ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


Ազգային անվտանգություն եւ ազգային անվտանգության հայեցակարգ

     Հայաստանում ռազմավարության եւ անվտանգության հարցերը տակավին չեն դարձել ինքնուրույն արժեք ներկայացնող գիտական ուսումնասիրությունների առարկա: Ավելին, աննշան է հայկական շահի գերակայության վրա հիմնված վերլուծությունների ծավալը, համաշխարհային մակարդակից հեռու՝ դրանց որակը: Սա անհանդուրժելի փաստ է, քանզի Հայաստանը ակամա ներքաշված է իր բուն գոյությանն սպառնացող երկարատեւ հակամարտության մեջ, եւ նրա անվտանգության բնագավառը կարիք ունի խոր ուսումնասիրության:
     Հայաստանում ազգային անվտանգության բնագավառի մտավոր անմշակվածությունը բացատրվում է՝ ա) միջազգային հարաբերությունների եւ ռազմավարագիտության մեջ ունեցած մտավոր ռեսուրսների պակասով, բ) խնդրո առարկա հարցերում ՀՀ քաղաքական վերնախավի անպատրաստվածությամբ, գ) օտար ուժերի գործադրած ազդեցություններով:
     Մտավոր ռեսուրսների պակաս. Հայաստանում առկա է միջազգային հարաբերությունների ու հատկապես ռազմավարագիտու-
- Էջ 44 -

թյան մեջ մտավոր ռեսուրսների ծայրահեղ պակաս: Խոսքը վերաբերում է ոչ միայն անհատ մասնագետների խիստ սակավությանը, այլեւ այս բնագավառում հասարակական-քաղաքական մտքի չգոյությանը՝ որոշակի կառույցների շուրջը ձեւավորված ու համակարգված չլինելուն, ինչպես եւ պետության պատվերի բացակայությանը (այս մասին մանրամասն խոսում ենք լուխ 5-ում):
     Ազգային անվտանգության բնագավառում ՀՀ քաղաքական վերնախավի անպատրաստվածությունը. Ազգային անվտանգության (ներառյալ՝ միջազգային քաղաքականության) հարցերում ՀՀ 1990-ականների վերնախավի ներկայացուցիչները մասնագիտացած չէին, որովհետեւ նրանք ո՛չ համապատասխան կրթություն էին ստացել, ո՛չ աշխատել էին համապատասխան պետական մարմիններում, ո՛չ էլ այդ կարգի փորձ ու գիտելիք էին ստացել Հայկական հարցի բաղկացուցիչ մաս կազմող որեւէ խնդրի համար լեգալ կամ ընդհատակյա երկարամյա պայքար մղելու ճանապարհով: Այդ վերնախավը բաղկացած էր իշխանության գլուխ բարձրացած պատահական մարդկանցից:
     ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների՝ սկզբնական կատարյալ անծանոթությունն անվտանգության խնդիրներին, վարչակազմի փոփոխությունից հետո էլ, ցավոք, արմատապես չշտկվեց. առավելագույնը վերաճեց մինչեւ դասագրքային մակարդակի գիտելիքների: Իրադրության անմխիթար վիճակն ընդգծվում է նրանով, որ Հայաստանում մինչեւ օրս էլ չեն ստեղծվել ռազմավարական վերլուծության լուրջ կենտրոններ: Պերճախոս է արդեն միայն այն փաստը, որ Հայաստանում չկա գեթ մեկ պարբերական, որը մասնագիտացած լինի միջազգային քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերում: Այսպիսի կենտրոնների բացակայությունը զրկում է ՀՀ իշխանություններին, ինչպես եւ քաղաքական բոլոր ուժերին իրենց որոշումները հայկական ռազմավարական ինքնուրույն մտքի վրա կառուցելու հնարավորությունից:
     Օտար ուժերի գործադրած ազդեցությունը. մտավոր այս վակուումի մեջ էլ ՀՀ ղեկավարության աշխարհայացքի եւ որոշումներ ընդունելու վրա ճնշող ազդեցություն գործեցին նրանց մատուցվող օտար, հատկապես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահե-

- Էջ 45 -

րից բխող ռազմավարական վերլուծությունները, որոնք արտաքնապես կուռ եւ տրամաբանված շղարշ ունենալով՝ շատ հաճախ սխալ էին, երբեմն էլ՝ միտումնավոր ապակողմնորոշիչ: Արդյունքում Հայաստանի իշխանությունները չկարողացան մշակել եւ ժողովրդին ներկայացնել ազգային անվտանգության հստակ ու հիմնավոր հայեցակարգ:

