ԳԼՈՒԽ 1

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ



     Համաշխարհային նոր համակարգ կամ (հայերենը թույլ է տալիս համառոտել) նոր աշխարհակարգ ասելով՝ ընդունված է հասկանալ 1990-ական թթ. սկզբից մինչեւ այսօր ձգվող ժամանակաշրջանը. այսինքն՝ երբ Խորհրդային Միության փլուզումով Ամերիկայի Միացյալ Նահանգները մնաց որպես միակ ու դեռեւս իր մրցակիցը չունեցող գերտերություն: Աշխարհը դարձել է պակաս կանխատեսելի, առավել մասնատված եւ վտանգավոր, զուգահեռաբար կտրուկ աճել է ռազմական հակամարտությունների թիվը: Ամերիկյան Ազգային պաշտպանության խորհրդի հիմնադրամ (National Defense Council Foundation) վերլուծաբանական կենտրոնի հաշվարկով՝ սառը պատերազմի օրոք ռազմական հակամարտությունների մեջ էին ներգրավված տարեկան միջինը 35, 2000 թ.-ին՝ 68, 2001-ին՝ 59 պետություն1: Սրա պատճառն այն է, որ Միա-ցյալ Նահանգների հնարավորությունները որքան էլ ահռելի են, այդուհանդերձ թույլ չեն տալիս ստեղծել խոշոր հակամարտու-թյուններից զերծ գլոբալ այնպիսի մի իրավիճակ, ինչպիսին սառը պատերազմի օրոք հաստատել էին զույգ գերտերությունները՝ իրենց արբանյակ-դաշնակիցների հետ միասին:
     Որո՞նք են մյուս հիմնական՝ «մակրո» չափանիշները, որոնք տարբերում են հին՝ սառըպատերազմյան աշխարհակարգը նոր աշխարհակարգից՝ ուղղակիորեն անդրադառնալով փոքր պետու-
- Էջ 32 -

թյունների եւ պետություն չունեցող ճնշված ժողովուրդների շահերի վրա: Զննենք այդպիսի չորս մակրոչափանիշ՝ բարոյականը, տնտեսականը, ռազմականը եւ հոգեւոր-մշակութայինը:
     Բարոյական մակարդակում պատկերը շատ հստակ է. որեւէ առաջընթաց չի՛ գրանցվել: Վկա՝ վերջին տասնամյակի ընթացքում տարբեր պետությունների իրականացրած զանգվածային հանցագործությունները, ցեղասպանական կոտորածները (genocidal massacres), էթնիկական զտումները, բնակչության տեղահանությունները եւ, զուգահեռաբար, այդ ամենի նկատմամբ մեծ տերությունների դրսեւորած անտարբերությունը: Մասնավորապես, կարելի է վերհիշել 1994 թ. 800.000 թութսիների եւ «չափավոր» հութուների սպանդը Ռուանդայում, 1990-95 թթ. բալկանյան իրադարձությունները, քրդական շարժումների եւ ազգային ինքնության ճնշումները Թուրքիայում եւ այլն:
     Այն դեպքերում, երբ մեծ տերությունները, «մարդասիրական միջամտություն» անվան տակ, ռազմական ուժով ուղղակիորեն միջամտել են իրադարձություններին, նրանք դարձյալ, նախ եւ առաջ, հետապնդել են հստակ աշխարհաքաղաքական շահ, լինի դա Քուվեյթում՝ 1990 թ., Բոսնիայում՝ 1995 թ., Կոսովոյում, թե՛ Արեւելյան Թիմորում՝ 1999 թ.:
     Բացահայտվել է եւս մի հետաքրքրական մոտեցում. «մարդասիրական միջամտությունը» իրականացվել է միայն միջազգային ասպարեզում մեկուսացված եւ թուլացած պետությունների՝ Իրաքի, Հարավսլավիայի, մասամբ՝ Ինդոնեզիայի նկատմամբ: Մինչդեռ հզոր կամ դաշնակից պետությունների նույնատիպ վարքագծի պարագայում ռազմական կամ թեկուզ տնտեսական ճնշամիջոցների մասին խոսք անգամ չի եղել (նման օրինակներից են Թուրքիայում քրդերի դեմ կիրառվող ռասիստական ճնշումները եւ Իսրայելի կողմից Պաղեստինի երկարատեւ բռնազավթումը)2: Ընդհանուր առմամբ՝ միջազգային հարաբերություններում խաղի կանոնները շարունակում են թելադրել ուժը եւ սեփական շահը3: Սակայն ճիշտ չէր լինի այս միտումները կապել զուտ բարոյականության հետ: Խնդիրըն ավելի խորքային է. պարզապես, ներկա միջազգային քաղաքական համակարգի պայմանները նույնիսկ ամենահզոր տերություն-
- Էջ 33 -

