ քարոզչությունը, թե Հայաստանն իբր օժանդակում ու նույնիսկ բազաներ է տրամադրում Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ): Թուրքական մամուլի էջերից քաղված հետեւյալ վերնագրերը կարող են որոշակի գաղափար տալ այդ քարոզչության ծավալների մասին. «Սիրիան ՔԲԿ-ի մարտիկներ է թռցնում Հայաստան», «արնանը ՔԲԿ-ն եւ ԱՍԱԼԱ-ն կցվելու են միմյանց», «Հետախուզության զեկուցագիրը մանրամասնում է Հայաստան-ՔԲԿ կապերը», «ՔԲԿ-ն տեղափոխվում է Իրան, Հայաստան»33: Հայաստան-ՔԲԿ կապերի մասին հայտարարություններով հանդես են եկել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, նաեւ թուրքական բանակի գլխավոր շտաբի պետը: Իսկ 1998 թ. հոկտեմբերի 11-ին Թուրքիայի պետական նախարար Մեթին ուրդերեն Հայաստանին սպառնաց բացահայտ պատերազմով. «Եթե Հայաստանը աջակցում է անջատողականներին, ապա մենք արել ենք մեր որոշումը՝ կոճակը սեղմված է: Պատերազմը կարող է բռնկվել յուրաքանչյուր պահի»34:
     Տարածված կարծիքն այն է, թե իբր ՔԲԿ-Հայաստան կապերի մասին հերյուրանքները նախատեսված են սոսկ «ներքին սպառման» համար, թե դրանք իբր գալիս են բացատրելու քրդական զինված դիմադրության երկարատեւությունը եւ բավարարելու թուրք հասարակության թշնամական զգացմունքները Հայաստանի հանդեպ: Իրականությունը, սակայն, ավելի վտանգավոր է: Հայաստան-ՔԲԿ կապերի մասին պետական մակարդակով վարվող տեւական, լավ մշակված ու համաձայնեցված քարոզչության բուն նպատակը

- Էջ 84 -

Հայաստանի վրա մշտական ճնշումներ բանեցնելու նոր եւ լրացուցիչ պատրվակներ ունենալն է: Ընդ որում՝ այդ ճնշումը կարող է ընդունել ոչ միայն տնտեսական, այլեւ զուտ ռազմական ձեւեր: Այսպես՝ ՔԲԿ-ին հետապնդելը պատրվակ դարձնելով՝ Թուրքիան պարբերաբար ներխուժում է հյուսիսային Իրաք, իսկ միջազգային հասարակական կարծիքը եւ ՆԱՏՕ-ական դաշնակիցներն արդեն վարժեցվել ու հաշտվել են այդ իրականության հետ: 1991-ից մինչեւ 1998-ի հունիսն ընկած ժամանակահատվածում Թուրքիան իրականացրել է 55 ներխուժում հյուսիսային Իրաք, որոնք միջազգային համայնքը չէր թույլատրել, բայց եւ չէր դատապարտել: Դրանցից չորսն ավելի քան 20.000 թուրք զինվոր ներգրաված խոշորամասշտաբ գործողություններ էին35: Ռազմավարապես կարեւոր ու նավթով հարուստ այդ տարածքների թուրքական «ժամանակավոր» գրավումներն արդեն սովորական են դիտվում: Թուրքական զորքերի ներկայությունը հյուսիսային Իրաքում գնահատվում է իբրեւ մի սովորական բան՝ «կիսամշտական երեւույթ»:
     Միջազգային իրադրության մեջ հարմար առիթը որսալով՝ թուրքական բանակը կարող է փորձել նույն բանն անել նաեւ Հայաստանում: Արդյո՞ք պատահականություն է, որ վերոհիշյալ հաղորդագրություններում թուրքերը հականե-հանվանե նշում են Հայաստանի մի շարք բնակավայրեր, որոնք իբր ՔԲԿ-ի բազաներ են (ի թիվս այլոց, նշում են Հայկական ատոմակայանի շրջակայքը, Լաչինը, Արագածոտնի եւ Արարատի մարզերի որոշ գյուղեր)36: Ավելին՝ թուրքական քարոզչության ազդեցության տակ ռազմավարական հարցերում մասնագիտացող արեւմտյան հեղինակավոր որոշ պարբերականներ արդեն ներկայացնում են Հայաստան-ՔԲԿ չեղած կապերը՝ իբրեւ հանրածանոթ փաստ37: 1999 թ. օգոստոսին, օրինակ, ՔԲԿ զինադադար հայտարարելուց հետո, աշխարհաքաղաքական վերլուծության ամերիկյան ամենաճանաչված հաստատություններից մեկը` Stratfor.com-ը, ըստ երեւույթին, կատարելով թուրքերի պատվերը, երկիցս՝ 1999 թ. օգոստոսի 27-ին եւ նոյեմբերի 23-ին, աշխարհով մեկ, իբրեւ հավաստի լուր, տարածեց այն կեղծիքը, թե իբր ՔԲԿ ջոկատները վերազինվելու եւ վերամարզվելու են նահանջում Հայաստան՝ իրենց համար նախօրոք պատրաստված բազաներ38:

- Էջ 85 -


     Ցավոք, այս ապատեղեկատվության դեմ որեւէ լուրջ պայքար Հայաստանի կամ սփյուռքի համապատասխան մարմինները չեն մղում: Կարելի է նույնիսկ պնդել, որ իր դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմին Հայաստանը պարզապես չի մասնակցում եւ այդ ճակատում, բնականաբար, ամեն օր պարտվում է:
     Բոլորովին վերջերս էլ նոր տվյալներ հրապարակվեցին այն մասին, որ 1993 թ. հոկտեմբերին Թուրքիան ծրագրել էր ներխուժել Հայաստան՝ պատրվակ բռնելով քրդական խնդիրը39: Մինչ այդ արեւմտյան աղբյուրները հայտնել էին, որ 1993 թ. երկիցս՝ ապրիլին եւ սեպտեմբերին, Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ է ուղարկել իր տանկային, մեքենայացված եւ այլ զորամասեր, իսկ թուրքական զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի, իսկ վարչապետ Թ. Չիլլերը նախազգուշացրել էր, որ խորհրդարանից ռազմական գործողություններ վարելու իրավունք կխնդրի, եթե Հայաստանը դիպչի Նախիջեւանի որեւէ մասին40: Հետեւաբար, բոլորովին պատահական չէ, որ ՔԲԿ-ի բազաների իբր Հայաստանում գտնվելու մասին տեղեկությունները թուրքական մամուլում սկսել են հայտնվել 1993 թ. աշնանից41:
     1999-ից ի վեր քրդական պարտիզանական պատերազմի ընդհատումը (որն իր ձեւակերպումը գտավ միայն 2002 թ. սկզբին42) Թուրքիային որոշ չափով զրկում է Հայաստանի դեմ քրդական խաղաքարտն օգտագործելու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով էլ 2002 թ. սկզբին, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեին Կիվրիկօղլուն հանդես եկավ մի նոր ստահոդ հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանն ունի զանգվածային ոչնչացման զենք ու, հետեւաբար, նրա դեմ պետք է կիրառել նույնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք կիրառվում են Իրաքի դեմ43: Այս հայտարարությունը Թուրքիայի հակահայաստանյան ընդհանուր քաղաքականության ծիրում դիտելու դեպքում պարզ կլինի, որ Թուրքիան հերթական նորանոր թակարդներ է լարում Հայաստանի դեմ, որպեսզի մշտապես ճնշումներ բանեցնելու պատրվակներ ունենա կամ, եթե հարմար առիթ լինի, դիմի նաեւ ռազմական միջամտության: -

- Էջ 86 -


     Այսպիսով՝ թուրքական ներխուժումը Հայաստան հավանական զարգացում է, որը պետք է հաշվի առնել ամենայն լրջությամբ ու սառնասրտությամբ:

Հայաստանի ռազմավարությունը թուրքական
հնարավոր ներխուժման դեպքում

     Ինչպիսի՞ ռազմավարություն պետք է ընտրի Հայաստանը Թուրքիայի հետ հնարավոր պատերազմում:
     Ընդունված տեսակետն այն է, որ թուրքական բանակը, օգտագործելով իր թվային առավելությունը, աշխարհագրական-տարածքային մեծ գերակշռությունը եւ Հայաստանի ռազմավարական խորություն չունենալը, սկզբունքորեն ի վիճակի է հաղթահարելու հայկական պաշտպանական գծերը եւ, մասամբ կամ ամբողջությամբ, գրավելու Հայաստանը: Այս տեսակետի հիման վրա արվում է այն ծանոթ հետեւությունը, որ սեփական ուժերով թուրքերին դիմակայելու մասին չարժե նույնիսկ մտածել, այլ հույսը պետք է դնել միմիայն օտար դաշնակից ուժերի, նախ եւ առաջ Ռուսաստանի ռազմական միջամտության վրա:
     Հայաստանի պետական շինարարության մեջ թույլ տրված խոշոր վրիպումները մասամբ առաջացել են ռազմավարական իրադրության ճիշտ այսպիսի թերի ընկալումներից եւ սեփական ուժերի թերագնահատումից: Հայկական բանակը կառուցվել է Ռուսաստանի հավերժական հովանավորության եւ հայ-ռուսական դաշինքին Ռուսաստանի անխախտ հավատարմության նախադրյալի վրա, որը, ցավոք, իրապաշտ չէ: Նախ՝ պետությունների «սիրո» վրա հիմնված հավերժական դաշինքներ ընդհանրապես չեն լինում: Հետո, ինչպես ցույց է տվել պատմությունը, Ռուսաստանը քանիցս չի տրամադրել կամ չի կարողացել տրամադրել Հայաստանին նախապես խոստացած օգնությունը (1722-35 թթ., 1878 թ., 1914-18 թթ., որոշ չափով նաեւ 1988-1997 թթ.): Երբեմն Ռուսաստանին ստիպել են զոհել Հայաստանն ու հայկական շահերը, երբեմն էլ հյուսիսային այդ կայսրությունը բավարար հնարավորություններ կամ պարզապես ցանկություն ու կամք չի ունեցել այդ շահերը պաշտպանելու հա-