Ազգային անվտանգության հայեցակարգ

     Յուրաքանչյուր պետություն ձգտում է հավերժացնել իր գոյությունը, ուստի եւ մշակում ու կիրառում է այս գերագույն նպատակին համապատասխանող ներքին եւ արտաքին քաղաքականության հիմունքներ, որոնք ոչ այլ ինչ են, քան իր ազգային անվտանգության հայեցակարգը (ԱԱՀ): ԱԱՀ-ն ձեւավորվում է երկու ուղղությամբ. նախ՝ պետության բուն գոյությանը սպառնացող վտանգների ճշտում, հայտնաբերում եւ կանխատեսում, ապա՝ այդ վտանգները կանխարգելող կամ դիմագրավող միջոցների ծրագրավորում: ԱԱՀ-ն ընկած է յուրաքանչյուր պետության կենսագործունեության եւ քաղաքականության հիմքում:
     Ազգային անվտանգությունը1 կարելի է բաժանել մի շարք գլխավոր ոլորտների՝ ռազմավարական, տնտեսական (ֆինանսական, էներգետիկ եւ այլն), տեղեկատվական, սոցիալական, սոցիալ-հոգեբանական ու մշակութային: Այս ոլորտների մեջ առաջնայինն ու կենտրոնականը ռազմավարական անվտանգությունն է: Այն ներառում է ռազմական համալիր բնագավառը՝ զինված ուժերը, հետախուզությունն ու հակահետախուզությունը, ռազմական քաղաքականությունը եւ հարակից բոլոր տեսակի բնագավառները:
     Այսօր Հայաստանի ԱԱՀ-ի հիմքում ընկած պետք է լինեն հետեւյալ փոխկապակցված բաղադրամասերը.
     1. Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության ամրապնդում բոլոր ուղղություններով, ուժերով եւ միջոցներով:
     2. Հայաստանում օրենքի ու սոցիալական արդարության վրա հիմնված հասարակության կառուցում:
- Էջ 46 -


     3. Աշխատանքի եւ բարեկեցության ապահովում Հայաստանի ժողովրդի համար:
     4. Հայկական ինքնօրինակ քաղաքակրթության զարգացում՝ համաշխարհային առաջադեմ փորձի օգտագործմամբ,
սակայն սեփական հոգեւոր ու մշակութային ժառանգության եւ արժեքների հիմքի վրա:
     5. Հայոց ցեղասպանության ռազմավարական ծանր հետեւանքների աստիճանական վերացմանն ուղղված ծրագրված, նպատակասլաց ու հետեւողական գործողություններ, որոնք կարող են ձգվել տասնամյակներ:
     Հայկական պետության համար վերը նշված դրույթներից յուրաքանչյուրի պաշտպանությունը հիմնարար պահանջ է, որովհետեւ այդպես են թելադրում մեր ազգային անվտանգության կենսական շահերը:
     Թվարկված հինգ խնդրի շուրջ Հայաստանի ժողովուրդն ու ամբողջ հայությունն ունեն ընդհանուր համաձայնություն: Սակայն խնդիրը հասարակության կրավորական համաձայնությունը գործունյա միջամտության վերածելն է: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է, որ հնարավորին չափ շատ հայ անհատներ, բացի համաձայնությունից, դրսեւորեն նաեւ քաղաքացիական նվիրվածություն եւ անձնապես մասնակցեն նշված համազգային նպատակների կենսագործմանը: Այս խնդիրը լուծելու համար դեռեւս չկան մանրակրկիտ մշակված ծրագրեր:
     Հայաստանի ժողովրդի առողջ եւ կուռ համախմբվածությանը հասնելու արդյունավետ միջոցներից է քաղաքացիական-հայրենասիրական դաստիարակությունը՝ ներառյալ Հայաստանի բացառիկ ծանր աշխարհառազմավարական դրության եւ դրան դիմակայելու միջոցների մասին բավարար գիտելիքների քարոզումը: Նույն նպատակներով եւ տարաբնույթ եղանակներով քաղաքացիական-հայրենասիրական գիտակցություն են դաստիարակում նաեւ կայացած պետությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, երմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, արաբական երկրներից շատերը եւ այլն: Անցյալի եւ ներկայի համալիր վերլուծության վրա հիմնված համազգային նպատակների համակարգի շարունակական կատարելագործումը յուրաքանչյուր
- Էջ 47 -

հասարակության դրական եւ կայուն համախմբվածության հասնելու, ասել է թե՝ ազգային անվտանգությունն ամրապնդելու գլխավոր միջոցներից է2:

Ղարաբաղյան հակամարտության պատմական ետնախորքն ու էությունը

     ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո վերաբռնկվեց 1921 թ. սառեցված հակամարտությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ու նրա դաշնակից Թուրքիայի միջեւ: 1918-21 թթ-ից հետո Անկարայի եւ Բաքվի ռազմավարական առաջնահերթ նպատակները Կովկասյան տարածաշրջանում գրեթե չեն փոխվել: Նրանց շահերը դարձյալ պահանջում են իրենց միջեւ ընկած «հայկական սեպի» վերացում եւ Ռուսաստանի ազդեցության ոլորտի հետագա նեղացում: Այդ իսկ պատճառով Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեցին կասեցնել Հայաստանի՝ կենսունակ անկախ պետություն դառնալու հնարավորությունները: Այս խնդիրը լուծելու համար, ինչպես եւ 1918-21 թթ., նախ անհրաժեշտ էր բռնագրավել Սյունիքը եւ անմիջական ցամաքային կապ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: 1990-92 թթ. Հայաստանի ողնաշարը ջարդելու խնդիրը դյուրին էր թվում. սկզբում պետք էր հայաթափել Արցախը, որից հետո մասնակիորեն կամ ամբողջապես բռնագրավել անպաշտպանունակ մնացած Սյունիքն ու այդպիսով Հայաստանն ընդմիշտ ենթարկել թուրք-ադրբեջանական թելադրանքին: Արդյունքում՝ Հայաստանը ենթարկվելու էր փաստացի մասնատման եւ, լավագույն դեպքում, որոշ ժամանակ գոյատեւելով որպես Թուրքիայի խամաճիկ պետություն՝ տնտեսապես ու նաեւ հոգեպես քայքայվելու եւ աստիճանաբար վերանալու էր աշխարհի երեսից: ԽՍՀՄ փլուզումից հետո այս ծրագիրը թուրքերին եւ ադրբեջանցիներին թվում էր հեշտ իրագործելի, «զինվորական պարահանդեսի» պես մի բան, քանի որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն անբնական էին եւ խոցելի, գրեթե ամենուր գծված լինելով այնպես, որ աշխարհագրական-դիրքային առավելությունը տրվեր Ադրբեջանին: Մասնավորաբար՝
- Էջ 48 -


     ա. Խորհրդային տարիներին ամբողջությամբ հայաթափության ենթարկվելով՝ Նախիջեւանը վերածվել էր Հայաստանի մարմինը ծվատող քաղցկեղային գոյակցության ու նաեւ հրաշալի ռազմահենադաշտի՝ պատերազմը մինչեւ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտ ու քաղաքամայր Երեւան հասցնելու համար:
     բ. Արցախում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էին իշխող բարձունքներից շատերն ու ռազմական տեսակետից հույժ կարեւոր անառիկ Շուշին:
     գ. Արցախն ամբողջությամբ շրջապատված էր ու մեկուսացված եւ գրեթե ամբողջովին ենթակա հրետակոծության:
     Այս անգամ Հայաստանին մահացու հարված հասցնելու խընդիրը կատարելու էր Ադրբեջանը, իսկ Թուրքիան մնալու էր վարագույրի հետեւում՝ խուսափելով Ռուսաստանի հետ բախումից եւ անցանկալի միջազգային բարդություններից ու քննադատությունից: Սակայն, շնորհիվ Արցախում եւ Հայաստանում ժամանակին կազմակերպված պատշաճ ինքնապաշտպանության, այս ծրագրերը դատապարտվեցին լիակատար ձախողման:

Ներկա ռազմավարական իրադրությունը

     Արցախյան փայլուն հաղթանակներն ու տարածքային հայտնի առաջխաղացումները եկան ամրապնդելու Հայաստանի (ներառյալ Արցախի) ռազմական անվտանգությունը: Այս առումով հատկապես կարեւոր են հետեւյալ հանգամանքները.
     ա) Հայաստանի եւ Արցախի միջեւ տարածքային անմիջական եւ անխափան հաղորդակցության գոյությունը.
     բ) Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ այդպիսի հաղորդակցության կատարյալ բացակայությունը.
     գ) հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների՝ հարաբերական բարձունքում գտնվելը,
որ հեշտացնում է եւ՛ պաշտպանական, եւ՛ հարձակողական գործողությունների հնարավորությունը.
     դ) հայկական բանակի՝ հարաբերականորեն ավելի լավ կազմակերպվածությունն ու բարոյահոգեբանական վիճակը:
- Էջ 49 -


