ԳԼՈՒԽ 5

ՀԱՅ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ



     Փաստ է, որ մեկ տասնամյակ առաջ Հայաստանը թեւակոխեց անկախության իր նոր շրջանը՝ իբրեւ զարգացած տնտեսություն ու սոցիալական ենթակառուցվածք ունեցող երկիր: Հայաստանի մտավոր ներուժը բավական բարձր էր գիտության եւ ժողովրդական տնտեսության բազմաթիվ ոլորտներում. ունեինք ընտիր ճարտարապետներ, ճարտարագետներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ, տնտեսագետներ, այլ մասնագետներ, բարձրորակ բանվորական ուժ: Բոլորովին այլ հարց է, որ այժմ, իբրեւ հետեւանք 1988 թ. երկրաշարժի, 1991-94 թթ. Ղարաբաղյան պատերազմի, թուրք-ադրբեջանական բազմամյա շրջափակման, նաեւ երկրի ապաշնորհ ղեկավարման եւ այս ամենին հետեւած զանգվածային արտագաղթի, Հայաստանի զարգացածության մակարդակը կտրուկ իջել է:
     Այսուհանդերձ, պետք է ընդունել, որ անկախանալու պահին՝ 1991 թ., Հայաստանում բացակայում էին արդի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հարցերի գծով առաջնակարգ եւ փորձառու կադրեր: Մեզանում առկա էր, ու դեռեւս առկա է, մտավոր ռեսուրսների ծայրահեղ պակաս միջազգայնագիտության ոլորտում: Սա բնական բաց է ԽՍՀՄ նախկին որեւէ հանրապետության համար: Նույնիսկ Ռուսաստանը, որ ուներ դիվանագետների եւ միջազգայնագետների մի ամբողջ փաղանգ ու նրանց միավորող ակադեմիական բազմաթիվ կառույցներ, ի վիճակի չեղավ արագորեն համապատասխանեցնելու իր ազգային անվտանգության հայե-

- Էջ 116 -

ցակարգը ու վերջինից բխող արտաքին քաղաքականության ուղին նոր աշխարհակարգի առաջադրած պահանջներին:
     Մեզանում միջազգային հարաբերությունների մտավոր «խոպան» մնալու վառ վկայությունն է լուրջ արժեք ներկայացնող ինքնուրույն վերլուծությունների խիստ սակավությունը: Սա անընդունելի փաստ է, քանզի Հայաստանն ակամա ներքաշված է իր բուն գոյությանն սպառնացող երկարատեւ հակամարտության մեջ:
     Հայաստանի պետական շինարարության գործում մինչեւ այժմ թույլ տրված խոշոր սխալներն ուղղակիորեն բխում են միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների մեր խիստ թերի ըմբռնումներից: Մեր ռազմավարական մտածողության մեջ գոյացած մեծ բացերը հաջողությամբ եւ անխուսափելիորեն լցվել ու լըցվում են օտար՝ սխալ ու երբեմն էլ միտումնավոր վերլուծականներով եւ ապակողմնորոշիչ եզրակացություններով:
     Հայաստանը կենսունակ պետություն չի դառնա, եթե չկարողանա ակադեմիական մակարդակով վերլուծել իր ազգային անվտանգության բարդագույն խնդիրները: Անվտանգության բնագավառում ինքնուրույն մտածելու մեր տակավին շատ թույլ կարողությունները եւ նույնիսկ անկարողությունը մեր պետականությունը վտանգող ամենալուրջ սպառնալիքներից են:
     Տեղին է մեջբերել ամերիկացի ճանաչված պրոֆեսոր Քեն Բութի՝ ռազմավարական մտքի անհամաչափ ու միակողմանի զարգացման վերաբերյալ արած կարեւոր մի դիտողությունը.
     «Մասամբ ռազմավարագիտության (strategic studies) զարգացման մեջ Միացյալ Նահանգների ունեցած գերիշխանության պատճառով այս առարկան ձեռք է բերել ցեղակենտրոն (ethnocentric) երանգավորում, այն է՝ ռազմավարագիտությունն արտացոլում է [ամերիկյան] մշակութային առանձնահատկություններով պայմանավորված ենթադրությունները, աշխարհայացքը եւ առարկայիս մեջ գերիշխող մտածողների երկրի (իմա՝ ԱՄՆ-ի) նախասիրություններն ու նախապաշարմունքները: Ռազմավարական բանավեճին մասնակցած հեղինակները, մեծավ մասամբ, գրել են՝ մտածելով առավելապես ԱՄՆ-ի խնդիրների մասին: Նրանք նաեւ ունեցել են ընդհանուր՝ ամերիկյան հասկացողություն ռազմավարական այն տիրույթի վերաբերյալ, որը