- Էջ 87 -

մար: Մեզնից անկախ պատճառներով՝ նույնը չի բացառվում նաեւ ապագայում, որին մենք պետք է այսօրվանից ու մշտապես պատրաստ լինենք: Ի՛նչ խոսք, Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական դաշինքն անգնահատելի նշանակություն ունի Հայաստանի ռազմական անվտանգության համար, եւ անհրաժեշտ է այն ամեն կերպ փայփայել եւ ամրապնդել: Սակայն, ինչպես վերը նշել ենք, ռուսական ռազմական «հովանոցը», մի կողմից, այսօր իսկ բավարար չէ Հայաստանի թուրքական ճակատի պաշտպանունակությունը 100 տոկոսով ապահովելու համար, մյուս կողմից՝ անկախ մեր ցանկությունից, Ռուսաստանի հովանավորությունը, ներքին կամ արտաքին հանգամանքների բերումով, մի գեղեցիկ օր կարող է հանկարծ հօդս ցնդել ընդհանրապես կամ թեկուզ ինչ-որ մի ժամանակահատվածով: Այդ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում Հայաստանը կարող է հայտնվել միայնակ թուրքական բանակների առջեւ:
     Այս կապակցությամբ մի պահ շեղվենք եւ նկատենք, որ յուրաքանչյուր կայացած պետություն իր ռազմական քաղաքականությունը կառուցում է հավանական վատթարագույն սցենարների հաշվառման վրա: Ազգային անվտանգության հարցերում այս մոտեցումը վաղուց արմատացել է զարգացած երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում, շնորհիվ նաեւ քաղաքագետների ու ռազմավարաբանների: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ճանաչված ռազմավարագետ Սամուել Հանտինգտոնն, օրինակ, սկսած 1950-ականներից՝ «պատճառաբանում է, որ ամերիկյան հասարակությունը պետք է ունենա այնպիսի զինվորական եւ հետախուզական ծառայություններ, որոնք մտածում են ամենաողբերգական, հոռետեսական կատեգորիաներով»44: Իսկ Հայաստանի պարագայում վտանգի գերագնահատումը թեեւ կարող է ունենալ որոշակի բացասական հետեւանքներ (այդ թվում՝ տնտեսության վրա լրացուցիչ ռազմական ծախսեր դնելով), սակայն այն անհամեմատելիորեն պակաս վնասաբեր է վտանգի թերագնահատումից, որը սպառնում է ազգի բուն գոյու-թյանը: Իհարկե, լավագույն լուծումը վտանգի ճշգրիտ որոշումն է:
     Ինչեւէ, մի պահ պատկերացնենք Ռուսաստանից եւ միջազգային համայնքից լքված եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական զորության առջեւ մեն-մենակ մնացած Հայաստանը եւ դարձյալ ա-

- Էջ 88 -

ռաջադրենք նույն հարցը. ինչպիսի՞ պաշտպանական ռազմավարություն եւ մարտավարություն պետք է ունենա Հայաստանը՝ միայնակ դիմագրավելու համար թուրքական կամ թուրք-ադրբեջանական հնարավոր ներխուժմանը: Ահա ա՛յս հարցը պետք է դրված լինի Հայաստանի ռազմական քաղաքականության հիմքում:
     Պատասխանը միակն է՝ Հայաստանը պետք է ձգտի թշնամու համար հնարավորին չափ ցավալի, դժվարին եւ նույնիսկ անհնարին դարձնել իր զավթումը: «Միեւնույն է՝ կպարտվենք, հետեւաբար, դիմադրությունն անիմաստ է» փաստարկը քննադատության չի դիմանում: Սառը պատերազմի տարիներին ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Խորհրդային Միությունը հասկանում էին, որ հակառակորդի հարձակման դեպքում ոչ միայն պարտվելու են, այլ բնաջնջվելու են: Սակայն նրանցից որեւէ մեկի մտքով չէր անցնի առաջնորդվել «միեւնույն է՝ բնաջնջվելու ենք, ուստի դիմադրությանը նախապատրաստվելն անիմաստ է» մտայնությամբ: Երկուսն էլ հասկանում էին, որ հակառակորդը չի հանդգնի հարձակվել, եթե համոզված լինի, որ ծանր կորուստներ է տալու: Արդ՝ պարզ է, որ թուրքական (կամ թուրք-ադրբեջանական) ներխուժումը սպառնալու է Հայաստանի եւ հայ ազգի ֆիզիկական գոյությանը: Պարզ է նաեւ, որ առայժմ Հայաստանն ի վիճակի չէ համարժեք սպառնալիք ներկայացնելու Թուրքիայի անվտանգությանը: Այլ կերպ ասած՝ մեր հակահարվածը առայժմ չի կարող սպառնալ Թուրքիային նույն հետեւանքներով, ինչ Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Սակայն աներկբայելի ճշմարտությունը հետեւյալն է. որքան ավելի դժվար ու ցավալի (ոչ անպայման՝ անհնարին) լինի Հայաստանի զավթումը, այնքան ավելի պակաս կլինի Հայաստանի դեմ ագրեսիայի հավանականությունը45: Զուգահեռաբար՝ որքան ավելի պատրաստ լինի Հայաստանը միայնակ ու հնարավորին չափ երկար դիմագրավել ագրեսիային, այնքան ավելի մեծ կլինի Ռուսաստանի եւ այլ պետությունների ցանկությունը ռազմականապես օժանդակել եւ դաշնակցել նրան:
     Այն մտայնությունը, թե Հայաստանն անպայման պարտություն կկրի Թուրքիայի կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատերազմում, ընդհանուր առմամբ, սխալ է: Համաշխարհային պատմության մեջ բազմիցս է պատահել, երբ փոքրաթիվ եւ պակաս սպառա-

- Էջ 89 -

զինված ուժերը կարողացել են հաղթանակ պոկել տասնապատիկ գերակշիռ ուժեր ունեցող հակառակորդից:
     Վերջին ժամանակաշրջանի օրինակներից կարելի է հիշել ինչպես երկարատեւ հակամարտությունը Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ, այնպես էլ 1994-96 թթ. Չեչնիա-Ռուսաստան պատերազմը: Եթե համեմատենք, մի կողմից, Հայաստանի (ներառյալ Արցախի) ռազմական հնարավորությունները, մյուս կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավորությունները միասին վերցված, ապա մեր դրությունը զգալիորեն նախընտրելի է Չեչնիայի դրությունից: Հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանն անկախ պետություն է եւ մեծ հնարավորություններ ունի մանրակրկիտ ծրագրելու եւ նախապատրաստելու իր պաշտպանությունը: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված անկախությունը նաեւ այլ առավելություն ունի, այն է՝ ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի՝ Չեչնիայում ծավալած գործողությունների՝ Թուրքիան զրկված է լինելու իր ագրեսիան շատ երկարաձգելու հնարավորությունից՝ եւ՛ միջազգային համայնքի բարձրացվելիք բողոքի ալիքի, եւ՛ հատկապես Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդների (նախ՝ Ռուսաստանի եւ Իրանի, ապա եւ՝ Սիրիայի եւ Հունաստանի) ձեռնարկելիք միջոցների պատճառով: Ուստի Հայաստանի թեկուզ մի քանի ամսյա դիմադրությունը բավարար է լինելու թուրքական բանակի հետքաշումն ապահովելու, տարածաշրջանային դաշնակիցներից ռազմական ու դիվանագիտական աջակցություն ստանալու համար:
     Պատերազմի ելքը հաճախ որոշում է ոչ թե թվային գերա-կշռությունը, այլ միջազգային եւ ներքին իրադրության բազմապիսի հանգամանքների երբեմն անկանխատեսելի խաչաձեւումը: Նախապես պարտված կարելի է համարել միայն այն կողմին, որը հանգամանորեն չի ծրագրում իր դիմադրությունը հավանական բոլոր պատերազմներում, հրաժարվում է միայնակ դիմադրելու հնարավորության մտքից: Զինվորականության համար անթույլատրելի պարտվողական փիլիսոփայության տարրերը, սեփական ուժերի նկատմամբ թերահավատությունը երեւակվում են ՀՀ պաշտպանության նախարարի վերջերս արտահայտած հետեւյալ մտքում. «Եթե Ամերիկան ցանկանա, որ Հայաստանում ընդհանրապես ուրիշ

- Էջ 90 -

կարգեր լինեն, եւ դա համարի իր գերագույն նպատակը, անշուշտ, կանի: Եթե Ամերիկան Աֆղանստանում դա արեց, Հայաստանում էլ կանի»46: ՀՀ պաշտպանության նախարարը չի նկատում, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի նախնական հաջողությունը դեռեւս շատ հեռու է վերջնական հաղթանակ համարվելուց: Նույնիսկ այսօր՝ ԱՄՆ-ի գերհզորության այս շրջանում, պետականազուրկ պաղեստինցիները շարունակում են դիմադրել իսրայելա-ամերիկյան ամենասաստիկ ճնշմանը՝ շնորհիվ նաեւ այն հանգամանքի, որ նրանց ղեկավարությունը, առավել եւս ռազմական ղեկավարությունը, երբեք չի հայտարարում, թե «Ամերիկան մեզ հետ կարող է անել, ինչ ցանկանա»: Նմանատիպ հայտարարություններով կարելի է ընդամենը վերջնականապես կոտրել որեւէ ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ հավատը:
     Ռուսական հովանավորությունից զրկվելու եւ թուրքական կամ թուրք-ադրբեջանական միաժամանակյա հարձակմանը են-թարկվելու հավանականությունն այսօրվա ռազմական իրողությունների դեպքում Հայաստանին դնելու է անմխիթար կացության մեջ: Հանկարծակի հարձակման դեպքում թշնամու առնվազն հնգապատիկ գերակշիռ ուժերը բավական արագ կճեղքեն շուրջ վաթսուն հազարանոց Հայկական բանակի (ներառյալ արցախյան բանակի) պաշտպանական գծերը (հատկապես արեւմտյան ճակատում) եւ կգրավեն ռազմավարական խորությունից զուրկ Հայաստանի գլխավոր դիրքերն ու ճանապարհները: Պետությունը չի հասցնի անցկացնել բնակչության զորահավաք: Շատ շուտով, առավելագույնը երկու-երեք շաբաթում, Հայաստանի դիմադրությունը կդադարի կազմակերպված լինելուց եւ կընդունի, ընդհանուր առմամբ, քիչ արդյունավետ պարտիզանական պատերազմի բնույթ: Մինչդեռ այդ ընթացքում թշնամին կհասցնի ոչնչացնել երկրի ամբողջ տնտեսությունը եւ գուցե նաեւ ազգաբնակչության մի մեծ հատվածը:
     Բայց արդյո՞ք հնարավոր է նմանատիպ հավանական սցենարում փրկել Հայաստանը: Պատասխանը միանշանակ դրական է: Այսօրվա մեր ունեցած սուղ ռեսուրսներով եւ առանց լրացուցիչ ծախսերի հնարավոր է հարյուրապատիկ ամրապնդել Հայաստանի պաշտպանությունը: Սակայն դրա համար անհրաժեշտ է հիմնավո-

- Էջ 91 -

րապես վերանայել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, կատարել կտրուկ եւ լուրջ փոփոխություններ:

Հիմնադրույթներ՝
ՀՀ պաշտպանական քաղաքականության

     ՀՀ պաշտպանական քաղաքականության կառուցումն ունի մի քանի նախադրյալ խնդիրներ: Թեեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Այսրկովկասում առաջացած ազգային զինված ուժերից ամենաուժեղը, այսօրվա դրությամբ, հայկական բանակն է, սակայն նոր ստեղծված աշխարհառազմավարական միջավայրում այն դեռեւս հեռու է Հայաստանի ռազմական անվտանգության պահանջները բավարարելուց, որովհետեւ դեռեւս ընդունակ չէ միայնակ չեզոքացնելու թուրքական վտանգը:
     Հայաստանի աշխարհառազմավարական դրության ծանրությունը եւ հայկական բանակի բարոյահոգեբանական ընդհանուր անբավարար վիճակը սուր հակասության մեջ են: Վրաստանի եւ Ադրբեջանի բանակների թույլ եւ անկազմակերպ լինելու հետ «արդարացուցիչ» համեմատությունները տեղին չեն, որովհետեւ Հայաստանն ի դեմս Թուրքիայի ունի իր ֆիզիկական գոյությանն սպառնացող ահեղ թշնամի, մինչդեռ Վրաստանը եւ Ադրբեջանը լինել-չլինելու նմանատիպ խնդիր չունեն: Մեր բանակի բարոյահոգեբանական ծանր վիճակը պետք է շտկվի արագ եւ հիմնավորապես, այլապես այն շարունակելու է անցանկալի հետեւանքներ ունենալ ոչ միայն զինվորական, այլեւ Հայաստանի անվտանգության այլ ոլորտներում՝ խրախուսելով կործանարար չափերի հասած արտագաղթը, քայքայելով ռազմահայրենասիրական տրամադրությունները, խախտելով հասարակական համերաշխությունը: Ահա թե, օրինակ, ինչպես է նախկին հրամանատար-ազատամարտիկներից մեկը բնութագրում հայկական բանակում տիրող ներկա դրությունը.
     «Մեր գեներալները, փնտրելով արագ եւ չհոգնեցնող լուծումներ, փոքրացրին եւ տեղայնացրին խորհրդային բանակի կառույցը: Դրանով իսկ նրանք նպաստեցին, որ մեր բանակում իշխող դառնան խորհրդայինի անառողջ հարաբերությունները, սա-

- Էջ 92 -

կայն ավելի դաժան եւ այլասերված: Սովետական բանակին հատուկ է կայսերական տիպը: Նրանում զինվորը հրաման կատարող է՝ զուրկ սեփական կամքից: Հայ զինվորը չի կարող այդպես կաղապարված լինել: Այսօրվա բանակը հարիր չէ մեր ազգին եւ նրա նպատակներին: Բոլոր օղակներում, դժբախտաբար, գերիշխում են կաշառակերությունն ու հովանավորչությունը (բացառությունների մասին չէ խոսքը), գաղութային նիստուկացը: Փոխանակ զորակոչվող երիտասարդը կազմավորվի որպես զինվորական պարտքին գիտակից եւ մարտունակ տղամարդ, կատարվում է ճիշտ հակառակը, նա այլասերվում է բանակային կյանքի անընդհատ քրեականացող եւ ապազգայնացող մթնոլորտում: Զորամասերում, վերա-հսկողությունից դուրս, իշխում են հանցավոր հեղինակությունները, իսկ հրամանատարներն օգտագործում են նրանց՝ ստորաբաժանումները կառավարելու համար: Արդյունքում՝ սպաները հեղինակազրկվում են, ստորաբաժանումները վերածվում են խուժանի, սպանությունները դառնում են վիճակագրական օրինաչափություն, զինվորը հաճախ հայտնվում է ստրուկի կարգավիճակում: Միաժամանակ առկա են իրենց տանը ծառայող մեծահարուստների զավակներ: Հրամանատարական կազմի ապազգայնացումը եւ արագ հարստացումը փաստացի իրողություն են: Պաշտոնները ձեռք են բերվում հարստանալու եւ գազանային հակումներին ընթացք տալու նպատակով: Այս բոլորը զինվորների մեջ ավելացնում է ատելությունը բանակի, ծառայության, ղեկավարության եւ հայրենիքի նկատմամբ»47:
     Թերեւս այս բնութագրություններում գույները փոքր-ինչ խտացված են, սակայն նշված երեւույթների առկայությունն այսօրվա հայոց զինուժում տարածված փաստ է, իսկ դրանց արմատահանումը՝ թեկուզ ծայրահեղ միջոցներով՝ հրատապ անհրաժեշտություն48:
     Վերոհիշյալ խնդիրների լուծումը պահանջում է հիմնովին փոխել հայկական բանակի կառուցման ընտրած մոդելը: Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը պետք է կառուցվի հետեւյալ հիմնադրույթների վրա.
     1) Պատերազմից խուսափելու գլխավոր միջոցը հայոց զինուժն է:

- Էջ 93 -


     2) Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն թվային գերակշռություն եւ տարածքային մեծ առավելություն:
     3) Հայաստանի ժողովրդագրությունն ու տնտեսությունն առայժմ ի վիճակի չեն մեծացնել մշտական բանակի թիվը, սակայն չպետք է նաեւ մարդուժի զգալի նվազում թույլ տան:
     4) Հայոց զինված ուժերի հարաբերական փոքրաթիվությունը պետք է փոխհատուցվի առաջնակարգ ներքին կարգապահությամբ եւ կազմակերպվածությամբ:
     5) Հայաստանի հասարակության եւ բանակի փոխհարաբերությունները պետք է կազմակերպվեն շվեյցարական՝ «ազգ-բանակ» (nation in arms) մոդելի հայկական տարբերակով, որն իհարկե պետք է մանրամասնորեն մշակվի եւ համապատասխանեցվի հայկական իրականությանը (ինչպես այդ մոդելը՝ բազմաթիվ փոփոխություններով եւ լրամշակումներով, հաջողությամբ կիրառվել է Իսրայելում): Այդ մոդելը նախատեսում է բանակի պահեստուժում (ռեզերվում) 18-ից մինչեւ 55 տարեկան բոլոր տղամարդկանց գործուն ներգրավվածություն: Սա նշանակում է, որ եւ՛ մեծահարուստը, եւ՛ չունեւորը պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարվա մեջ առ-նվազն երկու-երեք շաբաթ անցկացնել բանակում՝ ծառայելով հավասար հիմքերի վրա ու լիակատար հավասարապաշտության պայմաններում49:
     Հայկական բանակը պետք է լինի ոչ թե սովորական կանոնավոր բանակ, այլ, առավելաբար, պահեստուժի բանակ: Կարեւոր են պահեստուժի՝ ա) մեծությունը, բ) արագ զորահավաքը (մոտավորապես 24 ժամում), գ) արդյունավետ ներգրավումը մարտական գործողությունների մեջ՝ առանց հետզորահավաքային մարզումների վրա լրացուցիչ ժամանակ ծախսելու:
     Հինգ պատերազմներում հաղթանակած Իսրայելի պաշտպանական ուժերը (ԻՊՈւ) շուրջ 80 տոկոսով բաղկացած են պահեստուժից: ԻՊՈւ-ի մոդելը մանրազնին ուսումնասիրած ԱՄՆ-ի բանակի գնդապետ, պատմագիտության դոկտոր Չառլզ Հելլերը նշում է.
     «Իսրայելի Պաշտպանական Ուժերի քաղաքացի-զինվորները «պահեստուժ» չեն բառիս բուն իմաստով, այլ միացյալ ընդհանուր ուժի կառուցվածքի մաս: Այս միակցվածության շնորհիվ էլ՝ Մշտական ծառայության (Քեւայի) սպաներն ու կրտսեր սպա-

- Էջ 94 -

ները հրաշալի ճանաչում են իրենց պահեստային ուժերը (Միլուիմը), քանի որ նրանք հասկանում են, որ ԻՊՈւ-ն պահեստուժի բանակ է: ԻՊՈւ-ի պահեստուժի զինվորին կարող է հատկացնեն կամ չհատկացնեն առկա նորագույն սպառազինություն: Սակայն անկախ դրանից, Միլուիմի շատ ստորաբաժանումներ մարտի մեջ են մտնում Քեւայի ստորաբաժանումների հետ կողք կողքի»50:
     Պետք է մշակել նաեւ կանանց կամավոր ծառայության առավել ընդունելի, արդյունավետ ձեւեր:
     6) Հայկական բանակի ազգաշինության կարողությունները մինչեւ այժմ շատ քիչ են օգտագործվել: Փաստորեն, հայոց զինված ուժերի առջեւ այդպիսի խնդիր չի դրվել: Այնինչ՝ հայկական բա-նակն ունի ժողովրդի համախմբման եւ պատանի սերնդի հայրենասիրական ու քաղաքացիական դաստիարակության վիթխարի հնարավորություններ51:
     7) Թուրքական հնարավոր ագրեսիայի ինքնուրույն դիմագրավման կարողության շեշտակի բարձրացումը պետք է ուղեկցվի առավել վստահելի դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների եռանդուն մշակմամբ: Առայժմ այդպիսի դաշնակից է միայն Ռուսաստանը: Հայաստանի անվտանգության երաշխավոր եւ ռազմավարական դաշնակից կարող է դառնալ նաեւ Իրանը52: Անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները նաեւ այն պետությունների հետ, որոնց ձեռնտու է Թուրքիայի սահմանին տեսնել ռազմականապես ամուր Հայաստան. դրանք են Սիրիան, Չինաստանը, Հունաստանը (միջազգային մեկուսացումից դուրս գալու դեպքում՝ նաեւ Իրաքը): Սակայն այս վերջինները, իրենց հեռավորության, կարողութունների եւ ուրիշ ավելի առաջնահերթ շահեր ունենալու պատճառով, Հայաստանի վրա թուրքական հարձակման դեպքում Թուրքիային պատերազմ չեն հայտարարի: Այս պետությունների ռազմավարական հարաբերությունները կարեւոր են հայկական բանակի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, հետախուզական տեղեկատվության փոխանակման եւ դիվանագիտական աջակցության բնագավառներում:
     8) Վերջապես՝ Ռուսաստանի եւ մյուս դաշնակիցների հետ ռազմաքաղաքական հարաբերություններն ամրապնդելու լավա-

- Էջ 95 -

գույն միջոցը սեփական պաշտպանական կարողությունների վրա վերադիրքորոշվելն է:

Հավասարապաշտական հասարակական
մթնոլորտի անհրաժեշտություն

     «Ազգ-բանակ» ռազմական մոդելի հաջող գործունեությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Հայաստանում ստեղծվի հասարակական համերաշխության մթնոլորտ: Դա էլ իր հերթին պահանջում է, որ Հայաստանի զարգացման հիմքում ընկնի սոցիալական արդարության գաղափարը:
     Ցավոք, Հայաստանը դարձել է զանգվածային աղքատության ու փոքրաթիվ մեծահարուստների երկիր: Վերն արդեն նշվել է, որ 2001-02 թթ. Հայաստանի բնակչության 50-56 տոկոսն ապրում էր աղքատության սահմանագծից ներքեւ53: 2002 թ. սկզբին Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում եկամուտների անհավասարության մակարդակն անցումային տնտեսություն ունեցող երկրների (իմա՝ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների) մեջ ամենաբարձրերից էր՝ ավելի բարձր, քան Տաջիկստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ղրղզստանում եւ Մոլդովայում54: Եկամուտների անհավասարության Ջինի գործակիցը շարունակում է մնալ սոցիալական լարվածության տեսակետից տագնապալից 0.5-ից բարձր մակարդակում (բացասական առումով ամենաբարձրն է ԱՊՀ երկրներում)55: 1999 թ. դրությամբ՝ Հայաստանում բնակչության 5 տոկոսը կազմող ամենահարուստները տիրում էին ազգային հարստության 70 տոկոսին56: Ճիշտ է, կան զարգացած երկրներ, որտեղ սոցիալական անհավասարությունը մոտավորապես նույն մակարդակի վրա է: Օրինակ՝ ԱՄՆ-ում բնակչության 5 տոկոսը կազմող ամենահարուստները տիրում են ազգային հարստության 60 տոկոսին57: Բայց Հայաստանի՛ համար հասարակության այսպիսի ահռելի բեւեռացումը մահացու վտանգ է ներկայացնում, քանի որ.