     Այսպիսով, այսօրվա դրությամբ, Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ ունի ռազմավարական զգալի առավելություն, որը պետք է ամեն գնով պահպանել:
     Սրանով հանդերձ՝ ներկայումս Հայաստանի ռազմավարական ընդհանուր դրությունը մնում է ծանր: Շարունակվում է թուրք-ադրբեջանական շրջափակումը: Ադրբեջանը վերազինում ու վարժեցնում է իր բանակը՝ նոր պատերազմ սկսելու եւ հաղթանակելու հույսով: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում՝ դիվանագիտական, քարոզչական, տնտեսական, հետախուզական եւ ռազմական :
     Կանխատեսելի կարճաժամկետ հեռանկարում իրադրությունը, ամենայն հավանականությամբ, զարգանալու է հետեւյալ իրողությունների շուրջ.
     Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա չկա եւ չի սպասվում նշանակալի արտաքին (միջազգային) այնպիսի ճնշում, որը կպարտադրեր նրանց հրաժարվել կամ գոնե մեղմացնել Հայաստանի եւ Արցախի հանդեպ որդեգրած անզիջում դիրքորոշումը: Այդ երկու դաշնակից պետությունները հետեւողականորեն շարունակելու են Հայաստանը քայքայել փորձող իրենց այսօրվա թշնամական քաղաքականությունը՝ շրջափակումները, քարոզչական պատերազմը, ռազմական լայնածավալ պատրաստությունները: Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ ռազմավարական դաշնակիցներ լինելու փաստն արդեն որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի խոսքերով իսկ՝ «Թուրքիայի հետ մեր ռազմական հարաբերությունները արդեն վերածվել են ռազմավարական համագործակցության» :
     Այսպիսի պայմաններում հայկական կողմը, ինչպիսի արտաքին ճնշում էլ գործադրվի, չի դիմելու միակողմանի տարածքային զիջումների, որովհետեւ այդպիսի զիջումները, բարելավելով Ադրբեջանի (համապատասխանաբար՝ թուլացնելով Հայաստանի) ռազմավարական ընդհանուր վիճակը, միայն կմեծացնեն պատերազմի հավանականությունը:
     Հայաստանը ֆիզիկապես չի կարող գոյատեւել 29,000 մ2 վրա՝ առանց Արցախյան պատնեշի:
- Էջ 50 -

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմավարական սկզբունքները

     Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղու-թյամբ տարվող բանակցություններում հայկական կողմի համար անփոփոխ պետք է լինեն հետեւալ դիրքորոշումները.
     1. Ազատագրված տարածքները, պատմականորեն հայկական հող լինելով հանդերձ, նաեւ անվտանգության ե-րաշխիք են: Բնականաբար, տարածքային զիջումները՝ հօգուտ Ադրբեջանի, կտրուկ իջեցնելու են հայկական կողմի ռազմավարական անվտանգության մակարդակը:
     2. Հետեւաբար, եթե երբեւէ հայկական կողմը զիջում կատարի հօգուտ Ադրբեջանի, ապա այդ զիջումը պետք է փոխհատուցվի, նախ եւ առաջ, անվտանգության բնագավառում, այնուհետեւ՝ նաեւ իրավական, բարոյական ու տնտեսական առումներով: Հայկական կողմը Ադրբեջանից պետք է ստանա ռազմավարական համարժեք եւ վերահսկելի զիջումներ, անվտանգության ամրակուռ երաշխիքներ:
     3. Ղարաբաղյան հարցի լուծման նկատմամբ Հայաստանի որդեգրելիք գլխավոր սկզբունքը պետք է լինի հետեւյալ ձեւակերպումը՝ հակամարտության վերջնական կարգավորումը չպետք է հանգեցնի Հայաստանի եւ Արցախի ռազմավարական անվտանգության մակարդակի իջեցմանը:
     Այսուհանդերձ, միջազգային եւ տարածաշրջանային ներկա պայմաններում հայկական կողմի տարածքային որեւէ զիջում արդարացված չի լինի: Չի կարելի մոռանալ, որ Ղարաբաղյան հակամարտությունը «երկհարկանի» է. «առաջին հարկում» այն ընթանում է հակամարտության անմիջական մասնակիցների (Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի) միջեւ, իսկ «երկրորդ հարկում»՝ տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող տերությունների (հատկապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի եւ դարձյալ
- Էջ 51 -