ներին թույլ չեն տալիս բարոյական չափանիշը դարձնել իրենց արտաքին քաղաքականության ուղենիշ:
     Այսպիսով՝ նոր աշխարհակարգի բարոյականությունը հին աշխարհակարգերի բարոյականությունից քիչ է տարբերվում. միջազգային հզոր ուժերը դարձյալ գործում եւ առաջնորդվում են «իմ շահն ամենից վեր է» սկզբունքով: Տարբերությունն այն է, որ հաղորդակցության արդի միջոցները որոշ հնարավորություն են տալիս արագ եւ ուղղակիորեն ազդելու ժողովրդավարական համակարգ ունեցող մեծ տերությունների հասարակական կարծիքի վրա: Սակայն նույնիսկ այդ սահմանափակ միջոցից օգտվելու համար փոքր պետությունների եւ ժողովուրդների ռեսուրսները չեն բավարարում:
     Ի տարբերություն բարոյականի՝ տնտեսական ոլորտում փոփոխություններն ակնհայտ են եւ արտահայտվում են նրանում, որ Արեւմուտքը ու նախ եւ առաջ ԱՄՆ-ն է՛լ ավելի ամրապնդեցին համաշխարհային տնտեսության մեջ իրենց դիրքերը: Մասնավորապես՝ նրանց հաջողվեց տնտեսական վերահսկողություն հաստատել նախկինում իրենց անհասանելի ԽՍՀՄ ողջ տարածքի վրա: Այս գործում զգալի դեր կատարեցին համաշխարհային տնտեսական կառույցները, հատկապես՝ Միջազգային արտարժույթի հիմնադրամը: Նախկին ԽՍՀՄ տարածքում տնտեսապես բավական բարեկեցիկ կյանքով ապրող միլիոնավոր մարդիկ ընդամենը երկու-երեք տարվա ընթացքում գլորվեցին աղքատության գիրկը, որից դուրս գալու ճանապարհները դեռեւս չեն ուրվագծվում: Այժմ դժվար է ասել, թե որքանո՞վ էին խաղաղ ժամանակների համար այս աննախադեպ անկման պատճառները գիտակցաբար ուղղորդվում կամ կառավարվում դրսի ուժերի կողմից: Սակայն գոնե մի բան պարզ է. Արեւմուտքի վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆինանսական կառույցները, հետխորհրդային տարածքի պետություններին (ինչպես եւ այլոց) տված իրենց խորհուրդներով ու վարկերով հանդերձ, սնանկ դուրս եկան՝ դրությունը շտկելու եւ ճգնաժամը հաղթահարելու գործում4:
     Վերջին տարիներին անցկացված հետազոտություններն աներկբայորեն մատնացույց են անում, որ նոր աշխարհակարգի գոյատեւման կարճաժամկետ ժամանակահատվածում կտրուկ արագա-
- Էջ 34 -