- Էջ 117 -

փորձել են վերլուծել եւ որի վրա երբեմն փորձել են նաեւ ներազդել: Այդուհանդերձ՝ ռազմավարության տեսությունն ու պրակտիկան գոյատեւում են բազմաթիվ մշակույթների եւ բազմաթիվ պետությունների միջավայրում, այնինչ այս փաստը շատ դանդաղ է գիտակցվում մասնագիտական գրականության մեջ: Ուստի անհրաժեշտ է խրախուսել ինչպես ամերիկյան ռազմավարագիտական համայնքից դուրս աշխատող հեղինակներին, այնպես էլ այդ բնագավառում արտահայտվող ազգային տարբեր տեսակետները, քանզի ռազմավարագիտությունը... դեռեւս մնում է ցեղակենտրոն առարկա...»1:
     Հայաստանում ռազմավարական մտքի գոյացումը եւ առաջընթացը, վաղուց հասունացած անհրաժեշտություն լինելով հանդերձ, հնարավոր են միայն պետական հովանավորության դեպքում: Ցավոք, մինչեւ այսօր Հայաստանի կառավարությունը չի գիտակցել այս պահանջի լրջությունն ու հրատապությունը: Անկախության տասը տարվա ընթացքում Հայաստանում ազգային անվտանգության բնագավառն ուսումնասիրող պատշաճ գիտական որակավորում ունեցող վերլուծական կենտրոններ եւ կադրեր չստեղծվեցին, թեեւ ի սկզբանե պարզ էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը սերտորեն առնչվում է համաշխարհային բազմաբնույթ զարգացումների, որոնց ստույգ եւ ժամանակին վերլուծումը պարտադիր է: Նկատենք նաեւ, որ ռազմավարագիտության բնագավառում դեգերող մի քանի ոչ պետական վերլուծական կենտրոնների արտադրանքը հիմնականում սիրողական է եւ արժեզուրկ:
     Այս գործում հապաղել այլեւս չի կարելի: Պետք է հիշել, որ մեզանից լավ ոչ ոք չի կարող վերլուծել միջազգային քաղաքականության՝ մեր շահերի վրա ազդող երեւույթները եւ ըստ այդմ էլ որոշել մեր ազգային անվտանգության կարիքներն ու պահանջները: Խնդիրն այն է, որ «միջազգային հարաբերությունները» բազմա-ճյուղ առարկա է, որին տիրապետելը պահանջում է նույնպիսի երկարամյա ուսումնառություն եւ ջանադիր աշխատանք, ինչպիսին պահանջվում է, օրինակ, ֆիզիկոս, մաթեմատիկոս կամ քիմիկոս դառնալու համար: Որքան շուտ գիտակցենք այս իրողությունը, այնքան շուտ կձերբազատվենք արտաքին քաղաքականության մեջ