Թուրքիայի) միջեւ: «Առաջին հարկում» ընթացող հակամարտության մարումը չափազանց դժվար է լինելու, եթե «երկրորդ հարկում» հակամարտողները չհասնեն բոլորին ընդունելի մի ինչ-որ համաձայնության (modus vivendi): Սակայն արդի զարգացումների եւ հատկապես Կոսովոյի, Չեչնիայի ու նաեւ Աֆղանստանի իրադարձությունների վերլուծությունը հանգեցնում է սթափեցնող եզրակացության, այն է՝ մեծ տերությունների բախումն Այսրկովկասում եւ Միջին Ասիայում երկարելու է՝ բարդացնելով տարածաշրջանի փխրուն կայունությունը: Ցավոք, սառը պատերազմի ավարտից հետո մեզ համար աշխարհը չի դարձել առավել անվտանգ վայր: Ընդհակառակը, Այսրկովկասն ու Միջին Ասիան այսօր այն տարածաշրջաններն են, որտեղ ընթանում է մի նոր՝ «մինի» սառը պատերազմ ու, հետեւաբար, ծիծաղելի կլինի, եթե վստահենք սեփական ան-վտանգության ապահովումը միմյանց միջեւ կատաղի պայքար մղող ուժերի համատեղ խոստացած երաշխիքներին : Այս տարածաշրջանում եւ միջազգային այսպիսի իրադրության մեջ Հայաստանին խոստացվող անվտանգության երաշխիքները (համենայն դեպս այն տեսքով, որով մինչեւ վերջերս դրանք առաջարկվել են եւ բավականաչափ հայտնի են) կարող են թյուրիմացության մեջ գցել միամիտ պետական գործիչներին միայն: Լուրջ քննադատության չեն դիմանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրի ծրագրային-կառուցվածքային թերությունները, հատկապես Ղարաբաղյան խաղաղապահ ուժերի հրամանատարության ոչ հստակ եւ ապակենտրոնացված կառույցը, դրանց մանդատով որոշված կրավորականությունը եւ այլ վճռորոշ «մանրուքներ» : Իսկ 2001 թ. նոյեմբերին ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները հայտարարեցին, որ խաղաղարար ուժերի տեղակայումն անգամ որոշված չէ, եւ իրենք տեխնիկական բնույթի այդ հարցերի մեջ դեռեւս շատ չեն խորացել, այլ աշխատում են քաղաքական մեծ պայմանագրի վրա: Այնինչ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «տեխնիկական» համարվող նմանատիպ հարցերն ունեն ճիշտ նույն նշանակությունը, ինչ, ասենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցը : Մյուս կողմից՝ չի կարելի վստահել Թուրքիայի եւ Ադրբեջանի բարի խոստումներին, մանավանդ, որ այդ երկու դաշնակիցները որեւէ լուրջ զիջում հայկական կողմին չեն էլ առաջարկում:
- Էջ 52 -


     Ժամանակն է ճիշտ ու հստակ գնահատել իրականությունը. Հայաստանն ակամա ներքաշված է իր բուն գոյությանն սպառնացող երկարատեւ հակամարտության մեջ: Մենք, ուզենք, թե չուզենք, դեռ երկար ենք մնալու արտաքին այն իրադրության մեջ, որում այժմ ենք: Կանխատեսելի ապագայում ո՛չ Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական քաղաքականությունն է փոխվելու, ո՛չ էլ հայկական զորքերն են նահանջելու իրենց այսօրվա դիրքերից:
     Հե՛նց այսպիսի անբարենպաստ արտաքին պայմաններում է, որ Հայաստանը պետք է տարիներ, գուցե եւ տասնամյակներ շարունակ ապրի՛, զարգանա՛ եւ բարգավաճի՛: Այլ ելք մեզ չի տրված:
     Սակայն 1991 թ. ի վեր Հայաստանի իշխանություններն առիթը բաց չեն թողել սեփական ժողովրդին հավաստիացնելու, թե Ղարաբաղյան հակամարտությունն ուր որ է ստանալու է մի ընդունելի վերջնական փոխզիջումային լուծում: Եթե սա դիվանագիտական խաղ է, ապա այն չափազանց պարզունակ է, իսկ եթե Հայաստանի պետական այրերի այս տեսակետը նրանց համոզումն է, ապա այն վտանգավոր մոլորություն է, որը բթացնում է ժողովրդի եւ բանակի զգոնությունը: Այս առումով տեղին է համեմատել, թե, օրինակ, ինչ էին ասում հակամարտության կարգավորման հեռա-նկարների մասին նույն օրերին (2002 թ. հուլիսին) Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Պատասխանելով մի մտահոգված քաղաքացու այն հարցին, թե նախարարն ինչպես է պատկերացնում հայոց բանակի համալրման խնդիրը մի քանի տարի անց, երբ Հայաստանում արդեն ուժգնորեն զգացնել կտա ծնելիության ավելի քան կրկնապատիկ նվազումը (հիշեցնենք, որ 1990-ին ծնվել է 79885 երեխա, 1999-ին՝ 36502, 2000-ին՝ 34276, 2001-ին՝ 32065, 2002-ին՝ 32380) , Սերժ Սարգսյանն ասում է. «Հայոց բանակի ապագան ես պատկերացնում եմ շատ հստակ. այն կլինի բնականոն զարգացող, մարտունակ եւ ոչ մեծ թվաքանակ ունեցող: Այդ խնդիրներին մենք կսկսենք առնչվել 2012-15 թթ. ընթացքում, բայց ես հույս ունեմ, որ այն ժամանակ արդեն մեր խնդիրները լուծված կլինեն, եւ մեր պետությունն ու ժողովուրդը պարտադրված չեն լինի ունենալ մեծ բանակ ու ծախսել այդքան մեծ միջոցներ» : Փոքր-ինչ շեղվելով՝ նկատենք, որ Հայաստանի համար «ոչ մեծաթիվ» բանակ ունենալու այս գաղափարն, ըստ ամենայնի, բո-
- Էջ 53 -