ցել են աղքատ երկրների հետագա աղքատացումը եւ հարուստ երկրների հետագա հարստացումը: 1970-ից մինչեւ 2000 թ. ընկած ժամանակամիջոցում 1.6 միլիարդ բնակիչներ ունեցող հարյուր երկրներ ապրել են տնտեսական անկում. դրանց գրեթե կեսում միջին եկամուտներն ավելի ցածր էին, քան 1970 թ.5: Մոլորակի 1.2 միլիարդ բնակիչների օրական եկամուտը 1 դոլարից պակաս է, այսինքն՝ բազմապատիկ ցածր եվրոպական միջին ցուցանիշից, որն օրական 60 դոլար է6:
     Բրիտանացի հետազոտողների գնահատականներով՝ Արեւմուտքն ստիպել է աշխարհի մյուս երկրներին բացել իրենց շուկաները՝ առանց փոխադարձաբար նույնը կատարելու: Զարգացող երկրները տարեկան կորցնում են 100 միլիարդ դոլար՝ արեւմտյան երկրների սեփական արտահանմանը տրվող լրավճարների եւ ներմուծման առջեւ դրված առեւտրական պատնեշների պատճառով: 2000 թ. միայն գյուղատնտեսության համար դրանք հասնում էին 245 միլիարդ դոլարի, ինչը մոտավորապես 5 անգամ ավելի էր այդ տարվա ընթացքում զարգացող երկրներին Արեւմուտքի տրամադրած գումարից: Զարգացող աշխարհի արտադրական ապրանքների առջեւ տուրքային պատնեշները միջինը 4 անգամ ավելի բարձր են, քան ինդուստրալացված աշխարհի ապրանքների առջեւ դրված տուրքերը: Ամենաթույլ զարգացած 49 երկրներից (որտեղ մոտ 300 միլիոն մարդ ապրում է ՄԱԿ-ի հաստատած աղքատության սահմանագծից ներքեւ) ԱՄՆ մտնող կաշին, կոշկեղենը, տեքստիլ եւ այլ ապրանքատեսակներ ենթարկվում են այնպիսի բարձր մուտքատուրքերի, որոնք այդ երկրների վրա ավելի թանկ են նստում, քան ԱՄՆ-ից նրանց ստացած օգնությունը: Մուտքատուրքերի նվազմանը նվիրված բանակցությունների այսպես կոչված «Ուրուգվայական փուլում» (ստորագրվել է 1994 թ.) Արեւմուտքը խոստացավ իջեցնել գյուղատնտեսությանը տրվող լրավճարները 36 տոկոսով, որին ի պատասխան՝ զարգացող երկրները պետք է իջեցնեին ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առջեւ դրված մուտքատուրքերը: Զարգացող երկրները կատարեցին իրենց խոստումը եւ մոտավորապես կիսով չափ նվազեցրին իրենց մուտքատուրքերը: Զարգացած երկրները չկատարեցին պայ-

- Էջ 35 -

մանագրի իրենց մասը՝ թողնելով իրավիճակն այնպես, ինչպես այն կար 1994 թ.7:
     2002 թ. օգոստոսին Յոհաննեսբուրգում կայացած ՄԱԿ-ի՝ Երկրի զարգացման հարցերին նվիրված գագաթաժողովում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Թհաբո Մբեկին, կոչելով վերջ դնել «գլոբալ ապարթեիդին», նախազգուշացրեց. «Կենսունակ չէ համաշխարհային այն հասարակությունը, որը հիմնված է բյուրերի աղքատության ու քչերի բարգավաճման վրա եւ բնութագրվում է հարստության կղզյակներով, որոնք շրջապատված են աղքատության օվկիանոսով»8:
     Համաշխարհային տնտեսության այսպիսի իրավիճակն ստեղծում է նաեւ մեծ լարումներ, որոնք արդեն մոտ ապագայում կարող են շատ լուրջ ցնցումներ առաջացնել միջազգային քաղաքական համակարգում. դա վերջերս ընդունում են անգամ արեւմտյան պետությունների որոշ առաջին դեմքեր եւ առաջատար վերլուծաբաններ9:
     Ռազմական ոլորտում փոփոխություններն ամենաակնառուն են: Տարեցտարի մեծանում է ԱՄՆ-ի զինուժի տեխնոլոգիական եւ տեղեկատվական առաջընթացն ու «պոկվածությունը» ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ՆԱՏՕ-ական դաշնակիցներից10: ԱՄՆ-ը այժմ միակ գերտերությունն է, որն ընդունակ է մեծաթիվ մարդկային ու կրակային ուժեր տեղափոխել եւ կիրառել աշխարհի ցանկացած վայրում: Ահա իրականությունը պատկերող մի քանի պերճախոս փաստեր. 1999 թ. Միացյալ Նահանգները ռազմական նպատակներով ծախսել է 283.1 միլիարդ դոլար, մինչդեռ Ռուսաստանը՝ 56.8, Ճապոնիան՝ 40.4, Չինաստանը՝ 39.9, Ֆրանսիան՝ 37.9, Մեծ Բրիտանիան՝ 36.9, երմանիան՝ 31.111: 2001 թ. ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 306 միլիարդ դոլար (չհաշված սեպտեմբերի 11-ից հետո նախագահ Բուշի հայտարարած 40-միլիարդանոց հավելումը), այսինքն՝ մոտ 85 տոկոսով ավելի, քան ՆԱՏՕ-ի մյուս 18 անդամները միասին վերցրած12: Իսկ 2002 թ. ԱՄՆ-ի ռազմական բյուջեն ապրել է վերջին 20 տարվա մեջ ամենակտրուկ աճը՝ կազմելով շուրջ 340 միլիարդ դոլար13:
     Վերջապես, հոգեւոր-մշակութային ոլորտում նույնպես դիտվում է ամերիկյան բարքերի եւ զանգվածային մշակույթի տարա-
- Էջ 36 -