- Էջ 96 -


     ա) ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այժմ Հայաստանի Հանրապետությունն աղքատ երկիր է, եւ նման չափերի հասնող բեւեռացումը ծնում է զանգվածային չքավորություն.
     բ) ԱՄՆ-ում սոցիալական անհավասարությունն առաջացել է կապիտալիստական զարգացման բնական ճանապարհով, ըստ այդմ էլ՝ ամերիկացիները շատ ավելի հանգիստ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ: Մինչդեռ Հայաստանում մարդիկ իրավացիորեն մեծ ցավով են վերաբերվում սոցիալական անհավասարությանը, որովհետեւ այն առաջացել է հանկարծակի, ընդամենը մի քանի տարվա ընթացքում՝ օրենքի եւ արդարության ամենակոպիտ խախտումների արդյունքում: Խորհրդային շրջանում եկամուտների հարաբերական հավասարության թարմ հիշողությունը եւս հոգեբանորեն ճնշում է մարդկանց:
     Այսօր Հայաստանի բնակչության մարդկային ռեսուրսներն այն աստիճան սակավ են նրա վերջնական ջախջախումը երազող ադրբեջանա-թուրքական դաշնության համեմատ, որ դասակարգային սուր առճակատումը մեզանում անթույլատրելի է: Սակայն այդպիսի առճակատումն արդեն իսկ իրականություն է. զանգվածների բողոքն առայժմ արտահայտվում է հիմնականում արտագաղթի եւ պետության շահերի նկատմամբ ծայրահեղ անտարբերության միջոցով: Ուստի պետք է ամենալուրջ ծրագրերը մշակել հասարակության եկամուտների բեւեռացումը կտրուկ նվազեցնելու համար, այլապես հասարակական համերաշխության մասին խոսելն ավելորդ կլինի:
     Հայաստանի աշխարհաքաղաքական բարդագույն դիրքն ուղղակի պարտադրում է մեր հասարակությանը յուրացնել ոչ թե «ջունգլիների» կամ, այսպես կոչված, «վայրի կապիտալիզմի» բարոյական նորմերը (որոնք, ի դեպ, վաղուց մերժվել են քաղաքակիրթ Արեւմուտքում), այլ որդեգրել ընդգծված հավասարապաշտական (էգալիտարիստական) էթիկա: Սա ամենեւին չի նշանակում, թե պետք է ոչնչացնել մասնավոր սեփականությունը եւ դարձյալ փորձել ենթարկել բոլորի եկամուտներն ու աշխատավարձերն անհեթեթ հավասարեցման: Խոսքը վերաբերում է օրենքի գերակայության հաստատմանն ու հասարակության բարոյականությանը:

- Էջ 97 -


     Որո՞նք են հասարակական գործունեության այն ոլորտները, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իրեն մյուսների հետ հավասար: Իհարկե, նախ եւ առաջ, Հայաստանում չպետք է լինեն մարդիկ ու, առավել եւս, նորահայտ «կաստաներ», որոնք օրենքը որեւէ ձեւով շրջանցելու հնարավորություն ունենան: Երկրորդ՝ կրթությունը, այդ թվում՝ բարձրագույնը, պետք է մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր ունակ երիտասարդի համար: Վերջապես, կա մի առանձնահատուկ բնագավառ, որտեղ բոլորը պետք է ամեն ինչում հավասար լինեն: Խոսքը հայրենիքի պաշտպանության, Հայոց բանակում ծառայության մասին է: Հայոց բանակը հայրենասիրական-քաղաքացիական դաստիարակության ու մեր ազգակերտման հիմնական դարբնոցներից է: Հայոց բանակում սոցիալական արդարության սկզբունքը պետք է իրականացվի խստագույնս, որպեսզի եւ՛ հարուստի, եւ՛ չունեւորի, եւ՛ պաշտոնյայի, եւ՛ ոչ պաշտոնյայի զավակները դառնան Հայաստանի պատասխանատու քաղաքացիներ եւ, անկախ սոցիալական կամ այլ տարբերություններից, զգան իրենց նույն երկրի, նույն պատմության եւ ճակատագրի մասնիկ:
     Բանակը եւ հասարակությունը անմիջականորեն ու խորապես փոխազդում են միմյանց վրա: Այդ փոխազդեցություններն անդրադառնում են ամենազանազան հարցերին, ինչպիսիք են, օրինակ, ժողովրդավարությունը, երիտասարդ սերնդի քաղաքացիական-հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայողների կարգապահությունն ու նվիրվածությունը հայրենիքին, հասարակության համերաշխությունը եւ համախմբվածությունը ազգային-պետական կարեւոր խնդիրների շուրջ եւ, վերջին հաշվով, պետության, հասարակության եւ բանակի կայունությունն ու ամրությունը: Բանակի ազդեցությունը հասարակության զարգացման ուղղությունների վրա մեծ է հատկապես նորանկախ պետություններում: Պետության՝ իր զինծառայողների հավաքագրման ձեւերը, օրինակ, լուրջ ազդեցություններ են թողնում ինչպես զինված ուժերի, այնպես էլ հասարակության վրա: Հարկադիր հավաքագրման ենթարկված զինծառայողները, որպես կանոն, չեն ունենում այն բարոյական նվիրվածությունը, որը բնորոշ է կամավորականներին: Հարկադիր հավաքագրման ճանապարհով ստեղծված զինուժը խիստ

- Էջ 98 -

կարգապահություն պահանջող համակարգ է, որի համախմբվածությունը հիմնված է պատժի ենթարկելու սպառնալիքի վրա: Այդպիսի զինված ուժերն ունենում են դասալքության եւ անկարգապահության լուրջ խնդիրներ, որոնք կարող է զսպել միայն ուժեղ կազմակերպվածությունը: Հայկական բանակի շինարարության գործում պետք է հիշել հայ զինվորի հոգեբանության հանճարեղ գիտակ արեգին Նժդեհի դիտողությունը.
     «Հայը կռվում է աննահանջ եւ սխրագործում ավելի իբրեւ կամավոր, քան պարտադիր ծառայության զինվոր: Նրա սրտովը չէ՝ գործել հրամանով, իսկ մեռնել հրամանով՝ բնա՛վ: Պարտադիր ծառայության մեջ իսկ նա իրեն զգում է կամավոր:
     Հոգեբանական այդ իրողությունը հետեւանք է այն բանի, որ երկար, շատ երկար ժամանակ՝ իր պատմական ճակատագրի բերումով, հայն իր հայրենիքի պաշտպանության գործին մասնակցել է ոչ թե իբրեւ իր նախարարի ստրուկը, ճորտը, այլ իբրեւ հայ մարդ, որ պարտական է կռվելու Հայաստանի համար:
     Հայի այդ հոգեգիծը՝ դրական եւ օրհնաբեր, պիտի պահպանվի գուրգուրանքով, քանզի կամավորության գաղափարն ավելի վեհ է, քան պարտադիր ծառայությունը»58:
     Հայկական բանակի բարձրաստիճան սպա, պատմական գիտությունների թեկնածու Մ. Մելքոնյանը նկատում է, որ «ռազմական սպառնալիքի ծավալները պահանջում են երկրի պաշտպանության գործում ընդգրկել ողջ բնակչությանը»59: Սակայն Հայաստանի բնակչությունն անհաղորդ է պետության պաշտպանական ծրագրերին եւ, փաստորեն, դուրս է մնացել ծրագրված կերպով երկրի պաշտպանությանն իր գործուն մասնակցությունը բերելուց, թեեւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջող պաշտպանու-թյուն կազմակերպել Թուրքիայի բազմապատիկ գերակշիռ ուժերի դեմ: Այս պայմաններում ժողովուրդն ընկալում է կամ, ավելի ճիշտ, ենթագիտակցաբար զգում է թուրքական վտանգը: Բայց վտանգը հուզականորեն ընկալելը մի բան է, ռազմավարական չափանիշներով գիտակցելը՝ բոլորովին այլ բան: Ժողովուրդն ընդամենը զգում է վտանգը: Այդ անորոշ զգացողությունը ծնում է շփոթվածություն եւ անպաշտպանվածության զգացում: Խնդիրն

- Էջ 99 -

այն է, որ մշակվի թուրքական վտանգի դեմն առնելու իրատեսական ու Հայաստանի ամբողջ ժողովրդի կողմից ընդունված ռազմական քաղաքականություն60:

Ժողովրդավարություն եւ ազգային անվտանգություն

     Անհրաժեշտ է անել մի վերջին պարզաբանում եւս՝ ժողովրդավարության եւ ազգային անվտանգության փոխհարաբերության մասին: Արտասահմանցի որոշ դիտորդներ պնդում են, թե Հայաստանում իբր անհնար է ժողովրդավարական պետություն կառուցել, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես չի կարգավորվել: Պատճառաբանում են նրանով, թե մերօրյա կիսապատերազմական պայմաններում բանակն ու անվտանգության մարմինները համեմատաբար անհամաչափ մեծ կշիռ են ունենալու պետության մեջ եւ լինելու են քաղաքացիական կառույցների եւ իշխանությունների վերահսկողությունից դուրս:
     Իրականում, Հայաստանի աշխարհառազմավարական դիրքը միշտ էլ պահանջելու է ունենալ հզոր բանակ եւ անվտանգության արդյունավետ համակարգ, սակայն այդ կառույցների քաղաքա-ցիական վերահսկողությունը կախված է ոչ թե արտաքին շրջադրությունից, այլ, առավելապես, երկրի ներքին զարգացումներից: Կան պատմական նախադեպեր, երբ մի կողմից՝ ժողովրդավարությունը, մյուս կողմից՝ ազգային անվտանգության խստագույն պահանջները ներդաշնակորեն համագոյակցել են. օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կամ, լուրջ վերապահումներով հանդերձ, Իսրայելը՝ վերջին հիսուն տարվա ընթացքում (թեեւ իսրայելական ժողովրդավարությունը թերի է՝ արաբ բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության պատճառով):