լորովին վերջերս է որդեգրվել ՀՀ ղեկավարության կողմից. այդ են վկայում դրանից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2001 թ. սեպտեմբերին նույն Ս. Սարգսյանի նշած հակառակ տրամաբանություն հուշող փաստերը. «Մենք հիմա պաշտպանում ենք մի այնպիսի ճակատ, որի համար, ըստ ռազմարվեստի օրենքների, անհրաժեշտ է 200-հազարանոց բանակ: Այնինչ խնդիրը լուծում ենք անհամեմատ քիչ անձնակազմով՝ չխոսելով արդեն այն մասին, որ բանակը միայն սահմանում չէ կենտրոնացված» :
     Այժմ մեջբերենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ 2002 թ. հուլիսի 19-ին արած հայտարարությունը (Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ), որը լայնորեն տարածեց ադրբեջանական մամուլը. «Մենք նույնիսկ մեկ մետր չենք տա Հայաստանին մեր տարածքից: Մենք պետք է վերականգնենք մեր պետության տարածքային ամբողջականությունը: Մեր թշնամին, որ բռնի ուժով զավթել է մեր հողերը, չի ցանկանում կամավորապես լքել մեր տարածքը: Եթե այդպես շարունակվի, մենք ունենք հզոր զինված ուժեր, որոնք կազատագրեն մեր տարածքը» : Նմանատիպ հայտարարություններ Ադրբեջանում հնչում են ամեն օր, ընդ որում՝ եւ՛ պաշտոնական, եւ՛ ընդդիմության շուրթերից: Ընդհանուր տպավորությունն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ իրենց ժողովրդին նախապատրաստում են նոր ու դաժան պատերազմի: Այսպիսի պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն խոսակցությունները որեւէ զիջումների մասին, չփորձեն փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ, այլ իրատեսորեն գնահատեն այս պարտադրված եւ երկարելու միտումներ ունեցող դիմակայությունը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     1. Ազգային բաղադրությամբ միատարր Հայաստանի պարագայում ազգային ու պետական անվտանգություն հասկացությունները համընկնում են: Մենք նախընտրում ենք համաշխարհային գործածում ստացած ազգային անվտանգություն եզրը (հետեւելով անգլերեն կամ ֆրանսերեն national security-sռcuritռ national գործածության, ուր national եզրը միավորում է երկու իմաստ՝ եւ՛ ազգային, եւ՛ պետական):
- Էջ 54 -