ծում՝ ի հաշիվ տեղական մշակույթների եւ ավանդույթների: Այս բնագավառում հատկապես մեծ դեր են կատարում անգլերեն լեզվի հաղթարշավը եւ ինտերնետի տարածումը14:
     Համաշխարհային անկայունությանը նպաստող Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի միջեւ արդեն իսկ առկա հակամարտությանն առաջիկայում հնարավոր է գումարվի եւ լուրջ ապակայունացման տեղիք տա նաեւ գնալով թափ առնող լարվածությունների աճը բուն Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության միջեւ15:
     Հետսառըպատերազմյան շրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները նման չեն դիվանագիտության վերջին երկու դարի պատմությունից ծանոթ՝ ազդեցության ոլորտների վերաբաշխման ավանդական խաղերին: լոբալացման ընդհանուր ընթացքն առաջիկա մեկ-երկու տասնամյակում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար հնարավոր է դարձնում համաշխարհային հարաբերական տիրապետությունը: Համենայն դեպս՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ եկած ԱՄՆ-ի համաշխարհային միանձնյա առաջնորդությունն ընդունել է կայուն ձեւեր: Աշխարհի «ամերիկակենտրոնությունը» խոստանում է ձգվել առնվազն մեկ-երկու տասնամյակ եւս, հնարավոր է՝ ավելի երկար16: Միջին Ասիայում, Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆ-ի ռազմական բազաների հաստատումը գալիս է է՛լ ավելի նեղացնելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության շրջանակը:
     Մեր օրերում մեծ տերությունները ձգտում են հաստատել իրենց տիրապետությունը ոչ թե բռի ուժով, այլ տնտեսական լծակների հմուտ օգտագործմամբ ու հոգեւոր-մշակութային արժեքների գերիշխանության հաստատմամբ: Վերջերս արդյունավետորեն օգտագործվում են նաեւ այնպիսի լծակներ, ինչպիսիք են փոքր ժողովուրդների վերնախավերի (հատկապես նրանց աշխարհընկալման եւ մտքի) վրա վերահսկողության սահմանումը կամ այդ վերնախավերի ուղղակի կաշառումը:
     Հետաքրքրական են մեծ տերությունների՝ տիրապետություն եւ ազդեցություն հաստատելու ընդհանուր կանոնները.
     1) հնարավորին չափ ապահովել վերահսկողության տակ հայտնվողի կամավորությունը.