- Էջ 100 -

Հայաստանի պաշտպանական ռազմավարությունները

Ադրբեջան-Հայաստան պատերազմ

     Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի հարձակողական: Սեփական տարածքում ավերածությունների մակարդակը նվազեցնելու եւ թշնամու զորամիավորումներին ջախջախիչ պարտության մատնելու միջոց պետք է լինի պատերազմի տեղափոխումը թշնամու տարածք: Հայոց բանակի խնդիրը լինելու է ո՛չ թե Բաքվի գրավումը, այլ մարտադաշտում տարած վճռորոշ հաղթանակները, որոնք կարող են ժամանակի ընթացքում համոզել Ադրբեջանին, որ Արցախի եւ Զանգեզուրի գրավումն անհնար է եւ անհեռանկար: Այդպիսի հաղթանակները, ամենայն հավանականությամբ, կուղեկցվեն տարածքային առաջխաղացումներով ետաշեն-Դաշքեսան-ետաբեկ, անձակ եւ Հորադիզ ուղղություններով կամ, ծայրահեղ ծանր իրավիճակում, Նախիջեւանի ուղղությամբ: Ադրբեջանի հետ պատերազմում պաշտպանությունը պետք է լինի ընդամենը մի կարճատեւ անցումային փուլ՝ վճռական հարձակմանն անցնելուց առաջ (լինի դա հակագրոհ թե կանխարգելիչ հարձակում)61:
     Իր անվտանգությանը լուրջ սպառնալիք առաջանալուն պես՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի խափանելու ադրբեջանական նավթի արտահանումը: Հայկական զինված ուժերի այդ կարողությունը, հարվածելով Ադրբեջանի տնտեսական հզորությանը, միաժամանակ կստիպի, որ նավթային խոշորագույն ընկերությունները գործածեն Ադրբեջանի վրա իրենց ողջ ազդեցությունը՝ պատերազմի սանձարձակում թույլ չտալու համար62:

Թուրքիա-Հայաստան պատերազմ

     Թուրքական կամ թուրք-ադրբեջանական համատեղ ներխուժման դեպքում Հայաստանը պետք է ունենա սկզբունքորեն այլ՝ խորը պաշտպանության ռազմավարություն, որն ուղեկցվելու է սահմանափակ նպատակներ ունեցող հակագրոհներով: Հայաստանի ամբողջ տարածքը պետք է վերածվի համապարփակ պաշտպանու-

- Էջ 101 -

թյան գոտու՝ համաձայն նախապես մանրազնին մշակած եւ պատրաստած ծրագրերի: Ծրագրավորումն ու սառնասիրտ նախապատրաստումը ներառելու են պաշտպանության խոր, էշելոնացված մի քանի գծի կառուցում: Եթե թշնամին կարողանա ճեղքել ու թափանցել բոլոր գծերը, պետք է պատրաստ լինել անցնելու նաեւ դիմադրության ամենավերջին փուլին՝ պարտիզանական պատերազմին: Դրա համար պետք է ունենալ պաշտպանության հզոր ենթակառուցվածք՝ ներառյալ արագ զանգվածային զորահավաք անցկացնելու կարողություն, սննդի, զենքի եւ զինամթերքի հույժ գաղտնի պահեստներ եւ այլն: Այս տեսակ նախապատրաստությունները ոչ միայն մեծապես կամրապնդեն Հայաստանի պաշտպանունակությունը եւ կնպաստեն սոցիալական համախմբմանը Հայաստանի ներսում, այլեւ ցույց կտան արտաքին աշխարհին, նախ եւ առաջ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, Հայաստանի դեմ ագրեսիայի վճարելիք շատ թանկ գինը:
     Թուրքիայի հետ պատերազմում հայկական զինված ուժերի հիմնական նպատակներն են լինելու, մի կողմից, թշնամու զորքերին հնարավորին չափ ծանր կորուստների պատճառումը, մյուս կողմից՝ սեփական ազգաբնակչությանը մեծաթիվ կորուստներից ապահովագրելը:

Հայոց բանակի գլխավոր սկզբունքը՝
«Որակն ընդդեմ քանակի»

     Հաղթահարելու համար թշնամու ունեցած քանակային գերակշռությունը մարդուժի եւ սպառազինությունների մեջ՝ հայկական բանակը պետք է որդեգրի «որակն ընդդեմ քանակի» սկզբունքը: Հայաստանի տնտեսական պայմաններն առայժմ թույլ չեն տալու կիրառել այս սկզբունքը զինտեխնիկայի եւ հատուկ սարքերի բնագավառում. այստեղ մենք պետք է ձգտենք գոնե հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի հետ63: Սակայն «որակն ընդդեմ քանակի» սկզբունքը պետք է պարտադրաբար կիրառվի ոչ պակաս կարեւոր այլ բնագավառներում, որոնցից են բանակի բարոյականը, մարտիկների մոտիվացիան եւ նվիրվածությունը, մարտավարական պատրաստվածության աստիճանը, սպայակազմի զարգացածությու-

- Էջ 102 -

նը, ճակատամարտում հնարամիտ եւ անսպասելի որոշումներ ընդունելու եւ դրանք իրականացնելու կարողությունը64:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     1. Արթուր Աղաբեկյան, «Ժամանակակից մարտահրավերներն ու ՀՀ ազգային անվտանգության ծրագրավորման գործընթացը». - Օրենք եւ իրականություն, նոյեմբեր 2001թ., դ 21 (35), էջ 22:
     2. Իսրայելական այս հայեցակարգի մասին մանրամասն տե՛ս Bernard Reich, “Israel,” in Edward A. Kolodziej and Robert E. Harkavy, eds., Security Policies of Developing Countries (Lexington, Mass.: Lexington Books, 1982), pp. 204, 212-215; Shimon Peres, “A Strategy for Peace in the Middle East,” Foreign Affairs 58 (Spring 1980), p. 891:
     3. Այսպես՝ 1997 թ. օգոստոսի դրությամբ Ադրբեջանը գերազանցում էր իր սահմանափակումները 50 տանկով, 337 զրահամեքենայով եւ 16 հրետանային համակարգով (տե՛ս Նոյյան տապան լրատվական ծառայության 1997 թ. օգոստոսի 31-ի հաղորդագրությունը ՀՀ արտգործնախարարության խոսնակի ասուլիսի մասին):
     4. Treaty on Conventional Armed Forces in Europe, Article II, 1 (B), in Arie Bloed, ed., The Conference on Security and Cooperation in Europe: Analysis and Basic Documents, 1972-1993 (Dodrecht; Boston; London: Kluwer Academic Publishers, 1993), p. 1226.
     5. Michael Robert Hickok, "Hegemon Rising: The Gap Between Turkish Strategy and Military Modernization," Parameters (US Army War College Quarterly), Summer 2000, Vol. XXX, դ 2, pp. 105-119 (ստորեւ, սակայն, այս հոդվածի էջերը նշում ենք այնպես, ինչպես այն հայտնվում է ինտերնետում):
     6. Malik Mufti, "Daring and Caution in Turkish Foreign Policy," Middle East Journal, 52 (Winter 1998), pp. 34-40.
     7. SՖkrՖ Elekdag, "2 and 1/2 War Strategy," Perceptions: Journal of International Affairs, դ 1 (March-May 1996), pp. 33-57.
     8. Hickok, "Hegemon Rising: The Gap Between Turkish Strategy and Military Modernization," p. 3.

- Էջ 103 -


     9. Ministry of National Defense (Turkey), White Paper-Defense 1998 (Ankara: Ministry of National Defense, 1998), p. 5.
     10. Ministry of National Defense (Turkey), White Paper-Defense 1998, p. 16.
     11. Hickok, "Hegemon Rising: The Gap Between Turkish Strategy and Military Modernization," p. 4, մեջբերումը կատարված է թուրքական հետեւյալ պարբերականից՝ Ulusal Strateji [Միջազգային ռազմավարություն] (March-April 1999), pp. 68-73.
     12. “The general operation concept of the 2000s stipulates the creation of a sensor region where the aggressor is in and defeating him beyond and in the depths of the theater. Therefore, possession of troops with overwhelming fire power and maneuver capability and ensuring by determining its weakest position, the coordinated and efficient use of target identification, detection, and warning systems as well as the command [and] control, electronic warfare, and communication information systems are important assets to this end.” Ministry of National Defense (Turkey), White Paper-Defense 1998, p. 19.
     13. Hickok, "Hegemon Rising: The Gap Between Turkish Strategy and Military Modernization," p. 4.
     14. Այս ծրագրերի մասին տե՛ս Ministry of National Defense (Turkey), White Paper-Defense 1998, pp. 117-139; Vahit Erdem, “Defense Industry and Investment Projects,” Turkish Review Quarterly Digest (Spring 1988), p. 18; Michael Robert Hickok, "Peace Onyx: A Story of Turkish F-16 Coproduction,” in International Military Aerospace Collaboration, ed. Pia Christina Wood and David S. Sorenson (Aldershot, U. K.: Ashgate Press, 1999), pp. 153-181; Idem, "Hegemon Rising,” pp. 5-9; Վահրամ Պետրոսյան, «Թուրքիան եւ ռազմականացումը». - Հայ զինվոր, 10-17 ապրիլի 1999 թ., դ 14 (269):
     15. Huseyin Kivrikoglu, “Land Forces Organization,” Ankara Savunma ve Havacilik [Անկարայի պաշտպանություն եւ հակաօդային պաշտպանություն] (September-October 1998), pp. 10-11.
     16. [The army would have] weapons systems that would establish preponderance over the enemy deep inside his territory, fire smart ammunition including long-range ground-to-ground missiles, and provide a continuous and sound fire cover. [The army also would have] modern tanks with advanced armor and

- Էջ 104 -

effective anti-tank weapons systems with organic air defense and helicopters for air assault troops. Machinery would rapidly erect hurdles to the enemy's mobility and open passages to enhance the mobility of the friendly units. Intelligence gathering systems would enable units at every level to detect, pinpoint, and recognize the enemy within the range of their capability. - Huseyin Kivrikoglu, “Land Forces Organization,” p. 18.
     17. Արթուր Աղաբեկյան, «Ժամանակակից մարտահրավերներն ու ՀՀ ազգային անվտանգության ծրագրավորման գործընթացը», էջ 22:
     18. Ola Tunander, "A New Ottoman Empire? The Choice for Turkey: Euro-Asian Centre vs. National Fortress," Security Dialogue, 26 (December 1995), 413-26; Hickok, "Hegemon Rising,” p. 9-10.
     19. Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւս ծագում է նույն այդ «հայելային» անվստահությունից: Նկատելով այն փաստը, թե որքան չնչին է Թուրքիայի ազգային անվտանգությանը Հայաստանի ներկայացրած իրական վտանգը, կարելի է միաժամանակ պատկերացնել, թե ինչպիսի մեծ չափերի են հասնում այդ քաղաքականությունը սնուցող թուրքերի մտավախությունները՝ հայերի մտադրությունների եւ Հայաստանի հետագա հզորացման վերաբերյալ: Այս մասին ավելի մանրամասն տե՛ս ստորեւ՝ լուխ 6, «Հայոց պատմական վրեժի զգացում» ենթաբաժինը:
     20. Ըստ Հայաստանի պաշտոնական աղբյուրներից քաղված տվյալների՝ 1999 թ. հայ-թուրքական առեւտրի ծավալը հասել է 42 միլիոն դոլարի, իսկ որոշ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 150 միլիոն դոլարի (Emil Danielyan, “Turkey-Armenia Travel in Question as Ankara Tightens Visa Regime,” RFE/RL News Briefs, 5 October 2000): Ինչպես գրում է այս հարցն առավել մանրամասնորեն հետազոտած հեղինակը՝ «Թուրքիան Հայաստանի հետ իրականացնում է արտաքին առեւտրային կապեր, որոնք, փաստորեն, չեն գտնվում պետության վերահսկողության ոլորտում: Այդպիսի տարերային եւ պատահական ձեւերով իրականացվող առեւտուրը հանգեցնում է բացասական հետեւանքների հատկապես Հայաստանի տնտեսության համար» (Թորոս Թորոսյան, Հայաստան-Թուրքիա. առեւտրատնտեսական կապեր: Երեւան. ՌԱՀՀԿ, 2001, էջ 5):
     21. International Institute for Strategic Studies, The Military Balance, 2001/2002 (London: Oxford University Press, 2001), p. 73.
     22. John Ward Anderson, “Kurdish Scar Unhealed in Turkey: Latest Attack Belies Government Resettlement Policy,” Washington Post, November 8, 2000;