- Էջ 118 -

սիրողականությունից՝ ինչպես հայեցակարգային առումով, այնպես էլ կադրային բնագավառում:
     Այսօր էլ վաղ է խոսել ՀՀ քաղաքական վերնախավի խնդրո առարկա հարցերում պրոֆեսիոնալիզմի չափանիշներին մոտ լինելու մասին: Վերջերս տված իր հարցազրույցներում այս անմխիթար իրողությունը հաստատում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյո՞ք ակնկալում է լուրջ աշխարհաքաղաքական վերաբաժանումներ եվրասիական տարածքում, պրն Սարգսյանը պատասխանում է. «Այդպիսի ընդհանրացումներ անելու համար անհրաժեշտ է ունենալ լուրջ վերլուծական կառույցներ, որոնք մենք, ցավոք, չունենք: Եվ առհասարակ, այդ մասին լուրջ խոսելու համար պետք է համապատասխանորեն լուրջ տեղեկատվություն, որով մենք առանձնապես հպարտանալ չենք կարող»2: Մի քանի ամիս անց մեկ այլ թղթակցի տված նմանատիպ հարցին, թե՝ «Հակաահաբեկչական պայքարի հետագա ծավալումը վտանգների առաջ չի՞ կանգնեցնի կոնկրետ մեր երկիրը», տրվում է նմանատիպ մեկնաբանություն՝ «Լիարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ է լիարժեք ինֆորմացիա: Մենք այդպիսի լիարժեք ինֆորմացիայի հնարավորություն չունենք»3:
     Հայաստանի պետության ու հայ քաղաքական ուժերի հովանավորությամբ եւ ֆինանսավորմամբ գործող վերլուծական կենտրոնները խիստ օգտակար կլինեն եւ՛ որոշում ընդունողների, եւ՛ հասարակության համար նրանով, որ կբացահայտեն ու կքննեն Հայաստանի անվտանգության յուրահատուկ իրադրությունը՝ իր մանրամասնություններով եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով հանդերձ: Այդ կենտրոնների գլխավոր գործը լինելու է հայ ռազմավարական մտքի քայլ առ քայլ ձեւավորումը: Ընդ որում՝ միջազգային հարաբերությունների եւ ռազմավարագիտության գծով մասնագիտացող հայկական ակադեմիական դպրոցի կենտրոնը պետք է լինի Երեւանում, քանի որ Հայաստանից դուրս այդպիսի խնդիր լուծել հնարավոր չէ:

- Էջ 119 -

Հայ ռազմավարագիտության հիմնական ուղղությունները

     Տեղեկատվական-վերլուծական. անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ վերլուծություններով սպասարկել Հայաստանի ազգային անվտանգության ընդհանուր կառույցը, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարությունը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը:
     Տեղեկատվական-քարոզչական. միջազգային ասպարեզում ադրբեջանական կողմի ծավալած լայնամասշտաբ քարոզչության չեզոքացում, Հայաստանի (ներառյալ Արցախի) տեսակետների հետեւողական եւ անընդհատ քարոզում, ընդ որում՝ արեւմտյան ունկնդրին առավել ընդունելի մատուցման եղանակներով:
     Ռազմատեսական. Հայաստանի ԶՈՒ սպայական կազմի եւ կուրսանտների տեսական պատրաստության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված տեղեկատվական-հրատարակչական-թարգմանական գործունեություն, այդ թվում՝ ծանոթացում դասական եւ նորագույն ռազմական տեսություններին ու զարգացումներին:
     Գաղափարական-ռազմահայրենասիրական. ռազմահայրենասիրական գաղափարների եւ ավանդույթների քարոզում Հայաստանում եւ սփյուռքում՝ հատկապես աճող սերնդի շրջանում:

Հայ ռազմավարագիտության օրակարգը

     Ստորեւ ուրվագծում ենք այն կարեւոր հարցերը, որոնք պետք է դառնան հայ ռազմավարագիտության՝ ակադեմիական մակարդակով կատարելիք ուսումնասիրությունների առարկա: Սրանք այն հարցերն են, որոնք առավել շատ են առնչվում (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) Հայաստանի ռազմավարական իրադրությանն ու խնդիրներին:

1. Հայաստանի զինված ուժերը եւ հայ հասարակությունը

     1.1. Հայաստանի ռազմավարական հայեցակարգի բազմակողմանի մշակումներ.