- Էջ 37 -


     2) փորձել բացարձակ վերահսկողություն հաստատել ոչ թե այս կամ այն տարածաշրջանի կամ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող խնդրի մի մասի վրա, այլ հարաբերական վերահսկողություն՝ ամբողջ այդ տարածաշրջանի կամ խնդրի վրա.
     3) հակամետ շահեր ունեցող պետությանը ջախջախել ու հպատակեցնել ոչ թե մարտի դաշտում, այլ վերածել այն համագործակցող պետության, որով մեծապես հեշտանում է նրա վերահսկողությունը եւ ուղղորդումը.
     4) հմտորեն խույս տալ վերահսկողություն հաստատելու փորձերի դեմ ամենավտանգավոր ախոյանից՝ հայրենասիրական-ազգայնական զգացմունքների հետ բախումից: Այս առումով՝ ռազմական միջամտությունը Կոսովոյում, Չեչնիայում եւ Աֆղանստանում բացառություններ են, որոնք ընդամենը հաստատում են ընդհանուր կանոնը:
     Խաղի հե՛նց այս կանոններով ԱՄՆ առայժմ կարողացել է հարաբերական վերահսկողություն սահմանել մոլորակի մեծ մասի վրա17: Եվ սա չեն էլ թաքցնում ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունն ու հետագա ծավալապաշտությունը ջատագովները: Ահա ընդամենը մեկ մեջբերում այդ շրջանակների վառ ներկայացուցիչ Զբիգնեւ Բժեզինսկու աղմուկ հանած՝ «Շախմատային մեծ տախտակ. Ամերիկայի առաջնությունն ու նրա աշխարհառազմավարական հրամայականները» գրքից. «Ամերիկյան համաշխարհային համակարգը շատ ավելի լայնորեն է կիրառում կոոպտացիայի տեխնիկան (օրինակ՝ պարտված ախոյանների՝ երմանիայի, Ճապոնիայի եւ վերջերս նույնիսկ Ռուսաստանի հանդեպ), քան դա անում էին անցյալի իմպերիալիստական համակարգերը: Այն նաեւ մեծապես օգտագործում է օտար կախյալ վերնախավերի վրա ոչ ուղղակիորեն ազդելու միջոցառումները»18:
     Ամերիկյան վերահսկողությունից ցցուն կերպով դուրս են մնացել Իրանը, Իրաքը (որը մեկուսացված եւ կիսապաշարված վիճակում է), Կուբան, Հյուսիսային Կորեան եւ, իհարկե, Չինաստանը: Ռուսաստանը, պահպանելով հանդերձ իր հզորագույն միջուկային զինապաշարը, այդուամենայնիվ զգալիորեն հայտնվել է ԱՄՆ-ի քաղաքական վերահսկողության ու հոգեւոր-մշակութային ազդեցության տակ:
- Էջ 38 -


     Վերոհիշյալ խաղի կանոններով են առաջնորդվում նաեւ մյուս մեծ պետությունները, ներառյալ Ռուսաստանը, որը, սակայն, առայժմ փորձում է ամրապնդել իր ազդեցության գոտիները շատ ավելի փոքր աշխարհագրական ընդգրկմամբ՝ իրեն անմիջականորեն հարող պետությունների տարածագոտում:
     Նոր աշխարհակարգի պայմաններում ճնշված ժողովուրդների միջեւ արդյունավետ համագործակցությունն անհնար է դառնում հաղորդակցության բարդությունների, նրանց տրամադրության տակ եղած ռեսուրսների պակասի եւ, ամենակարեւորը, տարբեր մեծ տերությունների ազդեցության տակ լինելու պատճառով: Մեծ պետությունները եւս ամենեւին շահագրգռված չեն պաշտպանելու փոքըր կամ ճնշված ժողովուրդների շահերը: Այդ ժողովուրդների ճակատագիրը կարող է բարելավվել միայն սեփական ուժերով՝ առանց դրսից ստացվելիք օգնության հետ սին հույսեր կապելու:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     1. The National Defense Council Foundation, World Conflict List, 2000, 2001, http://www.ndcf.org, հմմտ. Carolyn Skorneck, “Study: Number of Conflicts Declines,” Associated Press, December 23, 2001, 6:43 PM ET. Այս իրողությունը բերել է նաեւ միջազգային խաղաղարար ու խաղաղապահ ուժերի բազմապատկմանը. տակավին 1995 թ. հունիսի 26-ին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բ. Բութրոս Ղալին հայտարարում էր. «Խաղաղապահության (ՄԱԿ-ի) բյուջեն նախկինում սովորաբար 600 միլիոն դոլար էր, իսկ այժմ այն 3.6 միլիարդ դոլար է: Մեր կապույտ բերետների թիվն առաջ 5000 էր, իսկ այժմ՝ 60.000» (US News & World Report, June 26, 1995, p. 44):
     2. Ընդունելով այս իրողությունը՝ շատ հեղինակներ կարծում են, որ 20-րդ դարի վերջում ընդհանուր միտումներն, այնուամենայնիվ, ժողովուրդների ինքնորոշման օգտին են, տե՛ս William Safire, “Against Internal Agression (Essay),” New York Times, March 25, 1999. Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն է ասում, որ «Մարդու իրավունքների խնդիրները հետ են շպրտում ինքնիշխանությունը. որեւէ դաժան ու ցավոտ իրադրության մեջ մարդկանց տառապանքները շատ ավելի կարեւոր են, քան ինքնիշխանությունը» (Human rights issues push sovereignty to the edge:
- Էջ 39 -