- Էջ 105 -

p. A3. Հետաքրքիր է դիտարկել, որ 1995-ից մինչեւ 1997-ը թուրքական զինված ուժերի թիվն աճել էր՝ 507.800-ից հասնելով 639.000 զինծառայողի: Այս աճը տեղի էր ունեցել հիմնականում բանակում՝ 400.000-անոցից այն դարձել էր 525.000-անոց: Այս աննախադեպ աճը չի բացատրվում 1984-ից ի վեր Թուրքիայի այդ շրջաններում ընթացող քրդական ապստամբությամբ, որովհետեւ դա պատերազմ էր ընդամենը քուրդ պարտիզանների մանր ջոկատների ու թուրքական հակաապստամբական հատուկ ուժերի միջեւ: Այդ ապստամբությունը Թուրքիայի համար ռազմական լուրջ սպառնալիք չէր ներկայացնում եւ չէր պահանջում խոշոր բանակային զորամիավորումների ներգրավում: Այդ աճն ավելի ստույգ կարելի է կապել երկու այլ հանգամանքի հետ. ա) Եվրոպայում Սովորական սպառազինությունների մասին պայմանագրի սահմանափակումները հնարավորություն են ընձեռում Թուրքիային ունենալ անսահմանափակ թվով զորք եւ սպառազինություն 39-րդ հորիզոնականից հարավ ընկած իր տարածքում, որ սահմանակից է Հայաստանին, Իրանին եւ Իրաքին (տե՛ս Treaty on Conventional Armed Forces in Europe, Article II, 1 (B), in Bloed, Arie, ed., The Conference on Security and Cooperation in Europe: Analysis and Basic Documents, 1972-1993, p. 1226), եւ բ) զորքերի աճի բուն պատճառն Անկարայի ձգտումն է ռազմական ուժի ստվարացման ճանապարհով մեծացնել իր քաղաքական կշիռը Կովկասում, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում: Զորքերի հետագա կրճատումը տեղի է ունեցել, ըստ երեւույթին, թուրքական բանակի ռազմատեխնիկական նորացման եւ հագեցվածության բարձրացման շնորհիվ:
     23. International Institute for Strategic Studies, The Military Balance, 2001/2002, p. 81. 1999 թ. դրությամբ Ադրբեջանի բանակում դարձյալ նշվում է 72.150 զինծառայող (The Military Balance, 1998/1999. London: Oxford University Press, 1998, p. 75}:
     24. 2000թ. դրությամբ՝ Ադրբեջանի բանակում դասալքությունը հասնում էր մինչեւ 18-20 տոկոս (ժամկետային ծառայության 19.000 զինվոր), որի պատճառով էլ օրենքով նախատեսված 17 ամսվա փոխարեն ծառայության ժամկետը շատ դեպքերում հասնում էր 3-ից մինչեւ 3.5 տարի, ինչն իր հերթին ծնում էր կարգապահության անկում եւ դասալքության աճ (տե՛ս ԺՈՉՌՊ կպՑՐՏր�վ, “կՐՌփՌվօ ՉՏպվվՏչՏ ցրտպւՈ ՈՐՎ�վ”, ծՏպՉ ՍՏՉփպչ (ՌվՒՏՐՎՈՓՌՏվվՏ-ՈվՈսՌՑՌփպրՍՈ� չՈջպՑՈ ՈՐՎ�վրՍՏռ ՊՌՈրտՏՐօ րՑՐՈվ հծթ) դ 4 (28) ՎՈռ 2000): Ադրբեջանական աղբյուրների համաձայն` 1995-2000 թթ. ընթացքում հիվանդության, վթարների եւ ծեծկռտուքի հետեւանքով զոհվել է 2000 եւ հաշմանդամ դարձել շուրջ 3000 ադրբեջանցի զինվոր (2,000

- Էջ 106 -

Azerbaijani Soldiers Said to Have Died from Noncombat Deaths in 1995-2000,” RFERL Newsline, 30 August, 2001): Սակայն, միաժամանակ, Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, եռանդունորեն ամրացնում է իր զինված ուժերը եւ բարելավում նրանց բարոյահոգեբանական վիճակը: Այդ ուղղությամբ ձեռնարկվող զանազան միջոցառումներից կարելի է առանձնացնել ադրբեջանական բանակում պրոֆեսիոնալ զինվորներից բաղկացած առանձին զորամասերի ստեղծումը (ճակատամերձ գոտում արդեն տեղակայվել են այդ սկզբունքով համալրված մի քանի գումարտակներ), ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ գործողություններին եւ զորավարժություններին եռանդուն մասնակցությունը (այս մասին տե՛ս Մ. Մելքոնյան, «Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման հիմնախնդիրները. 2 եւ 3». - Հայ զինվոր, 20-27 փետրվարի 1999, դ 7 (262) եւ 27 փետրվար-6 մարտ 1999, դ 8 (263)): Վերջերս ադրբեջանական մի ստորաբաժանում էլ ուղարկվեց Աֆղանստան (“U.S. Salutes Azerbaijan for Helping,” Associated Press, November 19, 2002 4:26 PM ET):
     25. International Institute for Strategic Studies, The Military Balance, 2001/2002, pp. 80, 82. 1998 թ. դրությամբ՝ Հայաստանի բանակի կազմում կար 58.600, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակում՝ 20.000-25.000 զինծառայող. - International Institute for Strategic Studies, The Military Balance, 1997/1998 (London: Oxford University Press, 1997), pp. 68, 74, 76; cf. The Military Balance, 1995/1996 (London: Oxford University Press, 1995), p. 62; հմմտ. Ara Tatevosian, "Nagorno-Karabakh՛s New Army of՛ Iron Will and Discipline՛," Transition (OMRI) 9 August 1996, p. 23. 1999 թ. դրությամբ՝ Հայաստանի բանակի կազմում կար 52.000, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակում՝ 20.000-25.000 զինծառայող. - The Military Balance, 1998/1999 (London: Oxford University Press, 1998), pp. 74, 76.
     26. The Military Balance, 1997/1998, op. cit., p. 74. «ՄԻ-29»-ները ժամանեցին Հայաստան 1998 թ. դեկտեմբերին (5 հատ) եւ 1999թ. հունվարին (10 հատ). մինչ այդ յումրիի օդանավակայանում տեղակայված էր ՄԻ-23-ների մեկ էսկադրոն (“Russia reinforcing Armenian air defence base with MiG-29s,” 01/21/99 BBC Worldwide Monitoring; Source: RIA, Moscow, 20 January 99):
     27. 2002 թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 25-ը տեւած այդ տեղաբաշխման ժամանակ Հայաստան են բերվել կապի առանձին մի գումարտակ, կապի միջոցների նորոգման մի արհեստանոց եւ սուրհանդակային կապի մի հան-

- Էջ 107 -

գույց, ընդհանուր առմամբ՝ տեխնիկայի շուրջ 100 միավոր (“կպՐպՊՌրսՏՍՈՓՌ� տՐՏՔսՈ ոպջ ֆՍրՓպրրՏՉ”, ծՏՉՏպ ԹՐպՎ�, դ 906 ՏՑ 26 ՊպՍՈոՐ� 2002չ.): “Azerbaijan Calls On Russia To Halt Weapons Transfer To Armenia,” Associated Press, December 17, 2002.
     28. Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը, էջ 56, 67-69:
     29. Alexei G. Arbatov, "Military Reform in Russia: Dilemmas, Obstacles, and Prospects," International Security, Vol. 22, դ 4 (Spring 1998), pp. 83-134.
     30. "Chechen war shows deteriorated state of the Russian military: analysts say," Agence France Press, Washington, January 22, 2000 9:43 PM SGT; Colin McMahon, "Outgunned, Not Outfought," The Chicago Tribune, January 21, 2000. Ռուսական բանակի ծանր վիճակի մասին տե՛ս նաեւ հետեւյալ հրապարակումները՝ ԾՌւՈՌս ԽՐցչՏՉ. ՁՈռվօ ՉՏպվվՏռ ՐպՒՏՐՎօ. ԾՏրՍՉՈ: ԺպԽԸ, 1998; Թ. թպՏՐչՌպՉ, “ԸՐՎպռրՍՈ� տՐպրՑցտվՏրՑՖ ցչՐՏՋՈպՑ ոպջՏտՈրվՏրՑՌ ՀՏրրՌՌ”, ծպջՈՉՌրՌՎՏպ ՉՏպվվՏպ ՏոՏջՐպվՌպ, դ 10, 1998; Շ. ծ. ԺպՐ՚չՌվ, “ԸՐՎՌ� ՀՏրրՌՌ: Չջչս�Պ Չ XXI ՉպՍ”, հՏՓՌՏսՏչՌփպրՍՌպ ՌրրսպՊՏՉՈվՌ�, դ 6, Ռ՚վՖ, 1995, ր. 82-87.
     31. Hickok, "Hegemon Rising: The Gap Between Turkish Strategy and Military Modernization" p. 1. Այս կարծիքը փոքր-ինչ չափազանցված է, սակայն ճշմարտությունն այն է, որ Հյուսիսային Կովկասի եւ Այսրկովկասի ռազմական օկրուգներում տեղակայված ԽՍՀՄ սովորական ուժերը քանակապես եւ որակապես բազմապատիկ գերակշռում էին այսօր այնտեղ մնացած ռուսական զորամիավորումներին: Բերենք ընդամենը մեկ օրինակ՝ միայն Այսրկովկասի ռազմական օկրուգն ուներ 1150 տանկ ակտիվ զորամիավորումներում. այս եւ մյուս զորատեսակների համեմատական աղյուսակները տե՛ս Andrew Duncan, “Russian Forces in Decline,” Jane’s Intelligence Review, 1996, Vol. 8, դ 12.
     32. Այսրկովկասում Ռուսաստանի ռազմական քաղաքականության եւ, մասնավորապես, հայ-ռուսական կապերի մասին տե՛ս հպՐչպռ ՄՈՍՈՐ�վՓ, կՏսՌՑՌՍՈ տՏրՑրՏՉպՑրՍՏռ ՀՏրրՌՌ վՈ ԽՈՉՍՈջպ Ռ պպ տպՐրտպՍՑՌՉօ. ժՐպՉՈվ: ԸՃհՌծԼ, 2001, ր. 161-207; ԸՐՎպվՌ�: տՐՏոսպՎօ վպջՈՉՌրՌՎՏչՏ ՐՈջՉՌՑՌ�. կՏՊ Տոքպռ ՐպՊՈՍՓՌպռ ժ. Ծ. ԽՏՋՏՍՌվՈ. ԾՏրՍՉՈ: ՀՏրրՌռրՍՌռ ՌվրՑՌՑցՑ րՑՐՈՑպչՌփպրՍՌւ Ռր-րսպՊՏՉՈվՌռ, 1998, ր. 555-565.