     2. Ազգային անվտանգության հայեցակարգը, թերեւս, որոշակիորեն նույնանում է մեզանում անհարկի չարչրկված «ազգային գաղափարախոսություն» հասկացության հետ: Ազգային գաղափարախոսությունը (այնպես, ինչպես այն կիրառվում է հայկական քաղաքագիտական գրականության մեջ) կարելի է բնորոշել իբրեւ անցյալի եւ ներկայի համալիր վերլուծության վրա հիմնված համազգային նպատակների մի համակարգ, որը պատմական առանձին ժամանակահատվածում ընդունելի է դառնում տվյալ ազգի մեծամասնության համար: Վերջերս հրապարակվել են ազգային գաղափարախոսության էությունն ու բովանդակությունը քննության առարկա դարձրած մի շարք աշխատություններ. Լեւոն Դռնոյան. Երրորդ հանրապետության ողբերգությունը եւ աստեղային ժամը (Երեւան. «Լուսաբաց», 2002): Լենդրուշ Խուրշուդյան, Հայոց ազգային գաղափարախոսություն (Երեւան, 1999): Արմեն Հովսեփյան, Սիրակ Հովհաննիսյան, Քաղաքականության պատմական դասերը եւ արդիականությունը (Երեւան. «Կաիսա», 1999, տե՛ս, հատկապես, էջ 71-127): ԸսՖոպՐՑ ծՈսփՈՊՋ�վ, ծՈՓՌՏվՈսՖվՈ� ՌՊպՏսՏչՌ� Ռ ֆՑվՏտրՌւՏսՏչՌ� (ժՐպՉՈվ, "ԿչպոՈվ", 1999): Ազգային անվտանգության հայեցակարգի եւ ազգային գաղափարախոսության որոշակի նույնությունը (թեեւ տարբեր ենթատեքստում) նկատում է նաեւ Լենդրուշ Խուրշուդյանը, հմմտ. նշվ. աշխ., էջ 12-13:
     Michael Lelyveld, “Azerbaijan: Turkey Pursues Ambiguous Ties,” RFE/RL August 28, 2001. Տե՛ս նաեւ ռազմական բնագավառում թուրք-ադրբեջանական լայնածավալ հարաբերությունները լուսաբանող հետեւյալ հաղորդագրություններն ու վերլուծությունները՝ “Turkey Considering Military Alliance with Azerbaijan: Azeri Official,” Agence France Presse, February 11, 1999; “Interview-Azeris Want US, Turkish Bases-Aliyev Aide,” Reuters, January 25, 1999; Elmira Akhundova, “Defense Minister Abiyev: "We Are Keen on Privileged Partnership with NATO," Azernews/Azerkhabar 2/17/99-2/23/99; “Defense Chief Wants Azerbaijan, Turkey to Stand up to Armenia,” Agence France Presse, March 16, 2001; Nair Aliev and Mamed Bagirov, “Azerbaijan Flexes Muscles Over Karabakh” IWPR's Caucasus Reporting Service, դ 97, September 7, 2001; Gulnara Ismailova, “Behind The "Turkish Stars": The Depth of Turkish-Azerbaijani Military Cooperation,” The Analyst, 29 August, 2001 (posted on www.groong.com on Oct 1, 2001); “Sarkissian Responds to Turkey's Promise of Military Aid To Baku,” Armenpress, October 2, 2001.
- Էջ 55 -


     Թեեւ միջազգային իրադարձությունները սկսել են զարգանալ հաճախ անսպասելի ուղղություններով եւ աննախընթաց արագությամբ, բազմաթիվ մեկնաբաններ արդեն նկատել են, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ վարագույրների հետեւում ընթացող աշխարհաքաղաքական մենամարտերը տակավին չեն դադարել նույնիսկ Աֆղանստանում թալիբների դեմ համատեղ հանդես գալուց հետո (James Ridgeway, “The New Cold War,” Yahoo! News Story, December 14, 2001, 04:48 PM EST. Թ�փպրսՈՉ ծՌՍՏվՏՉ. “Ծօ – ր րՌսՈՎՌ ՓՌՉՌսՌջՈՓՌՌ”, թՐՈՋՊՈվՌվՕ (պՋպՎպր�փվՈ� տՏսՌՑՌփպրՍՈ� չՈջպՑՈ), դ 1, ՊպՍՈոՐՖ 2001, ր. 4): Նույն եզրակացությանը հանգող Իրանի ռադիոյի տեսությունը տե՛ս «Մոսկվա-Վաշինգտոն ջերմ հարաբերությունները խոսքից այն կողմ չեն անցնի», Ազգ, 21 դեկտեմբերի 2001 թ.): Աֆղանստանում պատերազմական գործողությունների ավարտից հետո ԱՄՆ վերսկսեց ինչպես Չեչնիայի հարցում Մոսկվայի քննադատությունը, այնպես էլ չեչենների հետ կապերը՝ դրդելով Ռուսաստանի արտգործնախարարությանը հանդես գալ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է՝ «Հարցն այն է, թե արդյո՞ք ամերիկյան կողմը դեռեւս շղթայված է հին մտապատճեններով եւ շարունակում է ահաբեկիչներին բաժանել «լավերի» եւ «վատերի». - Ron Popeski, “Russia Chides U.S. Over Chechen Contacts,” Reuters World-News, January 24, 2002, 4:48 PM ET: ԱՄՆ-ում շատ ազդեցիկ ուժեր շարունակում են կասկածանքով վերաբերվել Ռուսաստանի հետ ավելի սերտ ռազմավարական համագործակցությանը, մասնավորապես Ռուսաստան-ՆԱՏՕ որոշումներ ընդունող նոր՝ 1+19 առաջարկված ֆորմատին՝ պնդելով, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն կնմանվի ԵԱՀԿ-ի պես դանդաղաշարժ եւ բյուրոկրատական կազմակերպության (տե՛ս, օրինակ, Helle Dale, “Yesterday's Alliance?” The Washington Times, January 30, 2002): Տե՛ս նաեւ Uri Avnery, “Oil, Sharon and the Axis of Evil: The Great Game,” Counter Punch (www.counterpunch.com), Feb. 11, 2002 (posted in Turkistan Newsletter, 12 Feb. 2002 (լույս է տեսել նաեւ իսրայելական Ma'ariv օրաթերթում, Feb. 08, 2002): . Տեր-Հարությունյանցը կարծում է, որ Ռուսաստանն սկսել է նորից հանդես գալ իր աշխարհաքաղաքական շահերի ու դիրքերի պաշտպանությամբ հատկապես 2002 թ. օգոստոսից՝ մի շարք կարեւոր ռազմավարական հարցեր լուծելուց հետո (թ. ՁպՐ-ԸՐցՑ՚վ�վՓ. “ՀպչՌՏվ ոպջ չՐՈվՌՓ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 5 րպվՑ�ոՐ� 2002չ.):
     Սույն հարցերին նվիրված մեր նախորդ ուսումնասիրության մեջ ներկայացրել էինք Ղարաբաղյան հակամարտության մեր մշակած փոխզիջումային լուծման մի նոր ծրագիր, որն, ի թիվս այլ առաջարկությունների, նա-
- Էջ 56 -