When you have a cruel and painful situation, the suffering of these people is so much more important than sovereignty.). – Justin Brown, “NATO sets precedent in deciding to violate a border,” The Christian Science Monitor, March 25, 1999:
     3. Այս իրականության վերջին ցայտուն օրինակներից կարելի է հիշել համաշխարհային հարաբերական գերիշխանության ձգտող ԱՄՆ-ի վարքագիծը հետեւյալ հարցերում.
     ա) ձերբակալելով Աֆղանստանում հարյուրավոր մահմեդական ծայրահեղականների, ի հակադրություն ՄԱԿ-ի եւ մարդու իրավունքների գծով այլ կառույցների իրավական միահամուռ տեսակետի, հրաժարվեց տալ նրանց ռազմագերիների կարգավիճակ, որ 1949 թ. Ժնեւի կոնվենցիաներով որոշակի պաշտպանվածություն է նախատեսում, այլ որակեց նրանց որպես «օրենքից դուրս զինյալներ» (unlawful combatants). - տե՛ս “Third Group of Prisoners Arrives in Guantanamo,” World-Reuters News, January 17, 2002, 12:05 AM ET; Mike Peacock, “Britain Wants U.S. to Explain Guantanamo Bay Photos,” World-Reuters News, January 20, 2002, 10:17 AM ET. Christopher Wilson and Sayed Salahuddin, “U.S. Holds Firm: Afghanistan Captives Are Not POWs,” World-Reuters News, January 27, 2002, 7:50 PM ET.
     բ) ԱՄՆ-ը դեմ հանդես եկավ Միջազգային հանցանքների դատարանի (International Criminal Court) ստեղծմանը՝ ցանկանալով, որ իր ռազմական գործողությունները դուրս լինեն արտասահմանում որեւէ միջազգային ատյանի վերահսկողությունից. - տե՛ս “Courting Disfavour,” The Economist, Apr 12th 2002. Այս հարցում ԱՄՆ-ը դեմ դուրս եկավ անգամ իր ամենամտերիմ դաշնակիցներին՝ Մեծ Բրիտանիային, երմանիային, Ֆրանսիային (տե՛ս Edith M. Lederer, “War Crimes Court Officially Begins,” Associated Press News, July 1, 2002 7:12 AM ET; Irwin Arieff, “US Kills UN Bosnia Mission, Then Grants Reprieve,” World-Reuters News, July 1, 2002, 12:27 AM ET: Evelyn Leopold, “Bitter Fight with U.S. Leads to Compromises on Court,” World-Reuters News, July 13, 2002, 2:45 AM ET).
     4. Այսպես՝ 1958-ից ի վեր Միջազգային արժութային հիմնադրամը (ՄԱՀ) Թուրքիայում իրականացրել է շուրջ 20 ծրագիր, որոնց արդյունքը ծաղրում է «Ուոլ Սթրիթ Ջոռնալի» մի խմբագրական հոդվածը. – “Tinkering With Turkey (Editorial),” The Wall Street Journal, January 16, 2002: Իսկ Արգենտինայի (որը դեռեւս կես դար առաջ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն էր) աննախադեպ տնտեսական ճգնաժանը նույնպես մեծապես պայմանավորված էր նույն կառույցների սխալ խորհրդատվությամբ:
- Էջ 40 -