- Էջ 108 -


     33. Տե՛ս Sezai Sengun, "Syria Flies PKK Militants to Armenia," Hurriyet, 10 November, 1993, in Foreign Broadcast Information Service Daily Report (այսուհետեւ՝ FBIS Daily Report): West Europe, 15 Nov. 1993, p. 72; Gorsel Polat, "PKK Will Attach with ASALA in the Spring," Cumhuriyet, 27 December 1993, in FBIS Daily Report: West Europe, 5 January 1994, p. 29; Sinan Onus, "Intelligence Report Details Armenia-PKK ties," Aydinlik, 29 January 1994, in FBIS Daily Report: West Europe, 3 February 1994, p. 36; "PKK Reportedly Moving to Iran, Armenia," Turkish Daily News, 1 February 1994, in FBIS Daily Report: West Europe, 7 February 1994, p. 44. Turkish Daily News-ում 1998 թ. ապրիլի 16-ին հայտնված մի հոդվածն էլ անապացույց պնդում էր, թե իբր ՔԲԿ-ն Հայաստանում ունի 7, Իրանում՝ 11, Ռուսաստանում՝ 4, Կիպրոսում՝ 1 բազա: Այս թուրքական քարոզարշավին միացավ նաեւ Ադրբեջանը, որի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե «հայ ագրեսորների օկուպացրած Լաչինի շրջանում պատրաստություն են անցնում 200 քուրդ ահաբեկիչներ, եւս 457 քուրդ գրոհայիններ ամբողջական ռազմական պատրաստություն են անցնում Հայաստանում, որպեսզի հետագայում ներմուծվեն Թուրքիայի տարածք». - Elmira Akhundova, “Defense Minister Abiyev: "We are keen on privileged partnership with NATO," Azernews/Azerkhabar 2/17/99 - 2/23/99:
     34. "If Armenia supports separatists, then we have made our decision, the button has been pressed. A war might break out any moment." RFE/RL Newsline Vol 2, դ 197, Part I, 12 Oct. 1998, Transcaucasus and Central Asia.
     35. Ed Blanche, "Terrorism: Turkey seizes PKK commander," Jane’s Intelligence Review-Pointer, 1 June, 1998. Նույն հոդվածագրի համաձայն՝ քրդական ապստամբության սկզբից՝ 1984 թ. ի վեր, Թուրքիայում ոչնչացվել է կամ տեղահանվել ու անմարդաբնակ է դարձվել 3.000 քրդական գյուղ: Ըստ թուրքական բանակի տվյալների՝ սպանվել կամ շարքից հանվել է 39.900 ՔԲԿ մարտիկ: Թուրքական զորքերը տվել են 4.600 սպանված: Թուրքական բանակի հետախուզության համաձայն՝ այժմ Թուրքիայում գործում են մոտ 3.000 ՔԲԿ մարտիկ, ու 4 հազարն էլ մարզվում են հարեւան երկրներում:
     36. Rouben Paul Adalian, “Armenia’s Foreign Policy: Defining Priorities and Coping with Conflict,” in Adeed Dawisha and Karen Dawisha, eds., The Making of Foreign Policy in Russia and the New States of Eurasia (Armonk, New York: M. E. Sharpe, Inc., 1995), p. 318.

- Էջ 109 -


     37. Տե՛ս, օրինակ, Ed Blanche, "Terrorism: Turkey seizes PKK commander," op. cit..
     38. Stratfor.com, "Where, oh where, has the PKK gone?" 1999.08.27; "PKK Wields Pipeline Leverage," 1999.11.23.
     39. Իր հուշերում 1993-94 թթ. Հայաստանում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը հայտնում է, որ Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը համաձայնության էր եկել Ռուսաստանի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Խասբուլատովի հետ՝ Հայաստանին մի քանի «վիրաբուժական» հարված հասցնելու ուղղությամբ. - տե՛ս Leonidas T. Chryzantopoulos, Caucasus Chronicles: Nation-Building and Diplomacy in Armenia, 1993-1994 (Princeton & London: Gomidas Institute Books, 2002), pp. 76-78, 155; հմմտ. “հպվրՈՓՌՏվվՏպ ջՈ�ՉսպվՌպ խպՏվՌՊՈրՈ ղՐՌջՈվՑՏտցսՏրՈ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 19 րպվՑ�ոՐ� 2002 չ.: Այս տեղեկությունն անուղղակի կերպով հաստատեց նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն՝ «Ազգ» թերթին իր տված հարցազրույցում (4 հոկտեմբեր 2002թ.), ինչպես նաեւ ՀՀ պետանվտանգության նախկին ղեկավար Էդվարդ Սիմոնյանցը ("’Turkey Really Was Going To Attack Armenia in Autumn 1993’, Former Head of State Department of National Security, Major General Eduard Simoniants Says,” Noyan Tapan News Agency, Yerevan, September 23, 2002).
     40. Հ. նՐվպրՑ Ժ՚տ՚Ռ Ռ ՁՐպՉՏՐ ծ. Ժ՚տ՚Ռ, ԹրպՎՌՐվՈ� ՌրՑՏՐՌ� ՉՏռվ. ԽվՌչՈ փպՑՉպՐՑՈ�: 1925 չՏՊ–1997 չՏՊ (հՈվՍՑ-կպՑպՐոցՐչ-ԾՏրՍՉՈ: կՏսՌչՏվ-ԸրՑ, 1998), ր. 754.
     41. Տե՛ս վերը, ծնթ. 33:
     42. PKK-ի 5-րդ հերթական համագումարը որոշել է «ժամանակավորապես» եւ «նախապայմանով» դադարեցնել իր զինված պայքարը. այս մասին հայտնի է դարձել 2002 թ. փետրվարի 6-ին MED TV-ի հաղորդումից (տե՛ս Հակոբ Չաքրյան, «PKK-ն որոշեց դադարեցնել զինված պայքարը Թուրքիայում», Ազգ, 8 փետրվարի 2002, դ 24):
     43. Ահա այս մասին PanARMENIAN.Net-ի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԶԱՆՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔ, ՊՆԴՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն պնդում է, որ Հայաստանն ունի զանգվածային ոչնչացման զենք: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս պնդումը պարունակվում է Թուրքիայի 6 «տագնապների» թվում, որոնք հնչեցրել է

- Էջ 110 -

Կիվրիկօղլուն՝ Թուրքիայի վարչապետ Բուլենտ Էջեւիտի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: Հուսեյն Կիվրիկօղլուն, խոսելով Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին Թուրքիայի բացասական վերաբերմունքի մասին, հայտարարել է, որ ոչ միայն Սադամ Հուսեյնի ռեժիմը, այլեւ Հայաստանը, Սիրիան, Իրանը եւ մի շարք այլ երկրներ ունեն զանգվածային ոչնչացման զենք: Թուրքական գլխավոր շտաբի պետի խոսքերով՝ Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրվի, որը հավասարազոր կլինի Իրաքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին». հմմտ. “Azeri ex-military men on threat if Armenia has weapons of mass destruction,” Azerbaijan News Service TV 8 January 2002; “Does Armenia Possess a Mass Destruction Weapon?”Azerbaijan News Service, January 9, 2002; “Armenian Defence Ministry spokesman calls Turkish general's statement ‘absurd’,” Arminfo, January 7, 2002:
     44. “Since the 1950s he has argued that American society requires military and intelligence services that think in the most tragic, pessimistic terms” (տե՛ս Robert D. Kaplan, “Looking the World in the Eye,” The Atlantic Monthly, December 2001, Vol. 288, դ 5, pp. 68-82.
     45. Ընդամենը մեկ պատմական օրինակ. Առաջին ու, հատկապես, Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում փոքրիկ Շվեյցարիան խուսափեց ներխուժումից ոչ թե նրա համար, որ իր զավթումն անհնարին էր, այլ որովհետեւ Շվեյցարիայի գրավման դիմաց որեւէ ուժ (նույնիսկ ֆաշիստական երմանիայի գերհզոր ռազմական մեքենան) չափազանց թանկ էր վճարելու:
     46. «Ոմանք փորձում են խնդիրներ առաջացնել ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ», Իրավունք, դ 59 (655), օգոստոս 2-5 2002թ.:
     47. Ժիրայր Սեֆիլյան. «Ազգային բանակի հարցի շուրջ». - Առավոտ, 8 հունիս 2002 թ.. հմմտ. Նույնի՝ «Հայկական բանակը տասնմեկ տարի անց». - Իրավունք, հունվար 31-փետրվար 6, 2003, դ 6:
     48. Հայկական բանակում լուրջ խնդիրների մասին է վկայում նաեւ դասալիքների թիվը. 2000 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ այն կազմում էր 5289 հոգի (“Officials Discuss Alternative Military Service,” Armenpress, 15 November 2000). Բարեբախտաբար, գնալով նվազում է (սակայն դեռեւս անընդունելիորեն մեծ թիվ է կազմում) խաղաղ ժամանակ ժամկետային ծառայության զինվորների մահվան դեպքերի թիվը. ՀՀ ՊՆ-ի տվյալների համաձայն՝ 1997-ին՝ 199, 1998-ին՝ 171, 1999-ին՝ 86, 2000-ին՝ 78, 2001թ. ութ ամսում՝