խատեսում էր ներգրավել ԱՄՆ-ին հայ-ռուսական պաշտպանական դաշինքի մեջ (տե՛ս Ա. Այվազյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը, էջ 60-78: Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքի հնարավորությունների մասին տե՛ս նույն տեղում, էջ 69-72): Սակայն առայժմ այս փոխզիջումային ծրագրի կիրառման հավանականությունը շատ փոքր է, գուցե եւ՝ ան-նպատակահարմար, քանի որ, նախ եւ առաջ, անհրաժեշտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի անհաշտ դիրքորոշման փոփոխություն, մի բան, որ դեռեւս լրիվ բացակայում է: Այդ ծրագիրը կարող է տարբեր բարելավումներից հետո կիրառվել, թերեւս, միայն այն ժամանակ, երբ ամերիկա-ռուսական ռազմավարական համագործակցությունն իրականություն դառնա: Սակայն այդ օրվա հույսին մնալն անթույլատրելի է. այն կարող է շատ ուշանալ: Ընդհանուր առմամբ, առայժմ անհավանական է փոխզիջումային այնպիսի մի ծրագրի կիրառում, որը նախատեսում է հայկական զորքերի դուրսբերում Արցախի եւ Սյունիքի շուրջն ազատագրված տարածքներից (այս մասին տե՛ս Armen Aivazian, “Possible Solutions for the Nagorno-Karabagh Problem: A Strategic Perspective,” in Levon Chorbajian, ed., Making a State: From Secession to Republic in Nagorno-Karabagh. New York: St. Martin's Press, 2001, pp. 233-234):
     ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրի ռազմավարական ու զուտ ռազմական լուծումների թերությունների մանրամասն քննադատությունը տե՛ս Ա. Այվազյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը, էջ 37-59: Նույն քննադատությունը ներկայացրել ենք 1998 թ. մարտին Միացալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում (որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գիտահետազոտական մի մաս է)՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված հատուկ կլոր սեղանին, որի ժամանակ ամերիկացի դիվանագետներն ստիպված էին դժկամությամբ խոստովանել Մինսկի խմբի ծրագրի նախատեսած անվտանգության երաշխիքների խիստ անբավարար լինելը: Նրանց այս խոստովանությունը իր տեղն է գտել նաեւ այդ քննարկման ար-դյունքներով հրապարակված գրքի «Եզրակացություններ» բաժնի առաջին իսկ նախադասության մեջ՝ Nagorno-Karabakh: Searching For A Solution, A United States Institute of Peace Roundtable Report. Peaceworks դ 25. First published December 1998: իրքը հրապարակված է նաեւ ինտերնետում՝ հետեւյալ հասցեով՝ http://www.usip.org/pubs/pworks/pwks25:
- Էջ 57 -


     Տե՛ս «Կարգավորումը մոտ ապագայի խնդիր չէ (Հարցազրույց պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ)». - Հայոց աշխարհ, 20 նոյեմբերի 2001):
     Լիլիթ րիգորյան, «Բնակչության թիվն աննկատ նվազում է». – Իրավունք, դ 20(747), մարտ 21-24, 2003թ.:
     Սերժ Սարգսյանի հետ այս հարցազրույցը տպագրված է Իրավունք՝ Հարց ու պատասխան-ում, հուլիս 30-օգոստոս 5, 2002թ., դ 58 (654):
     «ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարցազրույցը ԱՊՀ հայկական համայնքների «Նոյյան տապան» թերթին». - Հայ զինվոր, 8-15 սեպտեմբերի 2001, դ 35 (392):
     "Azerbaijan will not give even one square meter of its territory to Armenia," - General S. Abiyev Baku, July 22, 2002, Sahil (www.azerigenocide.org).
- Էջ 58 -



Գլուխ 1           Գլուխ 3