Այդ մասին վերջերս ուղղակի հայտարարեց տնտեսության գծով նոբելյան մրցանակի դափնեկիր, Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը՝ կոչ անելով բարելավել գլոբալ ֆինանսական համակարգը եւ այդ գործն սկսել Միջազգային արժութային հիմնադրամի կատարյալ ռեֆորմից (տե՛ս “Economist: IMF Made 'Fatal' Mistakes in Argentina,” World-Reuters News, January 17, 2002, 5:31 AM ET). Ավելի վաղ այս կապակցությամբ ռադիկալ հայտարարություններ էր արել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն, որը պահանջել էր «ոչնչացնել Միջազգային արժութային հիմնադրամը» (տե՛ս Jason Webb, "Developing Countries to Fight 'Economic Apartheid'," World-Reuters News, April 15, 2000 12:13 AM ET), իսկ մի այլ առիթով էլ պնդել, որ «սոցիալիստական Կուբան կարողացել է դիմանալ ԱՄՆ-ի ճնշմանը եւ [տնտեսության գլոբալ] անկմանը, որովհետեւ այն առանձին է կանգնած քաոսային [բնույթ ունեցող] գլոբալ կապիտալիզմից եւ այդ իսկ պատճառով փրկվել է դահիճ Միջազգային արժութային հիմնադրամից» (տե՛ս Pascal Fletcher, "Castro Says Cuba Lives Free of IMF 'Executioner'," World-Reuters News, January 29, 2000, 1:02 PM ET): Արեւելյան Եվրոպայի երկրներին, Ռուսաստանին եւ Ուկրաինային Արեւմուտքի տված խորհրդատվության ու ֆինանսական «օգնության» տարօրինակ սխալները եւ դրանց կործանարար հետեւանքները (մասնավորապես՝ օլիգարխների կլանների տիրապետության հաստատումը) մանրամասն քննադատված են հետեւյալ մենագրության մեջ՝ Janine R. Wedel, Collision and Collusion: The Strange Case of Western Aid to Eastern Europe. New York, N.Y.: Palgrave, 2001:
     5. Տե՛ս Michael Watts, "Poverty and the Politics of Alternatives at the End of the Millennium," in Global Futures: Shaping Globalization, ed. by Jan Nederveen Pieterse, London-New York: Zed Books, 2000, p. 137); Timothy J. Yeager, Institutions, Transition Economies, and Economic Development (Boulder, Colorado: Westview Press, 1997), p. 3; "U.N. Says Extreme Poverty Plagues Third of Planet," World-Reuters News, September 19, 2000, 6:27 PM ET.
     6. Alastair Macdonald, “End 'Global Apartheid' Call Heralds Earth Summit”, World-Reuters News, August 25, 2002, 9:13 PM ET.
     7. Kevin Watkins, Eight Broken Promises: Why the WTO Isn’t Working For the World’s Poor (Oxford: Oxfam Briefing Paper No. 9, 2001).
     8. Matt Daily, “Earth Summit Talks Roll On, No Deal in Sight,” World-Reuters News, August 26, 2002, 11:09 PM ET. Փաստորեն, ՀԱՀ-ի նախագահը կրկնել էր համաշխարհային կապիտալիզմին տված այն բնութագրությունը, որ
- Էջ 41 -