- Էջ 120 -


     1.2. Հայաստանի՝ պոտենցիալ ագրեսորին զսպելու եւ հետ պահելու (deterrence-ի) ինքնուրույն կարողությունների ճշտումներ.
     1.3. Հայկական բանակի կառուցվածքային բարելավումների մշակումներ՝ գործող բանակի, ռեզերվի եւ սպայակույտի քանակի եւ կազմության վերաբերյալ.
     1.4. Այլ պետությունների, հատկապես Իսրայելի եւ Շվեյցարիայի բանակների կառուցվածքի, կանոնադրության եւ զինծառայության պայմանների համեմատական ուսումնասիրություններ. այդ բանակների փորձի եւ մոդելի զանազան տարրերը Հայաստանում կիրառելու նպատակահարմարության մանրամասն պատճառաբանված հիմնավորումներ կամ ժխտումներ.
     1.5. Հայ զինվորի հոգեբանության ուսումնասիրություններ եւ այդ հոգեբանությանը համապատասխանող ոչ ավանդական միջոցների մշակումներ՝ կարգապահությունն ամրապնդելու, դասալքությունը բացառելու եւ բանակում զինակցական-եղբայրական ընդհանուր մթնոլորտ ապահովելու նպատակով.
     1.6. Դպրոցներում եւ բուհերում ռազմակրթական կենտրոնների գործունեության ծրագրավորում.
     1.7. Հայկական բանակի համազգեստի եւ տարբերանշանների նոր՝ ազգային խորհրդանիշեր ու տարազի տարրեր պարունակող մշակումներ.
     1.8. Մշակումներ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի ծրագրի, առարկաների եւ հեռանկարային զարգացման վերաբերյալ.
     1.9. Հայկական բանակի հետագա բարելավմանն ուղղված պատճառաբանված առաջարկություններ:

2. Տարածաշրջանի պետությունների եւ Այսրկովկասում շահեր
ունեցող այլ տերությունների զինված ուժերը
եւ նրանց ռազմական հայեցակարգերը



- Էջ 121 -



3. Ժամանակակից ռազմավարական միտքը եւ Հայաստանը

     3.1. «Հեղափոխությունը ռազմական ոլորտում» եւ դրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքները Հայաստանի համար.
     3.2. Հայաստանը եւ ռազմավարության ու աշխարհաքաղաքականության արդի տեսությունները:

4. Ղարաբաղյան հակամարտության կարգավորում

     4.1. Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների վերլուծություն.
     ա) խաղաղ լուծումներ (ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթաց, խաղաղ կարգավորման այլընտրանքային ծրագրեր).
     բ) պատերազմական լուծումներ.
     4.2. Արցախի հայկականությունը փաստող պատմաիրավական համապարփակ թղթապանակի կազմում.
     4.3. Միջազգային իրավունքը ինքնորոշման ու ինքնապաշտպանության մասին եւ Արցախի ազատագրումը
     4.4. Արցախի եւ Նախիջեւանի պատմական ժողովրդագրությունը:

5. Հայոց զինված ուժերի եւ ռազմարվեստի պատմությունը
հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը

     5.1. Հայոց պատմության դպրոցական եւ բուհական դասագրքերում ռազմական պատմությանը վերաբերող բաժինների եւ լրացումների ստեղծում.

6. Հայաստան-սփյուռք հարաբերությունները
եւ Հայաստանի անվտանգությունը

7. Հայկական ցեղասպանությունը եւ
Հայաստանի անվտանգությունը

8. Կասպիական նավթի ազդեցությունները տարածաշրջանի
զարգացման եւ աշխարհաքաղաքականության վրա



- Էջ 122 -



9. Ադրբեջան. զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը,
հասարակությունը, տնտեսությունը, փոքրամասնությունների խնդիրը

10. Վրաստան. զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը,
հասարակությունը, տնտեսությունը, հայ եւ
մյուս փոքրամասնությունների խնդիրը

11. Թուրքիա

     11.1. Զինված ուժերը եւ ռազմական հայեցակարգը.
     11.2. Քաղաքական կուսակցությունները եւ նրանց տեսակետները Թուրքիայի
աշխարհառազմավարությունների մասին.
     11.3. Հայկական ցեղասպանության այլեւայլ ժխտումներ եւ արդարացումներ.
     11.4. Թուրք-ադրբեջանական հարաբերությունները.
     11.5. Թուրք-վրացական հարաբերությունները.
     11.6. Թուրք-սիրիական հարաբերությունները.
     11.7. Թուրք-ռուսական հարաբերությունները.
     11.8. Թուրք-ամերիկյան հարաբերությունները.
     11.9. Թուրք-հունական հարաբերությունները.
     11.10. Թուրք-իսրայելական հարաբերությունները:

12. Քրդական խնդիրը եւ Հայաստանի անվտանգությունը

     12.1. Քրդական բանվորական կուսակցության պարտիզանական պատերազմը եւ թուրքական բանակի հակապարտիզանական մարտավարությունը.
     12.2. Քրդական խնդրի՝ Հայաստանի համար վտանգավոր հնարավոր զարգացումների կանխորոշումներ եւ դրանց համապատասխանող միջոցառումների կանխավ ծրագրավորում:

13. Ռուսաստան

     13.1. Զինված ուժերը եւ ռազմական հայեցակարգը.
     13.2. ՆԱՏ0-Ռուսաստան հարաբերությունները եւ դրանց հնարավոր հետեւանքները Հայաստանի համար.