- Էջ 111 -

39 հոգի («ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարցազրույցը ԱՊՀ հայկական համայնքների «Նոյյան տապան» թերթին». - Հայ զինվոր, 8-15 սեպտեմբերի, 2001): ՀՀ զինվորական դատախազի տեղակալի հրապարակած տվյալներով, սակայն, 2000թ. զոհվել է 111, իսկ 2001-ին՝ 92 հայ զինծառայող (“Armenian military prosecutor points to significant drop in army deaths,” Arminfo, February 1, 2002):
     49. Իսրայելում պահեստուժի մարտիկները օրենքով պարտավոր են տարեկան ծառայել առնվազն 45 օր (այս օրերի թիվը կարող է ավելանալ՝ պայմանավորված տարածաշրջանի քաղաքական իրադրությամբ), ԱՄՆ-ում՝ 39 օր, Շվեյցարիայում՝ 21 օր (ութ տարի շարունակ):
     50. Charles E. Heller, Economy of Force: A Total Army, The Israel Defense Force Model (Carlisle Barracks, PA: Strategic Studies Institute, U.S. Army War College, March 15, 1992), p. 1.
     51. Օրինակներից մեկը պատանիների հետ աշխատանքն է, որը, կարծես, սկսվում է նաեւ Հայաստանում՝ 2002 թ. կադետական դպրոցի հիմնումով: Մ. Մելքոնյանի հաշվարկով՝ Հայաստանում հինգ ռազմական լիցեյի ստեղծումը կբավարարի «բարձրագույն ուսումնական հաստատությունները 100 տոկոս լիարժեք ռազմական պատրաստություն անցած, հիմնավոր գիտելիքներ ունեցող կուրսանտներով համալրելու, ինչպես նաեւ բանակը կրտսեր հրամանատարական կազմով ապահովելու համար (Մ. Մելքոնյան, «Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման հիմնախնդիրները. 2»): Այս առումով օրինակելի է նաեւ իսրայելական փորձը. 14 տարեկանից սկսած՝ իսրայելացի տղաների եւ աղջիկների մեծամասնությունն ընդգրկվում է ԱԴՆԱ կիսառազմական կազմակերպության մեջ: Բացի ֆիզիկական մարզումից եւ դաշտային պայմաններում ապրելուն վարժեցնելուց, ԱԴՆԱ-ն պատանիների մեջ ներարկում է գիտելիքներ՝ Իսրայելի անվտանգության առանձնհատուկ ծանր դրության մասին: Սա եւ՛ քաղաքացիական կրթություն է, եւ՛, որոշ չափով, քաղաքական ուսուցում, որը լավագույնս նախապատրաստում է պատանիներին Իսրայելի ռազմավարական եւ քաղաքական իրողությունների հետ հաշվի նստելուն եւ իմաստ է հաղորդում նրանց հետագա պարտադիր ծառայությանը: Նույն Իսրայելի բանակն ունի հատուկ մի ծրագիր, որը հավաքագրում է պատանեկան քրեամետ խմբերի ղեկավարներին, այնուհետեւ նրանց կրթում ու մարզում նպատակային այն համոզմունքով, որ նրանք տուն վերադառնան որպես դրական եւ օրինակելի կերպարներ (Samuel Rolbant, The Israeli Soldier: Profile of an Army. New York-London: Thomas Yoseloff LTD, 1970, pp. 222-223):

- Էջ 112 -


     52. 2002 թ. մարտին Իրանի պաշտպանության նախարարի՝ ադմիրալ Ալի Շամխանիի՝ պատմության մեջ առաջին այցը Հայաստան՝ ինքնին ռազմական ասպարեզում երկկողմանի հարաբերություններին զարկ տալու ցանկության պարզ արտահայտություն է (Armen Zakarian, “Iranian Defense Chief Plans Visit To Armenia,” RFE/RL Armenia Report, 4 February 2002; Iran's Defense Chief Hopes For Closer Ties With Armenia,” RFE/RL Armenia Report, 4 March 2002): Այս առումով զարմանալի է ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի այն հայտարարությունը, թե անվտանգության մակարդակում Հայաստանն Իրանի հետ հարաբերություններ չի զարգացնելու (Թաթուլ Հակոբյան, «Հայոց ցեղասպանությունը ժխտելով՝ Իսրայելը Հայաստանում ձեւավորում է հակահրեական տրամադրություններ». - Ազգ, 12 փետրվար 2002:
     53. Տե՛ս ծնթ. 20-21:
     54. “Income Gap Greater In Armenia Than CIS States,” Asbarez Online, January 31, 2002. cf. Արա Մարտիրոսյան, «“Արդյունաբերության աճը պետք է արագացնել”, նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը». - Ազգ, 31 հունվարի 2002.
     55. «Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագիր (նախագիծ)». - Հայացք տնտեսությանը, դ 12 հոկտեմբեր 2002 թ., էջ 9:
     56. Neil MacFarlane, Western Engagement in the Caucasus and Central Asia (London: Royal Institute of International Affairs, 1999), p. 47. Ընդ որում՝ Հայաստանի արտաքին պարտքը 2002 թ. անցնելու է 1 միլիարդ դոլարից (“Armenia's Foreign Debt Exceeds $1Billion,” Asbarez Online, 10 January 2002):
     57. Levon Chorbajian, ed., Making a State: From Secession to Republic In Nagorno-Karabagh (New York: St. Martin's Press, 2001), p. 28. Չորբաջյանը հղում է հետեւյալ աղբյուրը՝ Edward N. Wolff, The Rich Get Increasingly Richer: Latest Data on Household Wealth during the 1980s (Washington: Economic Policy Institute, 1993): 1980-ական թթ. սկզբին Մեծ Բրիտանիայի բնակչության 80 տոկոսը պակաս սեփականություն ուներ, քան 10 տոկոս հարուստները (Ժ. Ը. ԹՏսՍՏչՏվՏՉ. կրՌւՏսՏչՌփպրՍՈ� ՉՏռվՈ: տՏՊՐօՉվօպ ՊպռրՑՉՌ� ՌՎտպՐՌՈսՌջՎՈ Չ ՏոսՈրՑՌ ՏոքպրՑՉպվվՏչՏ րՏջվՈվՌ�. ԾՏրՍՉՈ: ԹՏպվվՏպ ՌջՊՈՑպսՖրՑՉՏ, 1984, ր. 148):

- Էջ 113 -


     58. Գարեգին Նժդեհ, Բանտային գրառումներ (խորհրդածութիւններ), (Երեւան, «Մ. Վարանդեան հրատ.», 1993), էջ 72-73:
     59. Մ. Մելքոնյան. «Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման հիմնախնդիրները. 2». - Հայ զինվոր, 20-27 փետրվար 1999, դ 7 (262):
     60. Թերեւս պատմական փորձը եւս նշանակություն ունի: Իր պատմության ողջ ընթացքում Հայաստանը չի եղել եւ, իր աշխարհառազմավարական դիրքի բերումով, չէր կարող լինել «կաստաների» բաժանված երկիր: Պատահական չէ, որ Հայաստանում ստրկատիրությունը երբեք չի արմատավորվել իբրեւ հասարակական-տնտեսական կյանքի երեւույթ եւ աշխատանքի եղանակ:
     61. Մոտավորապես նույն տեսակետն, իր չափազանց արժեքավոր հուշագրության մեջ, արտահայտում է Արցախյան պատերազմի վետերան-հրամանատար, խորհրդային բանակի կադրային սպա Դ. Ս. Բաղդասարյանը. «Եթե մեր զինված ուժերի հրամանատարությունը բավականաչափ տվյալներ կունենա հակառակորդի հարձակման նախապատրաստման եւ պատերազմի վերսկսման վերաբերյալ, ապա պետք է վճռական կանխիչ հարված հասցվի հակառակորդին՝ մինչեւ նրա հարձակման անցնելը: Եթե հակառակորդին հաջողվի անսպասելի հարված հասցնել՝ մեր զինված ուժերը չպետք է խրվեն երկարատեւ պաշտպանական մարտերի մեջ, դա վտանգավոր է լինելու մեզ համար, այլ պետք է ետ մղել հարձակումը եւ անհապաղ անցնել հակահարձակման: Երկու դեպքում էլ մեր զինված ուժերը պետք է հետա-պնդեն Քուռ գետի աջ ափ դուրս գալու մարտական խնդիրը: Վերականգնելով պատմական Հայաստանի հյուսիսային սահմանը՝ անհրաժեշտ է լինելու մնալ կանգնած այդ սահմանի վրա եւ ամրապնդել այն: Կարծում եմ, որ պատերազմի եւ խաղաղության հարցը նման ձեւով ավելի հստակ լուծում կստանա» (Դ. Ս. Բաղդասարյան, Դիմակայություն (հուշագրություններ): Երեւան. «Մխիթար ոշ», 1998, էջ 176):
     62. Ադրբեջանի նավթային արտահանումը խափանելու նպատակով՝ հայկական հարվածի թիրախ են դառնալու ինչպես նավթամուղները, այնպես էլ նավթադաշտերը: Վերջիններիս վրա արդյունավետ հարված կարելի է հաս-ցնել 300-400 կմ շառավիղ ունեցող հրթիռներով, որոնք ինքնաթիռներից անհամեմատ, 30-40 անգամ, էժան են (ՍԿԱԴ-2 հրթիռների հասանելիու-թյան շառավիղը շուրջ 300 կիլոմետր է): Սակայն նավթամուղները փակելու գործում հրթիռները արդյունավետ չեն լինի. նախ՝ դրանք կարող են վրիպել (բարձր ճշգրտություն ունեցող հրթիռները շատ ավելի թանկ են), եւ հետո՝ մեկ հարվածից հասցված վնասը կարելի կլինի արագ նորոգել: Ուրեմն՝ կմնա երեք լուծում. ա) գրավել-կտրել նավթամուղի գիծը, բ) մոտե-

- Էջ 114 -

նալ այդ գծին առնվազն 30 կմ՝ այն մշտական հրետակոծման տակ պահելու համար, կամ էլ՝ հաճախակի ռմբակոծել այն օդուժի միջոցով:
     63. Հայաստանում ռազմական շինարարության տնտեսական ապահովման խնդիրների մասին տե՛ս Մ. Մելքոնյան. «Հայաստանի ռազմական ան-վտանգության ապահովման հիմնախնդիրները. 3». - Հայ զինվոր, 27 փետրվար-6 մարտ 1999, դ 8 (263):
     64. Հակառակորդի թվային գերակշռությանը մշտապես բախված Իսրայելի բանակը դրան հաջողությամբ հակադրել է «փոքր զորամիավորումներին եւ յուրաքանչյուր մարտիկին տրվող կարեւորությունը: Նրանց անհատականությունը, եռանդը, մասնակցությունն ու քաղաքական գիտակցությունը անգնահատելի էին: Այսպիսի դրվածքը [որոշումներ ընդունելու] լայն շառավիղ է տալիս կրտսեր հրամանատարներին եւ խրախուսում անձնական նախաձեռնությունը» (տե՛ս Samuel Rolbant, The Israeli Soldier: Profile of an Army, p. 34): Մ. Մելքոնյանը նկատում է, որ «ամերիկյան փորձագետների համոզմամբ՝ 100 արհեստավարժ զինվորը փոխարինում է 250 նորակոչիկի, իսկ թուրք զինվորական մասնագետների պնդմամբ՝ արհեստավարժ զինվորներով համալրված վաշտը կարող է հաջողությամբ լուծել նորակոչիկներով համալրված գումարտակի մարտական խնդիրները» (Մ. Մելքոնյան. «Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման հիմնա-խնդիրները. 2». - Հայ զինվոր, 20-27 փետրվարի 1999, դ 7 (262)):

- Էջ 115 -



Գլուխ 3           Գլուխ 5