նրանից երկու տարի առաջ տվել էր Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն (տե՛ս Jason Webb, "Developing Countries to Fight 'Economic Apartheid'," op.cit.):
     9. Ամենաթարմ օրինակը Կանադայի վարչապետ Ժան Կրետյենն է, որը 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները կապեց Արեւմուտքի «գոռոզության» հետ (David Ljunggren, “Canada PM Links Sept. 11 to 'Arrogant' West,” Reuters-News Sep. 12, 2002, 1:36 PM ET; “Canada PM Again Ties Sept. 11 to Western Policies,” Reuters-News Sep 16, 2002, 4:18 PM ET: իտակցելով այդ սպառնալիքները՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար որդոն Բրաունը վերջերս հանդես եկավ աննախադեպ մի նախաձեռնությամբ, որով հարուստ երկրները կպարտավորվեն տարեկան 50 միլիարդ դոլար հատկացնել աղքատ եւ զարգացող երկրներին՝ 2015 թ. գլոբալ աղքատությունը կիսով չափ նվազեցնելու նպատակով (տե՛ս Stephen Cunningham, “UK's Brown Calls for 21st Century Marshall Plan,” Reuters World News, December 16, 2001 7:16 PM ET): Մոտավորապես նույն կոչով հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը (տե՛ս Evelyn Leopold, “UN's Annan Warns Not to Punish Poor for Being Poor,” Reuters World News, Feb 5, 2002, 12:08 AM ET): Աղքատության հաղթահարման հարցերին էր նվիրված 2002 թ. մարտին Մեքսիկայի Մոնթերեյ քաղաքում անցկացված միջազգային գիտաժողովը, որի ընդունած այսպես կոչված «Մոնթերեյի կոնսենսուսով» զարգացած ինդուստրիալ երկրներին առաջարկվում է միլիարդավոր դոլարներով ավելացնել աղքատ երկրներին տրվող օգնությունը (Julie Watson, “World Leaders Vow to Relieve Poverty,” Associated Press March 23, 2002, 6:03 AM ET).
     10. Thomas L. Friedman, “The End of NATO”? The New York Times, February 3, 2002; Colleen Barry, “NATO Chief Warns of Military Gap,” World News-Associated Press, February 3, 2002, 8:20 AM ET. ՆԱՏՕ-ական դաշնակիցների ԱՄՆ-ից ետ մնալը շատ ակնհայտորեն ցուցադրվեց Կոսովոյում 1999 թ. ու հատկապես Աֆղանստանում 2001 թ.:
     11. Այս տվյալների աղբյուրն է International Institute for Strategic Studies, The Military Balance 2000/2001 (London: Oxford University Press, 2000), pp. 297-302. Մի ուրիշ աղբյուր, սակայն, Ռուսաստանի տարեկան ռազմական բյուջեն հաշվում է ընդամենը 5 միլիարդ դոլար, տե՛ս Fred Weir, "Russia's Disarmament Gambit," The Christian Science Monitor, November 15, 2000.

- Էջ 42 -


     12. Paul Ames, “EU Sees Need to Boost Military,” Associated Press, Fri. Mar 22, 2002, 5:41 PM ET. “NATO'S Robertson Sounds Alarm on World Security,” Reuters World News, Thu. Oct. 3, 2002, 4:29 AM ET.
     13. Այսպիսի գերմիլիտարիզացումը բերում է նրան, որ նույնիսկ ամերիկացի բարձրաստիճան սպաների խոստովանությամբ՝ աշխարհում ԱՄՆ-ին սկսում են ավելի ու ավելի դիտել իբրեւ մի սարսափազդու ռազմական ուժի կրող, քան ժողովրդավարական, ազատ շուկայական եւ օրենքի գերակայության երկիր (տե՛ս, օրինակ, Բոսնիայում բազմազգ ուժերի նախկին հրամանատար գեներալ Վ. Նաշի այս առթիվ հայտնած անհանգստությունը՝ “Reinventing War,” Foreign Policy November-December 2001, p. 43):
     14. ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության ռազմական, տնտեսական, մշակութային բաղկացուցիչները փոքր-ինչ չափազանցված երանգներով ներկայացրել է Զբիգնեւ Բժեզինսկին. Zbigniew Brzezinski, The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives (New York: BasicBooks, 1997), Chapter 1, "Hegemony of a New Type," pp. 3-29.
     15. Charles A. Kupchan, “The End of the West,” The Atlantic Monthly November 2002.
     16. Ռազմավարական մի ուշագրավ ուսումնասիրություն, քննելով սպառազինությունների եւ ընդհանրապես պատերազմելու ասպարեզում ընթացիկ հեղափոխական փոփոխությունները, գալիս է այն եզրակացության, որ 21-րդ դարն առավել Ամերիկայի գերիշխանության դար կլինի, քան 20-րդն էր տե՛ս (George Friedman and Meredith Friedman, The Future of War: Power, Technology, and American World Dominance in the 21st Century. New York: Crown Publishers, 1996).
     17. Այս խաղի կանոնները բավական հաջող բացատրում է «ֆունկցիոնալ ինտեգրացիայի» տեսությունը, որ միահյուսում է քաղաքական տնտեսության եւ կառավարման տեսությունները. - տե՛ս A. Papathanasis and Chris Vasilllopulos, “Functional Integration and the Middle East,” Journal of Political and Military Sociology, Vol. 20, No. 2, Winter 1992, pp. 179-197.
     18. Zbigniew Brzezinski, The Grand Chessboard, p. 25.
- Էջ 43 -



Ներածություն           Գլուխ 2