- Էջ 123 -


     13.3. Քաղաքական կուսակցությունները եւ նրանց տեսակետները Ռուսաստանի աշխարհառազմավարությունների մասին.
     13.4. Ռուս-ադրբեջանական հարաբերությունները.
     13.5. Ռուս-վրացական հարաբերությունները.
     13.6. Ռուս-չեչենական հակամարտությունը եւ դրա ազդեցություններն Այսրկովկասի վրա:

14. Իրան

     14.1. Զինված ուժերը եւ ռազմական հայեցակարգը.
     14.2. Իրանա-ադրբեջանական հարաբերությունները.
     14.3. Իրանա-թուրքական հարաբերությունները.
     14.4. Իրանա-ամերիկյան հարաբերությունները.
     14.5. Իրանա-ռուսական հարաբերությունները.
     14.6. Իրանի թրքախոս, քուրդ փոքրամասնությունները:

15. Արեւմտյան մամուլի եւ միջազգայնագիտական հրատարակությունների
արտադրանքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղյան
խնդրի մասին

     15.1. Միջազգային ասպարեզում թուրք-ադրբեջանական եւ արեւմտյան քարոզչության դեմ վարվելիք երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերի եւ առաջարկությունների մշակում:

16. Կիպրոսի հակամարտությունը եւ բանակցությունների ընթացքը

17. Արաբ-իսրայելական հակամարտությունը եւ բանակցությունների
ընթացքը

18. Բոսնիա. Դեյթոնի պայմանագրերը եւ դրանց կիրառման գործընթացը



19. Կոսովոյի պատերազմը եւ հետեւանքները



- Էջ 124 -



20. Ռազմավարությանն ու անվտանգությանը վերաբերող դասական եւ
ժամանակակից գրականության հայերեն թարգմանություններ
եւ դրանց հրատարակություն

21. Ռազմավարագիտության եւ անվտանգության տերմինների հայերեն
բացատրական եւ եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն)
բառարանների ստեղծում

     Պատմագիտական, ժողովրդագրական կամ իրավական բնույթ ունեցող թեմաների (օրինակ՝ Հայաստանի ռազմական պատմության եւ ժողովրդագրության) ուսումնասիրությունը պահանջելու է գիտական պատրաստվածություն, որ Հայաստանում կա եւ բավարար չափով զարգացած է: Նախնական որոշակի ուղղություն ստանալուց հետո՝ հայրենի պատմաբաններից, ժողովրդագրագետներից եւ իրավաբաններից շատերը կարող են հաջողությամբ հեղինակել վերը նշված թեմաների մի մասը: Սակայն թեմաների մեծ մասը մտնում է արդի միջազգային հարաբերությունների, ռազմավարագիտության, ռազմաքաղաքական սոցիոլոգիայի ու հոգեբանության բնագավառների մեջ:
     Կրկնենք, սակայն, որ Հայաստանում ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ նրանից դուրս, վերը նշված թեմաներից որեւէ մեկը գիտական համակարգված վերլուծության չի ենթարկվում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     1. Ken Booth and Eric Herring, Keyguide to Information Sources in Strategic Studies (London: Mansell, 1994), pp. 9-11, 18.
     2. "ճպՎ ՊՈսՖՔպ, ՑպՎ ՏքցՑՌՎպպ Պս� վՈՐՏՊՈ ոցՊպՑ ՑՏ, փՑՏ ՊպսՈպՑր� րպռփՈր", թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 9 ՏՍՑ�ոՐ� 2001:
     3. Սերժ Սարգսյան, «Անում եմ այն, ինչ պարտավոր եմ...» (ՀՀ պաշտպանության նախարարի բացառիկ հարցազրույցը «Ազգ»-ին). - Ազգ, 21 փետրվարի 2002:

- Էջ 125 -



Գլուխ 4           Գլուխ 6